
Citylife.am-ի զրուցակիցն է երգահան Ռիչարդ Մադլենյանը:
Citylife.am- Փորձենք միասին հետադարձ հայացք նետել դեպի Ձեր մանկություն: Ինչպիսի՞ն եք Ձեզ հիշում մանուկ ժամանակ։
Ռիչարդ– Մանուկ ժամանակ ինձ հիշում եմ չար, շատ չար եմ եղել։ Առանձնապես սովորելովս աչքի չեմ ընկել։ Մինչև 13 տարեկան երաժշտության հետ ոչ մի կապ չեմ ունեցել։
Citylife.am- Ինչ ե՞ք հիշում կամ հասկանում մանկություն ասելով։
Ռիչարդ– Իմ մանկության ամբողջ իմաստը դաշնամուրն է եղել, միայն դա եմ հիշում, ուրիշ ոչ մի լավ բան չի եղել մանկությանս մեջ։
Citylife.am- Իսկ ու՞մ խորհրդով հաճախեցիք դաշնամուրի դասընթացների։
Ռիչարդ– Շատ պատահական ստացվեց։ Հայրս ոսկերիչ էր, մի օր նրա մոտ հաճախորդ եկավ, ով պարզվեց` դաշնամուրի ուսուցիչ է, և հայրս ինձ հարցրեց` կցանկանա՞մ սովորել, թե՞ ոչ, ես էլ համաձայնվեցի։
Citylife.am- Ի՞նչ հիշողություններ ունեք մանկության հետ կապված, որը հիշելիս ակամայից Ձեր դեմքին Ժպիտ է հայտնվում:
Ռիչարդ– Անկեղծ ասած ընդհանրապես ոչինչ չկա, որը հիշելիս կժպտամ։ Իմ ամբողջ մանկությունը ասոցացվում է գործիքի հետ, և միակ բանը, որ հիշում եմ, այն է, թե ինչպես էի գնում դասի, ինչպես էի պարապում, և մեր բակի տղաները ծիծաղում էին, երբ ես սկսեցի դաշնամուր նվագել։
Citylife.am- Արդյո՞ք Ձեր մանկության երազանքն էր դառնալ նա, ով հիմա եք։
Ռիչարդ– Բացարձա՛կ ոչ, ես մանկության երազանք չեմ ունեցել։ Շոու բիզնեսը կամ երգեր գրելն իմ երազանքը չի եղել, ուղղակի ես պատահական կերպով հասա այս ամենին։ Կարելի է ասել՝ ես իմ երազանքին չեմ հասել, բայց շատ երջանիկ եմ ապրում։
Citylife.am- Ո՞րն էր մանկության Ձեր ամենասիրելի խաղը:
Ռիչարդ-Ամենասիրելի խաղը ֆուտբոլն էր, ինչպես նաև չլիկ դաստան։
Citylife.am- Եթե Ձեզ հանդիպեիք 18 տարեկան հասակում, ի՞նչ խորհուրդ կտայիք:
Ռիչարդ– Կասեի՝ մարդ դարձիր, սխալ ես ապրում։ Ավելի նվիրվի՛ր երաժշտությանը, որ ավելի լավ մարդ դառնաս։
Citylife.am- Ո՞ր առարկան եք դպրոցում ամենաշատը սիրել, իսկ որը՞ տանել չեք կարողացել:
Ռիչարդ– Ամենաշատը սիրել եմ ֆիզկուլտուրան և հայոց լեզուն, իսկ մաթեմատիկան և ցանկացած ճշգրիտ գիտություն մինչև այսօր չեմ սիրում։
Citylife.am- Առաջին աշխատավարձը ինչպե՞ս եք օգտագործել։
Ռիչարդ-Փոքր գումարները ուսմանս վրա եմ ծախսել, իսկ առաջին մեծ գումարովս հեռուստացույց և երաժշտական կենտրոն եմ գնել։
Citylife.am- Առաջին ձեռքբերումը…
Ռիչարդ– Այն մի բան է, որի մասին երբեք չեմ խոսի։
Citylife.am- Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին առաջիկա տոների կապակցությամբ։
Ռիչարդ– Տվե՛ք ձեր տղամարդկանց ազատություն, և նրանք կվերադառնան ձեր մոտ, հակառակ դեպքում` ցտեսություն։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/