Citylife.am- Սկզբում խոսենք տեսահոլովակի մասին. ովքե՞ր են աշխատել տեսահոլովակի վրա:
Սյուզի– Երգի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ գյումրեցի սցենարիստ, դրամատուրգ Արթուր Էդարը: Գործիքավորումը կատարել է մոսկվայաբնակ կոմպոզիտոր Արտակ Քանքանյանը, ձայնագրությունը, միքս մասթերինգը կատարվել է Հարություն Հարությունյանի ստուդիայում, ով նաև հայտնի երգիչ է, և տեսահոլովակի ռեժիսորն է Մարտին Սուքիասյանը, ով իմ նախորդ երեք տեսահոլովակների ռեժիսորն է: Ես բոլորից ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ իմ կողքին եղան: Երջանիկ եմ, որ նման մարդիկ ունեմ իմ կյանքում, ովքեր օգնեցին ինձ իրականացնել իմ այս կարևոր երգն ու տեսահոլովակը:
Citylife.am- Ի՞նչը խթան հանդիսացավ, որ դուք սկսեցիք զբաղվել երգով:
Սյուզի- Ես երգում եմ 6 տարեկանից, մասնակցել եմ շատ մրձույթների: Ինը տարի հաճախել եմ Գյումրու Դեղձանիկ խումբ և այդ տարիների ընթացքում շատ հաջողություններ եմ ունեցել: 12-տարեկանում կենդանի հնչողությամբ մեծ մենահամերգ եմ ունեցելԳյումրու Դրամատիկական թատրոնում: Համերգիս հյուրերն էին Արմինկան և Հասմիկ Կարապետյանը: Դա իմ կյանքի կարևորագույն ձեռքբերումներից եմ համարում, որի համար շնորհակալ եմ Դեղձանիկ խմբի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Թագվորյանին և հայրկիս: Հենց այդ տարիքում ես թողարկեցի 3 տեսահոլովակ, որոնց պրեմիերաները եղել են Հանրային առաջին ալիքի եթերում:
Citylife.am- Ու՞մ խորհրդով ընտրեցիք երգի ուղին:
Սյուզի– Հայրս, զգալով այդ տաղանդն իմ մեջ, ինձ տարավ երգի խմբակ: 12-տարեկանում ընդունվել եմ երգի պետական թատրոն: 15-տարեկանում Գյումրիում կայացած <<Ֆայտոն Ալեք>> մրցանակաբաշխությանը ճանաչվել եմ լավագույն էստրադային երգչուհի: Այդ ամենից մեկ տարի անց մասնակցել եմ Հայ սուպերսթար 2-րդ նախագծին, որտեղ անցել եմ լավագույն տասնյակի կազմի մեջ: Այնուհետև ընդունվել եմ Երևան ջազ-էստրադային քոլեջ, որն ավարտել եմ կարմիր դիպլոմով, այնուհետև սովերել եմ կոնսերվատորիայում՝ ջազ-էստրադային բաժնում, որը նույնպես ավարտել եմ կարմիր դիպլոմով:
Citylife.am- Ի՞նչն է Ձեզ գրավում այս ոլորտում:
Սյուզի– Ես երգի միջոցով ցանկանում եմ արտահայտել իմ զգացմունքները, և այս երգը հենց իմ կորստի, ցավի մասին է : Ես ցանկանում էի ներկայացնել երգ, որը ես զգացել եմ և այս երգը նվիրում եմ ոչ միայն հայրիկիս, այլ բոլոր լավ հայրերին, ովքեր իրենց զավակների կողքին չեն:
Citylife.am- Շատ հաճախ մարդիկ ցանկանում են դառնալ երգիչ կամ դերասան, որպեսզի ճանաչում ունենան, դուք և՞ս ցանկանում եք ճանաչված լինել:
Սյուզի– Անկեղծ ասած իմ նպատակն այն չի եղել, որ ես ճանաչում ունենամ, պարզապես ես սիրում եմ երգել և ներկայացնում եմ իմ արվեստը:
Citylife.am- Տեղյակ եմ, որ ունեք խումբ. կխոսե՞ք մի փոքր այդ մասին:
Սյուզի– Խումբը մանկապատանեկան է, այսինքն 8-տարեկանից մինչև 15-16 տարեկան երեխաներն են: Դա իմ կյանքի կարևորագույն նպատակներից մեկն էր, որն ի վերջո իրականացրի: Խումբս կոչվում է New Armenian Voices:
Citylife.am- Ո՞վ, եթե ոչ երգչուհի:
Սյուզի– Ես ինձ ուրիշ բնագավառում չեմ պատկերացնում, հնարավոր է դաշնակահար լինեի, քանի որ ունեմ այդ կրթությունը, սակայն ինձ համար երաժշտությունից առավել ոչինչ չկա:
Citylife.am- Եվ առաջիկայում ի՞նչ նորություններով հանդես կգաք:
Սյուզի- Առաջիկայում պլանավորում եմ նոր երգ թողարկել, որը կոչվում է <<Ավաղ>>: Այն ինձ նվիրել է մոսկվայաբնակ կոմպոզիտոր Արտակ Քանքանյանը: Երգն արդեն պատրաստ է, շուտով կնկարահանվի տեսահոլովակ:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/