Պարը չմնաց որպես լոկ կենցաղային միջոց, այլ դուրս եկավ բեմ և աշխարհին ցույց տվեց մեր հոգու ցասումն ու սերը. Կարեն Գևորգյան

Citylife.am- Պարը Ձեզ համար հոգևիճա՞կ է, ապրելակե՞պ, թե՞ կյանքի անբաժան մասնիկ։

Կարեն Գևորգյան– Պարը իմ հոգու աշխարհն է այնքան, ինչքան որ մարդը կարողանում է ապրել, իհարկե դա և՛ ապրել է, և՛ ապրեցնել, և՛ ապրելու տենչ, այսինքն պարել, աշխատել ինձ համար նշանակում է ապրել:

Citylife.am- Համամի՞տ եք այն մտքի հետ, որ շատ հաճախ պարով կարող ենք արտահայտել այն, ինչը բառերով անհնար է։

Կարեն Գևորգյան- Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդն ամրակայել է իր ազգային կերպարը, բնավորության գծերը միայն ազգային պարով, դա է պատճառը, որ մեր ոգեղենիկ պարերը եկել, հասել են մեզ՝ որպես ինքնության և միասնության խորհուրդ: Հենց այդ միասնության շնորհիվ էլ հայ ժողովուրդը ամրակայել է իր ազգային խառնվածքը և հավաքական նկարագիրը պարի միջոցով: Այդուհանդերձ պարը և՛ ինքնություն է, և՛ ապրելակերպ: Ինչպես Կոմիտասն է ասել՝ պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքականության աստիճանը։

Citylife.am- Այսօր ի՞նչ մակարդակի վրա են գտնվում հայկական-ժողովրդական պարերը։

Կարեն Գևորգյան- Ընդհանրապես հայկական-ժողովրդական պարերը պետք է բաժանել երկու մասի՝ առաջինը դա մաքուր ազգագրական պարն է, որը մենք ժառանգել ենք մեր նախնիներից և հազարամյակներ շարունակ պահել ենք,և հայկական-ժողովրդական պարը մեզ է հասել ճշգրտորեն պահպանված իր ողջ կառուցածքով: Բայց կա նաև ժողովրդաբեմադրական պար, որը պրոֆեսիոնալ արվեստի ձևն է, որը 20-րդ դարի սկզբին մուտք գործեց պարարվեստի ոլորտ, և ամբողջ աշխարհը գնաց պարարվեստի զարգացման ճանապարհով: Պարը չմնաց որպես լոկ կենցաղային միջոց, այլ դուրս եկավ բեմ և աշխարհին ու մարդկանց ցույց տվեց մեր հոգու ցասումն ու սերը:

Citylife.am- Իսկ այսօրվա սերունդն ավելի շատ հտաքրքրված է ազգայի՞ն պարերով, թե՞ ժամանակակից։

Կարեն Գևորգյան- Բոլոր ժամանակներում էլ սերունդներին հնարավորություն պետք է տանք, որպեսզի նրանք նույնպես զբաղվեն պարարվստի մյուս ժանրերով: Այսօր ավելի շատ մարդիկ հետաքրքրված են ազգային պարերով, որովհետև ինչքան մոտ ես քո ազգային ակունքներին, այնքան որոշակի է քո վաղվա օրը:

Citylife.am- Կո՞ղմ եք այն մտքին, որ 5 տարեկանից բարձր ցանկացած երեխա պետք է առնչվի արվեստի որևէ ճյուղի հետ։

Կարեն Գևորգյան– Շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև ցանկացած մարդու համար պարտադիր պայման է գեղագիտական կրթություն ստանալը: Նշեմ, որ նախկին համակարգում գեղագիտական կրթությունը առաջնային տեղ էր զբաղեցնում, իսկ այօր ծնողները, չգիտես ինչու, ցանկանում են, որ իրենց երեխաները հաճախեն սպորտի: Ամեն դեպքում պարտադիր պայման է, որ երեխան գեղագիտական կրթություն ստանա, քանի որ նա շփվելով արվեստի հետ դառնում է հասարակությանը պիտանի մարդ:

Citylife.am- Առհասարակ ինչպե՞ս է մարդուն դաստիարակում արվեստը, ի՞նչ արժեքներ է տալիս։

Կարեն Գևորգյան- Կոմիտասն ասում էր, որ ժողովրդին քարոզ պետք չի, դուք նրանց տվեք իրենց ազգային մշակույթը, և դա ամենամեծ քարոզն է: Ինչքան դու երեխային նուրբ մոտեցնես այդ ազգային մշակույթի արժեքներին, այնքան նա լավ կընկալի այդ ամենը:

Citylife.am- Դուք Ձեր կյանքում շատ ձեռքբերումներ և հաջողություններ եք ունեցել, սակայն կարծում եմ՝ ձախողումներ ևս եղել են։ Այնուամենայնիվ, համարու՞մ եք Ձեզ երջանիկ մարդ։

Կարեն Գևորգյան– Իհարկե՛, եթե մի մարդ զբաղվում է իր սիրած գործով, շրջապատված է սիրելի մարդկանցով, ընտանիքով, ապա երջանկությունը հենց այդ ամենի մեջ է թաքնված:

Բլից

Մեկ-մեկ սիրում եմ մենակ մնալ…բոլորն են սիրում:

Մարդուն հնարավոր է երջանկացնել…այո՛. հնարավոր է:

Ես ուզում եմ ապրել…Իհարկե՛:

Ես հավատում եմ…Աստծուն:

Ես Կարեն Գևորգյանն եմ, ես պարի մարդ եմ:

 

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/