
Երկար սպասված «Արթնացիր» ֆիլմն արդեն ցուցադրվում կինոէկրաններին։ Մարտի 1-ին ֆիլմի պրեմիերան էր, այդ առիթով մենք զրուցեցինք ֆիլմի ռեժիսոր և գլխավոր հերոս Տիգրան Նալչաջյանի հետ։
Citylife.am- Տիգրա՛ն, կպատմե՞ք, թե ի՞նչն առիթ հանդիսացավ, որպեսզի նման ֆիլմ նկարահանվի։
Տիգրան– Ինքս միշտ ստեղծագորական պրոցեսի մեջ եմ, և հատուկ առիթ պետք չէր: Պարզապես պետք է մուսա և ցանկություն: «Արթնացիր»-ը իսկապես տարբերվող աշխատանք է մեր շուկայում եղած ֆիլմերի մեջ, և դա արդեն փաստում են ինչպես պրեմիերային ներկա գտնված հանդիսատեսը, այնպես էլ կինոթատրոն հաճախողները: Արձագանքները շատ դրական են, և դա իսկապես ոգևորում է:
Citylife.am- Որքա՞ն ժամանակ տևեց ֆիլմի նկարահանումները։
Տիգրան– Ֆիլմի վրա ընդհանուր առմամբ աշխատել ենք 1 տարի, քանի որ սյուժետային առումով այն բաժանված է ձմեռային և ամառային հատվածների: Շատ մանրակրկիտ և լուրջ ենք մոտեցել յուրաքանչյուր կադրին, դուբլին, դերասանական խաղին, և բոլոր օղակներում աշխատել են պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեցող մասնագետներ: Այսօրվա հանդիսատեսին անորակ աշխատանքով կինոթատրոն չես բերի:
Citylife.am- Ինչպե՞ս ընտրեցիք դերասանական նման կազմին։
Տիգրան– Ընդհանրապես կա հետևյալ աֆորիզմը. «Ռեժիսորը, ընտրելով դերասանին, կատարում է իր մեծագույն սխալը»: Այս սխալը ես թույլ չտվեցի, որովհետև բոլորն էլ պատվով կատարեցին իրենց աշխատանքը: Եթե նորից սկսելու լինեի ֆիլմը, դարձյալ կաշխատեի նույն դերասանական կազմի հետ: Օֆելյան իմ սանն է, ում խաղի գլխավոր պատասխանատուն ես եմ, որովհետև նրա հետ այլ դասախոս կամ ռեժիսոր երբևէ չի աշխատել: Միլենայի հետ միասին նկարահանվել էինք մի ֆիլմում, որից հետո ես նրան տեսա «Դեպի տուն» ներկայացման մեջ, և խաղը շատ հավանելով` հրավիրեցի նկարահանվելու:
Citylife.am- Ի՞նչ ասելիք ունի ֆիլմը հեռուստադիտողին։
Տիգրան – Ֆիլմը նախատեսված է կինոթատրոնային դիտման համար, այդ իսկ պատճառով «հեռուստադիտող» տերմինի փոխարեն օգտագործենք «կինոդիտող» տերմինը: Այն երիտասարդական դրամայի շուրջ կառուցված բազմաժանր ֆիլմ է, որի պակասը մենք ունենք և մեր աշխատանքով փորձել ենք լրացնել այդ բացը:
Citylife.am- Քանի որ երեկ տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ տպավորություններ ունեցան ներկա գտնվողները։
Տիգրան– Երեկ` ֆիլմի պրեմիերայից հետո, բոլորը նույն բանն էին ասում, որ հայկական շուկայում այսպիսի ֆիլմ չկա` մատնանշելով ինչպես ժանրը, այնպես էլ նկարահանման որակը: Եվ անդադար հեռախոսազանգեր ու հաղորդագրություններ եմ ստանում, որոնք նույն բովանդակությունն ունեն: Դա ուժ է տալիս նոր ֆիլմ ստեղծելու և նոր առաջընթաց գրանցելու համար:
Citylife.am- Եվ վերջում ՝դուք Ձեր կատարած աշխատանքը ստացված համարու՞մ եք։
Տիգրան– Ինքս միշտ ինքնաքննադատաբար եմ վերաբերվում և իմ գլխավոր քննադատը հենց ես եմ: Սակայն այս անգամ գոհացնողը անհամեմատ շատ էր: Նաև այն կարծիքները, որոնք հնչեցին, ստիպում են հավատալ, որ ֆիլմը ստացված է:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/