Ճանաչված լինելը շատ հաճախ քեզ զրկում է ազատ լինելուց. Վաչե Թովմասյան

Citylife.am- Վաչե՛, ինչպե՞ս եք վաստակել Ձեր առաջին աշխատավարձը և ինչպե՞ս եք այն օգտագործել։

Վաչե– Ես և եղբայրս փոքր տարիքում աշխատավարձ էինք ստանում պապիկիցս, զուտ նրա համար, որ իր թոռներն ենք։ Այն ժամանակ հազար դրամը շատ մեծ թիվ էր, և մենք դա ծախսում էինք համակարգչային խաղեր խաղալով, կամ կոնֆետներ գնելով։ Իմ առաջին վաստակած գումարը եղել է 15- տարեկանում։ Ես աշխատում էի քեռուս մոտ. նա առևտրի կետեր ուներ տարբեր տեղերում, որից մեկը ստադիոնում էր։ Եվ ես մեկ ամսից ավելի աշխատեցի այնտեղ, որը շատ ծանր աշխատանք էր։ Դրա դիմաց ստացա 50-դոլար, հայրս էլ ավելացրեց այդ գումարի վրա ևս 25-դոլար, և ես գնեցի իմ համար աթոռ։ Մեկ տարի պարապեցի և ընդունվեցի համալսարան։ Առաջին աշխատավարձս այդպես եմ օգտագործել։

Citylife.am- Դուք այն մարդկանցից եք, ով չի վախենում նորություններից և միշտ հանդես է գալիս նորովի, ո՞րն է այդքան ինքնավստահ լինելու գաղտնիքը։

Վաչե– Գիտեք, ինքնավստահությունը գալիս է հաջողություններից և ամեն մի փոքրիկ հաջողություն քեզ վստահություն է տալիս։ Փորձը քո ոլորտում և քեզ տրամադրելը, որ ռիսկը գործի կեսն է, դա արդեն բերում է ինքնավստահության։

Citylife.am- Յուրաքանչյուր ոլորտում հանդես գալով՝ դուք միշտ անում եք լավագույնն ու դուր գալիս հանդիսատեսին, ո՞վ կամ ի՞նչն է Ձեր օգնող ուժը։

Վաչե– Նախ շնորհակալ եմ նման գնահատական տալու համար, ամեն դեպքում ես փորձում եմ իմ լավագույնն անել։ Երևի ես պարտաճանաչ եմ, և դա է այդ օգնող ուժը։ Մանկուց ես ունեցել եմ պատասխանատվության զգացում, և դա ինձ միշտ ուղեկցել է ամբողջ կյանքի ընթացքում։

Citylife.am- Կա՞ որևէ այլ ուղի, որում միշտ ցանկացել եք հանդես գալ, սակայն այն այդպես էլ չի ստացվել։

Վաչե– Մանկուց միշտ երազել եմ բժիշկ դառնալ, բայց արդեն գիտակից տարիքում փոշմանել եմ, որ որևէ երաժշտական գործիքի չեմ տիրապետում։ Իմ ծնողներին միշտ մեղադրել եմ, որ ինձ չեն տարել թեկուզ դաշնամուրի դասերի, քանի որ շատ կուզենայի որևէ երաժշտական գործիքի տիրապետել, մասնավորապես դաշնամուր։

Citylife.am- Եղե՞լ է պահ, որ ցանկություն չունենաք հեռուստաէկրաններին երևալու։

Վաչե– Այո՛, շատ անգամներ են եղել։ Ճանաչված լինելը շատ հաճախ քեզ զրկում է ազատ լինելուց, քանի որ չես կարողանում մի տեղ գնալ, որովհետև բոլորը քեզ են նայում, դա սարսափելի զգացում է։ Դու ուզում ես հասարակ մարդ լինել, և որ ոչ մեկ քեզ չճանաչի։ Եղել է, որ որոշել եմ այլ գործով զբաղվել, բայց քանի որ ես տասը տարուց ավելի է այս ոլորտում փորձ ունեմ և այստեղ եմ մասնագիտացված, ինձ փոխելն ավելի դժվար է։

Citylife.am- Այնուամենայնիվ, ո՞րն է Ձեր երջանկության չափանիշը։

Վաչե– Երջանկությունն առհասարակ մի բան չէ։ Երջանիկ լինելու համար պետք է ունենաս առողջություն, քո հարազատները պետք է լավ լինեն, և այն ամենևին էլ փողի մեջ չէ, չնայած փողն էլ մեծ նշանակություն ունի։ Շատ կարևոր է մարդու ներքինը, որովհետև կան մարդիկ, ովքեր շատ փող ունեն, բայց երջանիկ չեն։ Այսինքն բոլորը պետք է իրենց <<ոսկե միջին>>-ը գտնեն այս կյանքում։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/