Citylife.am- Նախ խոսենք Ձեր նոր տեսահոլովակի մասին, որը շուտով կհանձնեք հանդիսատեսի դատին, ինչի՞ մասին է երգն ու ինչպե՞ս ընտրվեց այն։
Արսեն- Այն իմ հեղինակային երգն է, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը ես եմ, գործիքավորումը Սերգեյ Հովհաննիսյանինը, ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, իսկ օպերատորը Սուրեն Թադևոսյանը։ Թեթև ուրախ տրամադրության երգ է, որն առաջին հայացքից սիրահարվողի մասին է։ Գեղեցիկ, սիրուն կնոջ մասին է, որի դերը մարմնավորեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Երբ սկսվեցին աշխատանքները ինձ շատ օգնեց Էրիկ Կարապետյանը։ Մեզ պետք էր տեսահոլովակ, որի միջոցով երգը կներկայացնենք հանրությանը, բարդ սցենարային լուծումներ տալն անիմաստ էր։ Աշխատանքի արդյունքում ստացվեց ուրախ տեսահոլովակ, որի ամբողջ ընթացքը նկարահանման պահերն են։ Ես հույս ունեմ, որ երգի միջոցով մարդկանց դրական էներգիա կփոխանցենք։
Citylife.am- Տևական ժամանակ է, որ հարցազրույցներ չէիք տալիս, ինչ-որ խնդի՞ր կար։
Արսեն- Ես միշտ նմանատիպ առաջարկներ ունեցել եմ, բայց որպես երգիչ նախնտրում եմ ինչ-որ նյութ լինի նոր խոսեմ, հենց այնպես դատարկ խոսել չեմ սիրում։
Citylife.am – Լինում են դեպքեր, երբ երգիչը երկար ժամանակ ներկայանալով նույն ոճի մեջ, հանդես է գալիս նորովի։ Հնարավո՞ր է, որ առաջիկայում Ձեզ ևս տեսնենք այլ ոճում։
Արսեն– Ո՛չ, ես չեմ պատրաստվում ինքս ինձ շատ փոփոխությունների ենթարկել, որովհետև ես ինքս այդ տեսակը չեմ և կարիքն էլ չունեմ։ Իմ դեպքում նորություն ասվածը կարող եմ համեմատել հենց այս երգի հետ, քանի որ նման երգ չեմ ունեցել և կողմ եմ նման փոփոխությունների կամ նորությունների։ Ես ինձ չեմ պատկերացնում ռեպ կամ ջազ երգելիս, այսինքն ես ինքս չեմ մտնի նման ոճի մեջ միայն նրա համար, որ դուր գամ հանդիսատեսին։
Citylife.am- Կարծիքները շատ են, որ ռեստորաններում երգող երգիչները չունեն համապատասխան կրթություն և աղավաղում են երգարվեստը, ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին։
Արսեն- Ինքս միշտ առնչվել եմ ռեստորանների կամ ակումբների հետ, և այսօր էլ աշխատում եմ։ Իմ կարծիքն ունեմ, որ նույնիսկ հակառակը՝ ռեստորաններում աշխատող շատ երգիչներ ունեցել և ունեն այն երաժշտական բազան, որի շնորհիվ կարողանում են շատ ճկուն կերպով ներկայանալ։ Հիմնականում նրանք, ովքեր երկար գործունեություն են ծավալել այնտեղ, իսկապես տիրապետում են երաժշտական մեծ բազայի, այնպես որ չեմ կիսում այդ կարծիքը։
Citylife.am- Ո՞րն է այն հարթակը, որտեղից միշտ ցանկացել եք հանդես գալ։
Արսեն- Միանշանակ համերգներ, որոնք տեղի են ունենում դահլիճներում, համերգասրահներում։ Վերջերս այդ ցանկությանը գումարվել է նաև ակումբային համերգները, որոնք արդեն ունեցել եմ։ Կարծում եմ երգիչը պետք է երգեցողության մասին երազի, հանդիսատեսի հետ շբման մասին կարող է երազել։ Մեծ կամ փոքր հարթակն էական չէ, կարևորը կենդանի հնչողությունը և երաժիշտների նվագակցումն է։ Ես կցանկանայի սփյուռքի հայաշատ վայրերում հաճախակի համերգներ ունենայինք, քանի որ իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ նրանք կարոտ են այդ ամենին։
Citylife.am- Ունե՞ք կուռքեր արտասահմանյան կամ հայկական երաժշտաասպարեզում։
Արսեն– Կուռքեր որպես այդպիսին չունեմ, կան մարդիկ, ովքեր իրենց արվեստով ինձ դաստիարակել են և ես ուրախ եմ դրա համար։ Կան հեղինկաներ, ովքեր մեծ ավանդ են ունեն հայ երգարվեստում, և ես հաճախակի եմ թերթում և լսում իրենց երգերը, քանի որ դրանք ինձ ուժ են տալիս ստեղծագործելու, ճիշտն ու սխալն իրարից տարբերելու։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/