
Արդեն տասն օրից ավել է, ինչ Հայաստանում տիրում են խաղաղ անհնազանդության ցույցերը։ Այս ամբողջ ընթացքում մեր նկարահանող խումբը եղել է դեպքի վայրերում և հետևել կատարվող իրադարձություններին, սակայն ոչինչ չենք հրապարակել, քանի որ կայքն ինքնին դրական է, և մենք սպասում էինք այն դրական և հաղթական պահին, որպեսզի խոսեինք այդ մասին։ Հայ ժողովուրդը, արդեն կարելի է ասել, հասել է իր նպատակին և մեծ հաղթանակի ճանապարհն անցել է միասնական կերպով` ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի։ Այս օրերի ընթացքում մենք տեսանք հայի այն տեսակը, ով պայքարող է, ուժեղ, սիրող ու ներող, անչափ հոգատար և խիզախ։
Ապրիլի 24-ին Հանրապետության հրապարակում և մի շարք այլ փողոցներում կատարվեց մաքրման աշխատանքներ։ Երիտասարդները հավաքում էին այն ամենը, ինչը աղտոտել էր փողոցները, սա վկայում էր նաև այն, որ հայ ժողովուրդն իր ամեն քայլի համար է պատասխանատու, անգամ մի փոքր թափված աղբի։ Ասում են` մի բուռ ազգ ենք մնացել, բայց այդ մի բուռն այսօր դարձել է մի բռունցք, որին ծնկի բերել այլևս հնարավոր չէ։ Սա երիտասարդների հեղափոխություն է, ովքեր ուզում են ապրել լուսավոր և արդար Հայաստանում։ Այս ընթացքում կային մարդիկ, ովքեր տանը նստած ասում էին, թե ոչինչ հնարավոր չէ փոխել, իսկ ամսի 23-ի հանրահավաքին պարզ դարձավ, որ մոտավորապես 500.000- մարդ հավատաց այս հեղափոխությանը, և հանրապետության Հրապարակը լցվեց սիրով և ժպիտով։ Մենք շարունակելու ենք մասնակցել շարժմանը և ամեն դրական նորության դեպքում Ձեզ ևս իրազեկել։ Սա ուրիշ Հայաստան է, որն արդեն եկել է:
Նյութը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/