Այս սիթքոմում փորձել ենք շեշտադրել, որ դրսում ապրել դեռ չի նշանակում երջանիկ ապրել. Արման Նշանյան

Մարտի 5 -ից հանրայինի առաջին հեռուստաալիքը կցուցադրի նոր սիթքոմ, որի գլխավոր հերոսներն են Արման Նշանյանը և Ֆելիքս Խաչատրյանը։ Մենք զրուցեցինք սիթքոմի ռեժիսոր և գլխավոր հերոս Արման Նշանյանի հետ և որոշ բացահայտումներ արեցինք հենց այդ սիթքոմի վերաբերյալ։

Citylife.am- Արմա՛ն, նախ խոսենք սիթքոմի անվանումից՝ «Տանդեմ»: Ինչի՞ հետ է կապված նման անվանումը։

Արման– «Տանդեմ»- երկուսի միություն, մեր կատակերգության դեպքում Արմանի և Ֆելիքսի, ովքեր մանկության ընկերներ են, բայց երկար տարիներ ապրել են իրարից հեռու` աշխարհի տարբեր ծայրերում:

Citylife.am- Գլխավոր դերերում դուք և Ֆելիքս Խաչատրյանն եք։ Առաջին անգամ ե՞ք համագործակցում Ֆելիքսի հետ։

Արման– Այո՛, առաջին անգամ եմ համագործակցում նրա հետ: Հատկապես ուզում եմ նշել, որ նրա հետ աշխատելը շատ հաճելի է: Լինելով նաև այս նախագծի ռեժիսորը` կարող եմ ասել, որ նա չափազանց տաղանդավոր անձնավորություն է:

Citylife.am- Ինչի՞ մասին է սիթքոմը։

Արման– Սիթքոմի հիմքում ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի «Կենտ զույգ» կատակերգությունն է: Այն պատմում է երկու ծայրահեղ տարբեր բնավորության տեր ընկերների մասին, ովքեր դժվարություններից ելնելով ստիպված ապրում են մի տան մեջ: Պատմությունը կառուցվում է նրանց համատեղ առօրյայի և իրենց ընկերների հետ ունեցած հարաբերությունների շուրջ: Առանցքային կերպարներից են նաև տղաների հարևանուհիները՝ երկու քույրեր, նույնպես իրարից շատ տարբեր:

Citylife.am- Ո՞րն է սիթքոմի հիմնական նպատակը։

Արման– Ինչպես բոլորս գիտենք, արտագաղթն այսօր մեր իրականության մեջ մեծ խնդիր է ներկայացնում: Երեխաներն ու երիտասարդները շատ են սիրում սիթքոմ դիտել և հաճախ ընդօրինակում են` էկրանից տեսածը ընդունելով որպես իրականություն: Այս սիթքոմում փորձել ենք շեշտադրել, որ դրսում ապրել դեռ չի նշանակում երջանիկ ապրել: Գլխավոր կերպարներից մեկը, լինելով ԱՄՆ քաղաքացի և Ամերիկայում կարիերային մեծ բարձունքների հասած, այնուամենայնիվ վերադառնում է հայրենիք, ուր իր նոր ընկերների շնորհիվ կամաց-կամաց գտնում է ինքն իրեն: Այս սիթքոմը բեմադրել եմ ինչպես թատերական ներկայացում` փորձելով պահպանել հեռուստաթատրոնի բոլոր կանոնները: Հատուկ ուշադրության կենտրոնում պահվել են սցենարը, դերասանական խաղը, ընդհանուր ճաշակը, գաղափարախոսությունը և երաժշտությունը, որի հիմքում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի մի փոքրիկ հատվածն է: Շատ հպարտ եմ նշելու նաև, որ այս սիթքոմում ընգրկված են միայն տաղանդավոր դերասաններ Հայաստանի տարբեր թատրոններից և թատերական ինստիտուտից:

Citylife.am֊ Թերևս նմանատիպ ժանրում Ձեզ տեսնում ենք առաջին անգամ։ Ինչպե՞ս ստացվեց սիթքոմի ընտրությունը։

Արման– Ճիշտ է` էկրանին առաջին անգամ եմ հանդես գալիս կատակերգության ժանրում, բայց բազմիցս կատակերգական կերպարներ եմ կերտել բեմահարթակում: Այս պրոյեկտի մտահղացումը պրոդյուսեր Արման Միտոյանինն էր: Նրա գաղափարը կայանում էր մեր «Կենտ զույգ» թատերական ներկայացումը սիթքոմի վերածելու մեջ` միավորելով ինձ և երկար սպասված Ֆելիքս Խաչատրյանին մեկ հեռուստանախագծում: Նա մեծ աշխատանք է տարել սիթքոմը կյանքի կոչելու համար:

Citylife.am- Հետագայում կրկին կլինի՞ այստիպ նախագծեր։

Արման– Դերասանի կոչումն է տարբեր կերպարներ կերտելը, լինեն դրանք դրամատիկ, թե կատակերգական… Իհա՛րկե, իմ կյանքում դեռ կլինեն նմանատիպ նախագծեր:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/։