Մենք երջանիկ երկրի, երջանիկ քաղաքացիներ ենք. Մխիթար Քեթցյան

Երկար ժամանակ էր, ինչ պետք է հանդիպում ունենայի <<Հայրենի երգ>> ժողովրդական երգի ստուդիայի գեղարվեստական ղեկավար, երգիչ, երգահան Մխիթար Քեթցյանի հետ, սակայն երկրում տիրող իրավիճակը թույլ չէր տալիս. այսօր ստացվեց մեր հանդիպումը, ու երբ սկսեցինք զրուցել, ակամայից անդրադարձանք մեր երեկվա հաղթանակին, ինչը նախաատեսված չէր: Պարոն Քեթցյանը նշեց, որ սա մեծ զարթոնք էր, մեծ հույս էր ապագայի նկատմամբ, և շատ կարևոր հանգամանք է, որ այս ամենի հիմքում կանգնած էին երիտասարդները: Նա նաև նշեց, որ այս ընթացքում միշտ հետևել է իրադարձություններին ու արցունքներն աչքերին սպասել է այս հրաշքին:

Citylife.am- Ժողովուրդը երաժշտական մշակույթ ստեղծում է և՛ քաղաքներում, և՛ գյուղերում: Այս երկու տարբեր միջավայրերում ստեղծված երաժշտական մշակույթի դրսևորումները տարբերվում են միմյանցից, ըստ Ձեզ որո՞նք են այդ տարբերությունները:

Պրն. Քեթցյան– Առհասարակ մեր ազգային մշակույթի հիմքը հանդիսանում է գյուղական միջավայրը: Ես չեմ ասում, որ քաղաքում մշակույթ չի ստեղծվում, բայց խոսքը բուն մեր ազգային մշակույթի մասին է: Տարբերությունը և՛ տեքստային կարող է լինել, և՛ երաժշտամտածողության հետ կապված:

Citylife.am – Ժամանակի ընթացքում մարդիկ երգում են երգը՝ զտելով նրանցից այն, ինչը հարազատ է իրենց, և այդ ժամանակի ընթացքում կարծես մոռացվում է երգի հեղինակը, քանի որ մարդիկ հիշում են երգի էությունը, ի՞նչ անել, որպեսզի հեղինակը միշտ հիշվի:

Պրն. Քեթցյան– Աշուղական երգերն այս առումով ապահովագրված են, որովհետև եթե ուշադրություն դարձնենք աշուղական երգի տեքստին, այնտեղ հեղինակն անպայման վերջի տան մեջ իր անունը նշում է: Այսինքն այդ խնդիրը չկա, որ հեղինակը կարող է մոռացվել, կամ չհիշվել, ինչ վերաբերվում է ժողովրդական երգի նմուշներին, որոնց հեղինակներն առհասարակ հայտնի չեն, դրանք արդեն իսկ հայտնի չեն մեզ, այստեղ ուղղակի տվյալ ժամանակաշրջանն է
իր ազդեցությունը թողնում: Այն գործերը, որոնք արվում են ճաշակով և բարձր պրոֆոսիոնալիզմով, սիրվում են հանդիսատեսի կողմից և դառնում մնայուն արժեքներ:

Citylife.am – Ասում են՝ յուրաքանչյուր երկիր ունի իր երաժշտական լեզուն, ո՞րն է հայ երաժշտության լեզուն:

Պրն. Քեթցյան– Հայ երաժշտության լեզուն առաջին հերթին հայկական հնչերանգն է, որի ապացույցը տվել է Կոմիտասը: Այդ առումով մեր ժողովուրդը պետք է ամեն վայրկյան խոնարհվի մեր մեծ հանճարի առաջ: Կա բանալին, այստեղ կարևորը դաստիարակությունն է, պրոպագանդան, ժողովրդական երգի ճիշտ ներկայացումը: Դեռ օրորոցից պետք է սերմանել երեխային, ես վստահ եմ այս զարթոնքը, որ տեղի ունեցավ, ամեն հարց իր տեղը կդնի: Այն ինչ-որ ցուցադրում էին մինչև այս հեռուստաեթերներումայդ նախագծերը կամ ցածրաճաշակ երգերը, և հանրությանն ուզում էին համոզել, որ սա է մեր երգը, դա մարդկանց անորոշության մեջ է գցում։ Հիմա ես վստահ եմ, որ շատ բան պետք է փոխվի մեր առօրյայում, մեր կյանքում և առհասարակ մշակութային կյանքում:

Citylife.am – Ժամանակակից գործիքավորումներով փորձում են Կոմիտասի երաժշտությունը նորովի ներկայացնել ունկնդիրներին, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:

Պրն. Քեթցյան– Ես այդքան շատ պահպանողական չեմ, քիչ առաջ օրինակը բերեցի, որ եթե դրանք արվում են բարձր պրոֆոսիոնալիզմով, ապա դա ողջունելի է: Մենք այդպիսի օրինակներ ունենք՝ աշխարհահռչակ ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը, ով մեր բազամաթիվ ժողովրդկան երգերից ներկայցրել է ջազային մշակմամբ։ Այստեղ կարևորը լուրջ պրոֆոսիոնալ մոտեցումն է:

Citylife.am – Երաժշտությունը դաստիարակում է, կրթում մարդուն: Որպես կերտող գործիք` երաժշտությունն ի՞նչպես պետք է գործածել ազգանվեր ու հայեցի սերունդ դաստիարակելու համար:

Պրն. Քեթցյան- Մենք բազմաթիվ ազգային երգի գոհարներ ունենք, դրանք այնքան շատ են, որ յուրաքանչյուր ազգ կերազեր ունենալ այդպիսի մեծ ձայնադարան: Այստեղ ուղղակի ճիշտ պետական քաղաքականության մոտեցումն է կարևոր: Մենք երբ որ ունենանք լավ պետություն, լավ երկիր, իսկ վստահ եմ, որ մենք հիմքը դրել ենք, այդ ժամանակ բոլոր հարցերը կհամակարգվի:

Citylife.am- Հայ ժամանակակից սերնդի մեջ տեսնու՞մ եք այն բացառիկներին, ովքեր ստեղծել են, կամ կարող են ստեղծել անմահ ստեղծագործություններ:

Պրն. Քեթցյան– Իհա՛րկե կան, մեր ժողովուրդը միշտ էլ ծնել է հանճարներ: Այսօրվա այս զարթոնքի համար մենք նախ պարտական ենք մեր երիտասարդներին, որոնց, չգիտես ինչու, ամեն անգամ ասում էինք՝ էս ինչ սերունդա մեծանում, բա մեր ժամանակ այդպես էր: Եվ այս սերունդն ապացուցեց, թե իրենք ինչքան առաջ են: Բնականաբար այդ հրաշք երիտասարդության մեջ անպայման կլինեն և կան հանճարեղ մարդիկ: Նրանց ուղղակի գտնել և ճիշտ ուղու վրա դնել է պետք:

Citylife.am – Եվ վերջում անդրադառնանք այն թեմային, որը սկզբում ակամայից քննարկեցինք: Արդյո՞ք այս հաղթանակն սպասված էր և ի՞նչ դիրքորոշում ունեիք դուք այս ընթաքում:

Պրն. Քեթցյան– Ես ինքս այդպես շատ հանրային միջոցառումներին չեմ մասնակցել, բայց ոչ թե նրա համար, որ ցանկություն չի եղել, այլ հակառակը: Մեծ ոգևորությամբ եմ հետևել ամբողջ ընթացքին, հուզմունքով, արցունքը աչքերիս: Չեմ կարծում, որ այսօր մեր երկրում և առհասարակ աշխարհում կա մեկ հայ, ով չի հուզվել այս ամեն ինչով: Եվ ամենագնահատելին այս ամենի մեջ այն էր, թե ինչ քաղաքակիրթ ձևով արվեց, ինչ մեծ սիրով արվեց, իսկ դա ամենագնահատելին էր: Ես ուղղակի հպարտ եմ, ամեն վայրկյան Աստծուն ասում էի` շնորհակալ եմ, որ ես մասնակիցը եղա այս ամենի և տեսա այս զարթոնքը: Մենք երջանիկ երկրի, երջանիկ քաղաքացիներ ենք:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան/Citylife.am/