Citylife.am-ի զրուցակիցն է «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը:
Citylife.am- Մեր օրերում կան մարդիկ, ովքեր փարձում են ոտնահարել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները, ո՞վ է պաշտպանում նրանց իրավունքները։
Սերյոժա- Հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների ոտնահարումը կարող է սկիզբ առնել տանից, փողոցից, բակից, դպրոցից, միջավայրից և այդպես շարունակ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այն նույն իրավունքներն, ինչ մյուսները: Որևէ օրենք կամ կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց համար չի սահմանում նոր իրավունքներ: Այսօր կարծես ստեղծվել են պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք ևս ունենան ներգրավվածություն հասարակական կյանքի լայն շերտերում, ինչպես մասնակցային, այնպես ինքնադրսևորման նոր ձևերով։ Դրանք արտահայտվում են հասարակական գործունեությամբ, ազատ տեղաշարժման իրավունքով, ինչպես նաև կարծրատիպերի և արմատացած մոտեցումների վերանայմամբ և բացառմամբ։ Այնուամենայնիվ, պետությունը դեռևս չի կարողանում լիարժեք ապահովել և երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, շահերի պաշտպանությունը։ Այս բացը լրացնում են հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքների խնդիրներով և շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունները և նման գործունեություն ծավալող այլ կառույցներ:
Citylife.am- Այսօր կարծես ստեղծվել են պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք ևս ներգրավվեն հասարակության մեջ, սակայն ի՞նչ աշխատանքային երաշխիքներ ունեն հաշմանդամություն ունեցող անձիք:
Սերյոժա- Որպես այդպիսին, «աշխատանքային երաշխիքներ» ձևակերպումը այդքան էլ տեղին չէ։ Այն ավելի շատ հանդես է գալիս, որպես սոցիալական երաշխիք, քանի որ հենց սոցիումով է պայմանավորված այն, և աշխատանքը ևս սոցիալական ինստիտուտի մի ձև է։
Citylife.am- Ի՞նչ արտոնություններ ունեն հաշմանդամներն ուսումնական հաստատություն ընդունվելիս:
Սերյոժա- ՀՀ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքի համաձայն, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք, և հաշմանդամություն ունեցող երեխաներն ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից:
Թեև Հայաստանում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի և որակյալ կրթություն տալու նպատակով պետք է լուրջ և հետևողական աշխատանքներ տարվեն, որպեսզի Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի դասախոսներն ինչպես հարկն է պատրաստված լինեն հաշմանդամություն ունեցող ուսանողների հետ, նորմալ և բնականոն ուսումնական հարաբերություններ ստեղծել, այնուամենայնիվ դեռևս այս խնդիրը շարունակում է մնալ բաց: Այս առումով կարելի է դրսից, հատկապես աշխատանքային հարաբերությունների փորձ ունեցող զարգացած երկրներից, հրավիրել մասնագետներ, ովքեր իրենց հարուստ և առաջադեմ փորձը կփոխանցեն մեր դասախոսներին: Սա էլ պետք է համարել այն կարևորագույն և արդյունավետ ճանապարհներից մեկը, որը հնարավորություն կտա Հայաստանում հաշմանդամություն ունեցող ուսանողներին չօտարվել իրական միջավայրից, զգալ իրենց հասարակության լիարժեք անդամներ:
Citylife.am- Դուք այն մարդկանցից եք, ով նման հիվանդություն ունեցող մարդկանց ապրելու մեծ հույսեր և հնարավորություն է տալիս, երբ տեսնում եք նրանց առողջական բարելավումը, ի՞նչ է կատարվում ձեր հոգում։
Սերյոժա- Յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող երեխայի առողջական բարելավման հետ ես ակամայից վերապրում եմ իմ ու ընտանիքիս տարած զգացողությունները, այն ուրախությունն ու ոգևորությունը, որ տեսնում եմ ամեն մի հաշմանդամություն ունեցող երեխայի, ծնողի աչքերում և ավելի եմ գնահատում բարության ամեն մի կաթիլն։
Citylife.am- Ձեզ համար դժվա՞ր էր սկզբնական շրջանում ներգրգրավվել հասարակության մեջ։
Սերյոժա- Հասարակության մեջ իմ ներառումը զանազան և բարդ իրավիճակներով է ընթացել։ Սկսած բակում խաղալու հանգամանքից, շարունակական, դպրոց ընդունվելու խնդիրներով և բուհական կրթական համակարգ մտնելու խոչընդոտներով։
Citylife.am- Ի՞նչն է Ձեզ ստիպում մշտապես պայքարել առաջ գնալու համար։
Սերյոժա- Այն, որ գիտակցում եմ, որ պիտի ապրեմ, և ապրում եմ հանուն այն գաղափարի, որ չափազանց կարևոր է օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց ու հատկապես երեխաներին, նրանց ընտանիքներին՝ իհայտ եկած խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար, դա արդեն իսկ ավելի է պարտավորեցնում ինձ։ Ես շարունակ մտածում եմ այդ երեխաների առօրյան գեղեցիկ ու հետաքրքիր դարձնելու և օր առաջ ծագած խնդիրներին ճիշտ լուծումներ տալու մասին և փնտրում եմ նոր ուղիներ այդ գաղափարների իրագործման համար։
Citylife.am- Վերջում ուղղեք Ձեր կարևոր խոսքը այն հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով խուսափում են հանրության աչքին երևալուց։
Սերյոժա- Կցանկանայի առաջին հերթին խոսքս ուղղել հաշմանդամություն ունեցող ցանկացած երեխայի ծնողին, քանի որ հենց ընտանիքում է ձևավորվում երեխայի առաջին ու կարևոր կենսական շփումը․ Հավատացացե´ք, Ձեր երեխաներին, նրանց հետ ավելի շատ շփվեք, մի´ մեկուսացրեք նրանց երբեք ու, հաստատ, ամեն ինչ սպասվածից էլ լավ կլինի։ Որքան էլ , որ հասարակությունը կարծրատիպերից չի ձեռբազտվել, այնուամենայնիվ հասարակության մեջ ներառվելով՝ յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձ, ինչպես և ոչ հաշմանդամություն ունեցող, գտնում է իր համար նոր, ճիշտ ու հետաքրքիր ճանապարհ, միայն թե, ինքներդ Ձեր ուժերին վստահե´ք ու հավատացե´ք։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան/Citylife.am/