Այսօր երջանկության միջազգային օրն է

Երջանկությունը հարաբերական և անհատական հասկացություն է։ Որպեսզի մարդիկ չմոռանան նրա մասին, ՄԱԿ–ը Երջանկության միջազգային օր հռչակեց։

Երջանկության միջազգային օրը (International Day of Happiness) նշում են մարտի 20-ին։ Այս տոնը սահմանվել է մի քանի տարի առաջ, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից։ Հետևաբար, պետք է մի կողմ թողնել տխրություն առաջացնող բոլոր խնդիրները և, պարզապես, երջանիկ լինել, գոնե` այսօր։ Երջանկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությունը պատկանում է Բութանին։

Իսկ ի՞նչ է երջանկությունը։

Ոչ ոք հստակ չգիտի`ինչ է երջանկությունը, յուրաքանչյուր մարդ այն ընկալում է յուրովի։ Ոմանց համար կարևոր է առողջությունն ու հոգևոր կատարելագործումը, մյուսների համար`բարեկեցությունն ու անկախությունը, իսկ ոմանք էլ` անձնական կյանք են կառուցում:

Իմաստունները, երկար ուսումնասիրելով տարբեր մեկնաբանություններ, եկան այն եզրահանգման, որ բոլոր պահանջների բավարարումը միայն երջանիկ կյանքի իմիտացիա են և չեն կարող իրական երջանկություն պարգևել։ Նրանք կարծում են, որ երջանկության միակ հավանական ձևն ինքդ քեզ հետ խաղաղ լինելն է, քանի որ երջանկությունը ներքին հանգստությունն է։ Երջանկություն է, երբ վախի և հոգսերի փոխարեն մարդու կյանքը լցված է յուրաքանչյուր ապրած վայրկյանի կարևոր լինելու, շրջակա աշխարհի գեղեցկության գիտակցմամբ, որոնք արտացոլվում են նրա հոգում։

Նյութը՝ /Citylife.am/