Երեկ հայ ազգի պարծանք Շառլ Ազնավուրը տոնեց իր ծննդյան 94-ամյակը: Մայիսի 22-ին աշխարհի տարբեր անկյուններում ու հատկապես Հայաստանում և Ֆրանսիայում նշվում է շանսոնյեի ծնունդը: Ֆրանսիական շանսոնը բոլոր ժամանակներում չգերազանցված կլինի՝ շնորհիվ Ազնավուրի: Նա շանսոնը հանեց կաբարեների միջավայրից ու դարձրեց դասական արվեստ՝ հասցնելով մինչև աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներ ու բեմեր: «Դուք կնվաճեք աշխարհը, քանի որ հուզել գիտեք»,- ասել է Շառլ դը Գոլը Շառլ Ազնավուրին: Այժմ ներկայացնենք մի քանի պատճառ, թե ինչու հպարտանալ Ազնավուրով:
Ազնավուրի շնորհիվ աշխարհն իմացավ քարտեզի վրա Հայաստանի տեղը
«Ես կիսով չափ հայ եմ և կիսով չափ ֆրանսիացի: Ես նման եմ կաթով սուրճի, երբ կաթը սուրճից առանձնացնելն ուղղակի անհնար է»,-ասել է Ազնավուրը: Նա միշտ հպարտությամբ է նշել իր ծագումը, ընդգծել, որ իր տեսակի համար պարտական է իր հայկական արմատներին, էրզրումցի հոր ու իզմիրցի մոր դաստիարակությանը: Ազնավուրն իր փառքի ճանապարհին տարբեր բեմերում ու հարցազրույցներում մշտապես հնչեցրել է Հայաստան անունը, պատմել Հայոց ցեղասպանության մասին, նաև, թե ինչու են ինքն ու իր նման միլիոնավոր հայեր հայրենիքը կորցրած՝ հայտնվել օտար երկրներում:
Շանսոնի արքան՝ հայ
Շանսոնի մայրենի լեզուն ֆրանսերենն է: Ինչքան էլ ռուսները կոկորդ պատռեն, միևնույն է, շանսոնը ստեղծված է ֆրանսերենի համար, ինչպես կրուասանը կամ Էյֆելը՝ Փարիզի: Հայերս հպարտանում ենք, որ «Շանսոնի արքա» տիտղոսակիրը ոչ թե ֆրանսիացի է, այլ հայ: Նրա երգերը յուրովի մատուցել, էքսպերիմենտներ անել կարող են, բայց նրան գերազանցել կամ նմանակել՝ երբեք:
Հիմնադրամ՝ «Ազնավուրը` Հայաստանին»
1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Ազնավուրը Փարիզում ստեղծեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, որի ներկայացուցչությունը 1993-ին բացեց նաև Հայաստանում: Ազնավուրը բազմիցս եկել է Հայաստան՝ անձամբ տեսնելու, թե ինչ կյանքով է ապրում աղետի գոտին, ինչպես է փորձում ոտքի կանգնել: Նա նվիրատվություններ է անում ու բարեգործական համերգներ կազմակերպում՝ հասույթը փոխանցելով երկրաշարժից տուժածներին:
Ազնավուրն ամենաճանաչված ու պահանջված հայ արվեստագետն է
Նա գրել է ավելի քան 1000 երգ, նկարահանվել 60 ֆիլմերում: 100 միլիոն ձայնասկավառակ է վաճառել: Նա «20-րդ դարի լավագույն արվեստագետ» տիտղոսակիրն է, Հայաստանի Ազգային հերոս: Ազնավուրի երգերն այնքան սիրված ու պահանջված են, որ դրանք բացի իրենից, կատարել են նաև Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Ջո Դասենը, Էդիտ Պիաֆը, Հուլիո Իգլեսիասը, Շերը և այլն: Ազնավուրի հետ երգել են Լուչիանո Պավարոտին, Պլաչիդո Դոմինգոն, Լայզա Մինելին, Միրեյ Մաթիոն, Պատրիսիա Կաասը:
94-ամյա Շառլը շարունակում է երգել
Նա 94 է ու էլի երգում է: 21-րդ դարի լեգենդի համերգներն ամենասպասված իրադարձություններն են բոլոր երկրներում: Ազնավուրը համերգային վերջին շրջագայություն է կատարում: Ելույթից դեռ ամիսներ առաջ տոմսերն սպառված են լինում: Բոլորը ջանում են թեկուզ մի պահ բեմի վրա տեսնել արտիստին ու հիշարժան ակնթարթով հպարտանալ ամբողջ կյանքում: Ազնավուրը մոլորակի ամենամեծ հայն է:
Նյութը՝/Citylife.am/