Մայիսյան հաղթանակների սկիզբը

Հայ ժողովրդի համար մայիս ամիսն առանձնահատուկ է, ինչպես ժողովուրդն է ասում՝ հաղթանակների ամիս է: Մայիսի 9-ը կրկնակի հաղթանակի օր է՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ և Շուշիի ազատագրում: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս երկու փառահեղ հաղթանակների օրվա կապակցությամբ: Այս տոնը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Հայոց ցեղասպանության վերքը դեռ չսպիացած` Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցեց չարիքի դեմ պայքարին: Հայ զինվորներն անցան Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով եւ իրենց ներդրումն ունեցան նացիզմի ջախջախման գործում` ստանալով թիկունքում մնացածների անձնուրաց աջակցությունը: Մերօրյա պատմության մեջ այդ հաղթանակների պսակը Շուշիի առումն ու Արցախի ազատագրումն էր: Ամեն տարի այս հրաշալի օրը մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները: Հուսալի ու անվտանգ մեր վաղվա օրը կերտելու համար մենք պետք է ճիշտ գնահատենք և այսօրվա աշխարհի իրողությունների ու մարտահրավերների տեսանկյունից իմաստավորենք մեր պատմական հաղթանակները` Ավարայրից մինչեւ Շուշի, գլուխ խոնարհենք բազմահազար այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ազգի ու հայրենիքի փրկության համար, հանուն ազատ եւ անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի: Կեցցե,՛ մեր Հայաստանն ու հաղթանակած հայը:

Նյութը՝ /Citylife.am/