Մարդիկ հաճախ կորցնում են իրար, որովհետև հետևողական չեն, հարաբերությունների մեջ. Աննա Ավանեսյան

Citylife.am- <<Սպասիր ինձ>> հաղորդաշարը կրկին վերադարձավ եթերի, ի՞նչն էր պատճառը, որ այն տևական դադար ունեցավ։

Աննա- Հայտնի է, որ հեռուստատեսության եթերային քաղաքականությունը պարբերաբար փոփոխվում է ՝ եթերն ավելի բազմազան դարձնելու նպատակով։ Այն շրջանում, երբ հաղորդումը փակվեց, ինձ ավելի հեղինակային հաղորդումների ժանրում տեսան, ինչի արդյունքում եթերում հայտնվեցին «Ճակատագրով՝ կին» եւ «Տան մեծը» հաղորդումները։ Հետագայում արդեն մի քիչ երկարեց հաղորդման վերադարձը, քանի որ նաև ռուսական կողմը փոփոխությունների շրջանում էր։ Նրանք ներքին փոփոխությունների խնդիր ունեին, և հիմա, երբ իրենց մոտ ամեն ինչ հստակ է և պարզ, նորից վերսկսվեցին մեզ հետ բանակցությունները, և մենք էլ հասկացանք, որ հիմա հաղորդումը վերսկսելու ճիշտ ժամանակն է։

Citylife.am- Ո՞րն է հաղորդման բուն նպատակը։

Աննա- Հաղորդման բուն նպատակն իհարկե մարդկանց գտնելն ու օգնելն է։ Հենց այս մարդասիրական գաղափարն են հաղորդման հիմքում դրել հեղինակները։ Եկեք, չմոռանանք, որ սա քսան տարվա պատմություն ունեցող նախագիծ է, որի նպատակը բարձր վարկանիշ գրանցելը չէ՝ նպատակը մարդկանց միավորելն է։

Citylife.am- Հաղորդումն ինքնին ուսուցանող է, ի՞նչ արձագանքերի է այն արժանացել այս ընթացքում։

Աննա– Եթե գտնում եք, որ ուսուցանող է, ապա հիմնականը, որ պետք է սովորել այս նախագծից, մտերիմների, հարազատների հանդեպ պատասխանատվությունն է։ Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ հաճախ կորցնում են իրար, որովհետև հետևողական չեն, հարաբերությունների մեջ պատասխանատվություն չունեն։ Արձագանքները միշտ շատ լավն են եղել, որովհետև առաջնայինը մարդկանց սրտին դիպում է այդ էմոցիոնալ կողմը, և եթե նույնիսկ հեռուստատեսային իմաստով փոքր թերություններ են լինում, դա չի նկատվում, այլ ծածկվում է իր էմոցիոնալ բաղադրիչով։

Citylife.am- Աննա՛, դուք նույնպես որոշ ժամանակ էկրաններին չէիք երևում, ո՞րն էր պատճառը։

Աննա– Պատճառները տարբեր են եղել։ Եղել են շրջաններ, երբ ես զբաղվել եմ այլ գործունեությամբ, բայց վերջին 5-6 տարիներին ես գրեթե անդադար եթերում եմ եղել։ Ես մի կարևոր սկզբունք ունեմ, եթե հետաքրքրված չեմ այս կամ այն նախագծով, ես երբեք դրան չեմ մասնակցում։ Այդ իմ դադարների ժամանակ ունեցել եմ առաջարկներ, բայց գտել եմ, որ իմ մասնակցությունը տվյալ նախագծում նպատակահարմար չէ։ Սա մեծամտություն չէ, այլ ներքին զգացողություն, որ ես կամ դա չեմ կարող անել, կամ էլ չեմ ուզում։

Citylife.am- Բացի <<Սպասիր ինձ>> հաղորդաշարից ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում հիմա։

Աննա-Այս հաղորդման ծավալն արդեն բավականին մեծ է, և չեմ կարծում, որ կարող եմ միաժամանակ ինչ-որ այլ բան անել, սակայն հեռուստատեսությունում ես ունեմ զբաղվածություն, անկախ նրանից եթերում եմ, թե ոչ։ Մի նախագիծ կա, որ մենք անում ենք ոչ եթերի համար, այլ հանրայինի արխիվի համար։ Հնարավոր է՝ ինչ-որ պահ գա, որ այս նախագիծը և <<Տան մեծը>> միաժամանակ արվեն։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան \Citylife.am\