
Աշխարհի բոլոր Քրստոնյաներն այսօր երեկոյան և վաղը նշում են Քրիստոսի հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Տոնի առթիվ մենք զրուցեցինք Տեր Միքայել քահանա Նուրիջանյանի հետ։
Citylife.am- Ո՞րն է Զատիկի բուն խորհուրդը։
Տեր Միքայել– Զատիկի բուն խորհուրդը Քրիստոսի հարության տոնն է։ Զատիկ բառը նշանակում է զատվել, առանձնանալ։ Մենք տոնում ենք զատիկը, որ Քրիստոսը մահացածներից զատվեց, հարություն առավ։ Մենք տոնելով այս տոնը հավատում ենք, որ Քրիստոսի երկրորդ գալստին մենք էլ պիտի հարություն առնենք։
Citylife.am- Առաջ մարդիկ ձուն ներկում էին միայն կարմիր գույնով, իսկ հիմա տարբեր նախշազարդերով են դրանք զարդարում, արդյո՞ք դա սխալ չէ։
Տեր Միքայել– Նախշազարդերը կարելի է, բայց գույնը մենք պիտի պահպանենք, որովհետև կարմիր գույնը Քրիստոսի արյան գույնն է։
Citylife.am- Ի՞նչ խորհուրդ են իրենց մեջ կրում օրվա ուտեստները։
Տեր Միքայել– Ձուն, որպես ուտելիք աշխարհն է խորհրդանշում՝ դեղնուցը երկիրն է, սպիտակուցը օդը, կամ այն տարածությունը որով շրջապատված է երկիրը, իսկ կեղևը տիեզերքը։ Բրնձով և չամիչով փլավը, դա քրիստոնյաներին և հեթանոսներին է խորհրդանշում, այսինքն չամիչը քրիստոնյաներն են, իսկ բրինձը հեթանոսները։ Բանջարը, որպես գարնան առաջին բանջարեղեն, իսկ ձուկը նորից քրիստոնեական խորհրդանիշ է, քանի որ ձկան գլխի մեջ կա խաչ, և քանի որ ամբողջ պահքի ընթացքում մսեղենք չենք օգտագործել, պահքից դուրս ենք գալիս թեթև ուտելիքներով։
Citylife.am- Քրիստոսը հաղթեց մահին, քանի որ նա ուներ հավատ և լույս, արդյո՞ք այսօր մարդիկ ունեն այդ հավատն առ Աստված։
Տեր Միքայել- Եթե ասենք բոլորը չունեն դա սխալ կլինի, նաև սխալ կլինի ասելը, որ բոլորն ունեն։ Քրիստոսը հաղթեց մահին նաև իր ունեցած իշխանությամբ, ոչ միայն հավատով։ Այսօր մենք ունենք իշխանություն միայն նրանով, որ քրիստոնյա ենք, բայց այն իշխանությունը չունենք, ինչը որ Քրիստոսն ուներ։ Ամեն դեպքում մենք հավատով կարող ենք հաղթել չարին։
Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մեզ և Ձեզ մեծ ավետիս։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/