Թատրոնի միջազգային օրվա հետ կապված այսօր մենք զրուցեցինք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան՝ Վարշամ Գևորգյանի հետ:
Citylife.am- Վարշամ՛, ի՞նչ է թատրոնը Ձեզ համար:
Վարշամ– Իմ կյանքի սկզբում ես թատրոնի հետ առնչվում էի որպես հանդիսատես, այն ինձ համար շատ խորհրդավոր, հետաքրքիր և անհասանելի մի բան էր։ Երբ դերասանությունը դարձավ իմ մասնագիտությունը, թատրոնը բացեց իմ առաջ իր գաղտնիքները։ Տարիների ընթացքում թատրոնի հետ իմ ամենօրյա շփման ընթացքում այն երբեք չհասարակացավ, սովորական բան չդարձավ։ Ես և թատրոնը հարազատացանք, բայց այն երբեք չկորցրեց իր խորհրդավորությունն ու զարմացնելու ունակությունը։ Ես մինչև այսօր բացահայտում եմ թատրոնը և ինձ թատրոնում։
Citylife.am- Ի՞նչ կարող է տալ թատրոնը, որն ուրիշ որ մի տեղ չենք գտնի:
Վարշամ– Զգացմունքներ։ Ես որպես դերասան իմ բաժին զգացմունքներն եմ ստանում թատրոնում, բայց ավելի կարևորը այն էմոցիաներն են, որ թատրոնը տալիս է հանդիսատեսին։ Դրանք շատ իրական են և շատ յուրահատուկ։ Տեխնոլոգիաների զարգացման դարում շատերն են մտածում, որ թատրոնը հնացող կամ հնացած արվեստ է։ Ես հակառակ կարծիքին եմ, որովհետև որքան զարգանում են տեխնոլոգիաները, այնքան մարդիկ ավելի շատ են կարիք զգում իրական զգացմունքների։
Citylife.am- Համեմատելով նախորդ տարիների հետ, այսօր թատրոն այցելողների թիվը շատանու՞մ է, թե՞ պակասում:
Վարշամ– Շատանում են, պատճառներից մեկը նախորդ հարցի պատասխանն է։ Հաճելի է, երբ դահլիճում տեսնում ես երիտասարդ սերունդ։ Այսօր թատերասեր հանդիսատես կա։ Թատրոնները հանդիսատեսի պակաս ունեցել են երևի միայն անկախության առաջին տարիներին, երբ մարդկանց միտքն ու հոգին զբաղված էր առօրյա դժվարագույն կենցաղային հարցերով, բայց թատրոնները չփակվեցին, շարունակեցին աշխատել, մինչև նորից հավաքեցին իրենց հանդիսատեսին։
Citylife.am- Հեռուստասերիալներում այդքան էլ հաճախ Ձեզ չենք տեսնում, ի՞նչն է պատճառը:
Վարշամ– Պատճառը իմ մասնագիտական խստապահանջությունն է, բայց հուսով եմ՝ շուտով կտեսնեք։ Ես նույնպես սկսել եմ կարոտել։
Citylife.am- Եվ վերջում՝ Ձեր շնորհավորանքն ուղված թատրոնի և առհասարակ բեմի մարդկանց:
Վարշամ– Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր թատրոնում են, ցանկանում եմ երբեք չկորցնել սերը և հավատը թատրոնի հանդեպ։ Մենք լուրջ ու պետքական գործով ենք զբաղված։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան/Citylife.am/