Այս թեման ուղղակի չէր կարող շրջանցվել մեր կողմից առավելապես, որ պատմությունը հիմնված է իրական հիմքերի վրա. Տիգրան Վիրաբյան

Գյումրու դրամատիկական թատրոնն անդրադարձել է մի թեմայի, որը շատ կարևոր է յուրաքանչյուր հայի համար։ Նոր ներկայացում ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ, որի մասին առաջին անգամ է խոսվելու թատրոնից։ Մենք կապ հաստատեցինք թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի հետ և տեղեկացանք ներկայացման մասին։

Citylife.am- Ինչպե՞ս որոշվեց նման ներկայացում բեմադրել։

Տիգրան- Կան թեմաներ, որոնք շատ կարևոր են, որպեսզի բեմադրվեն, որոնց մասին խոսվի նաև բեմահարթակից։ Գյումրու դրամատիկական թատրոնի և մարզում նաև պատանի հանդիսատեսի թատրոնի պարտականությունն է ստանձնել դա։ Սերունդ դաստիարակել առանց ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու՝ ուղղակի անհնար է, և մենք գտնում ենք, որ նաև այս թեմայի շուրջ խոսենք մեր հանդիսատեսի հետ, նաև այս պատմությանը ականատես լինեն մեր երիտասարդները։ Այս թեման ուղղակի չէր կարող շրջանցվել մեր կողմից առավելապես, որ պատմությունը հիմնված է իրական հիմքերի վրա, և պատմությունը տեղի է ունեցել հենց գյումրեցի տղայի հետ։

Citylife.am- Նշեցիք, որ պիեսը բեմադրված է իրական դեպքերի հիմնման վրա։ Դժվա՞ր չէ նման թեմային անդրադառնալը։

Տիգրան- Երբ ստեղծագործական թիմը պրոֆեսիոնալ է, երբ ունես Անահիտ Աղասարյանի նման դրամատուրգ, որը կարողանում է շատ հետաքրքիր թատերական նյութ ստեղծել, բնականաբար դու շատ պատրաստակամ գնում ես խիզախումների։

Citylife.am- Առաջին անգամ է, որ ապրիլյան դեպքերին անդրադառնում է նաև թատրոնը, արդյո՞ք կկարողանաք հանդիսատեսին հասցնել այն ամենը, ինչը բեմադրված է։

Տիգրան- Ներկայացումը շատ սովորական հերոսների մասին է, ինչո՞ւ սովորական, որովհետև մենք հերոսներին միշտ այլ կերպ ենք պատկերացնում, բայց նրանք մարդիք են։ Մենք քառօրյա պատերազմի ժամանակ տեսանք տղաների, ովքեր 18-20 տարեկան էին և հերոսացան։ Պատմությունը շատ հետաքրքիր մարդկային հարաբերությունների մասին է։ Այս ընթացքում, երբ մենք բեմադրում ենք ներկայացումը, նաև հասկանում ենք, թե ինչքան կարևոր է այս թեմային անդրադառնալը հիմա, քանի դեռ այս ամենի վտանգը չի անցել։ Բնականաբար մենք ցույց չենք տալիս բեմում ռազմաճակատը, մենք ցույց ենք տալիս թիկունքը, և բոլորս էլ գիտենք, որ քառօրյայի ժամանակ մեր թիկունքում էլ պատերազմի շնչի պակաս չկար։

Citylife.am- Ներկայացման համար գրվել է հատուկ երաժշտություն, ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը Հայկոյի հետ։

Տիգրան– Ես շատ եմ կարևորում, երբ ներկայացումների համար գրվում է հատուկ երաժշտություն, որը հանդիսատեսը ոչ մի տեղ չի լսել, և դա արված է հատուկ այդ ներկայացման համար։ Երկար ժամանակ տարբեր նախագծերում, ֆիլմերում աշխատել ենք Հայկի հետ։ Ես և բեմադրիչը հարմար գտանք, որ համագործակցության առաջարկ անենք Հայկին։ Երաժշտության առաջին հնչյուններն արդեն պատրաստ են, և ես վստահորեն կարող եմ ասել, որ սա ներկայացման համար գրված լավագույն սաունթրեքն է լինելու։

Citylife.am- Արդյո՞ք ներկայացման նպատակն է հայ հանդիսատեսի մեջ արթնացնել հայրենասիրական ոգին, թե՞ այնուամենայնիվ այլ նպատակ կա։

Տիգրան- Ներկայացման նպատակն է ռազմահայրենասիրական դաստիարակություն ունենալ իր մեջ, ներկայացման նպատակն է ևս մեկ անգամ խոսել այս թեմայի մասին և ևս մեկ անգամ մարդկանց պատրաստել, չէ որ մենք ամեն օր պատրաստվում ենք, քանի դեռ այս ամեն ինչը չի ավարտվել։ Ես անընդհատ նշում եմ, որ ուրախ կլինեմ այս ներկայացումը միշտ խաղալ Գյումրու թատրոնի բեմում, և եթե, Աստված մի արասցե, կարիք լինի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնել այլ վայրերում՝ առաջնագծում, կամ թիկունքում, ապա մենք մեծ սիրով կանենք այդ աշխտանքը։

Citylife.am- Եվ վերջում, ինչպե՞ս է անվանվում ներկայացումը, և ե՞րբ կլինի պրեմիերան։

Տիգրան– Հիմա չեմ կարող ասել, քանի որ մի քանի անվանում է քննարկվում, երբ վերջնական տարբերակը լինի ես կհրապարակեմ։ Ապրիլի վերջին կլինի ներկայացման հանձնումը, մայիսի կեսին կլինի պրեմիերան Գյումրիում և Արցախում։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/