Մենք ինչ էլ անենք, չենք նմանվի ոչ մեկի, և ոչ մեկ էլ մեզ չի նմանվի. <<Գողթ>>

<<Գողթ>> երաժշտական խումբն արդեն ճանաչված ու սիրված է շատերի կողմից և լայն գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, չնայած որ երկար ժամանակ չէ, ինչ այն ձևավորվել է։ Խմբի կազմում են Արման Պեշտմալջյան-դաշնամուր
Նարեկ Գասպարյան- թավջութակ
Զարեհ Գալստյան- թառ
Ստեփան-Տեր Ղևոնդյան- հարվածային գործիքներ, քահոն
Հայկ Կարոյի Կարապետյան- պարկապզուկ, պկու, բլուլ, դուդուկ։ Մեր զրուցակիցն է խմբի անդամ Հայկ Կարապետյանը։

Citylife.am- Ու՞մ մտահաղացումն էր ստեղծել նմանտիպ երաժշտական խումբ։

Հայկ– Բոլորիս մտահաղացումն էր, հենց հինգով էլ որոշեցինք, որ այսպիսի խումբ է լինելու ու եղավ։

Citylife.am- Ինչպե՞ս ընտրվեցին երաժիշտները. վաղու՞ց է ինչ իրար ճանաչում եք։

Հայկ– Խումբը ղեկավար չունի, և վաղուց է, ինչ ճանաչում ենք իրար, երկար ժամանակ է նվագում ենք իրար հետ, երաժշտությունից դուրս ընկերներ ենք։

Citylife.am- Այսօր շատ են այն երիտասարդները, ովքեր փորձում են նոր շունչ տալ մեր ազգային երաժշտությանը, ինչպե՞ս եք դուք աշխատում, որպեսզի չնմանվեք մնացածին և տարբերվեք Ձեր ոճով։

Հայկ– Բոլորս էլ անում ենք նման բաներ, դա շատ լավ է, սակայն մեր շնորհիվ էլ է այն տարածվում։ Մենք փորձում ենք մեր ուժերի ներածին չափով ցույց տալ այսօրվա երիտասարդությանը, թե ինչքան գեղեցիկ և հարուստ է մեր ազգային երաժշտությունը։
Մենք ինչ էլ անենք, չենք նմանվի ոչ մեկի, և ոչ մեկ էլ մեզ չի նմանվի։

Citylife.am- Խմբում միայն երաժիշտներ են, իսկ չկա՞ մտադրություն երգիչ ևս ընդգրկել խմբում։

Հայկ- Մենք համգործակցել և համագործակցում ենք տարբեր երգիչների հետ՝ Սոնա Ռուբենյանի, Գևորգ Մարգարյանի, ռեփեր Նարեկի և այլն։ Շատ երկրներ ենք համերգների գնացել՝ Գերմանիա, Թուրքիա, Արևմտյան Հայաստան, Կորեա, Չինաստան, Մոսկվա և այլն։

Citylife.am- Ի՞նչ է սպասվում առաջիկայում։

Հայկ- Այժմ նոր ալբոմի վրա ենք աշխատում, որը շուտով կթողարկվի։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/