Փետրվարի 25-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Հովհաննես Դավթյանի <<Աջաբ սկանդալ>> հումորային ներկայացումը։ Հրավիրվածների ցանկում էինք նաև մենք։ Ներկայացման ավարտից հետո զրուցեցինք Հովհաննեսի հետ։
Citylife.am- Ինչպե՞ս ստացվեց, որ դուք որոշեցիք հանդես գալ Stend up հումորային ներկայացումներով։
Հովհաննես– Ես մանկուց շատ եմ սիրել դերասանական արվեստը, մինչև անգամ դասերից դուրս եմ եկել և գնացել ներկայացումներ նայելու։ Հիմնականում Պարոնյան թատրոն էի գնում, այն ժամանակ լավ որակի ներկայացումներ էին լինում։ Ինձ միայնակ ոճը միշտ դուր է եկել։ Երեխա ժամանակ հարևաններին հավաքում էի և ներկայացումներ անում։ Ես Սունդուկյան թատրոնում աշխատել եմ 13 տարի, խաղացել եմ տարբեր դերեր, տարբեր ներկայացումներում, բայց հումորային ժանրը միշտ գրավել է ինձ։ 2013 թվականի մարտի 9-ին առաջին անգամ օպերա ակումբում ներկայացում ունեցա կանանց տոնի առիթով, հրավիրել էի իմ բոլոր ընկերներին, քանի որ իմ առաջին ներկայացումն էր, վախ կար, որ հնարավոր է չստացվի, բայց ընկերներս ասացին, որ լավ էր։ Բնական է՝ թերություններ կային, ես դրանք շտկեցի և 2014 թվականի սեպտեմբեր ամսին տիկնիկային թատրոնում առաջին անգամ հանդես եկա մեծ լսարանի առջև իմ <<Անքնություն>>ներկայացմամբ։
Citylife.am- Գիտենք, որ հեշտ չէ նույն ներկայացումը ամեն անգամ հետաքրքիր ձևով ներկայացնել հանդիսատեսին։ Որքանո՞վ է հեշտ ստացվում այդ ամենը Ձեզ մոտ։
Հովհաննես– Իհա՛րկե, դժվար է, որ դու գիտես՝ ինչ պետք է խոսես, բայց ամեն անգամ փորձում ես դա անել իբրև առաջին անգամ։ Այդ փուլն իմ մոտ վաղուց անցել է, քանի որ թատերական ինստիտուտում դա նույնպես սովորել եմ։ Ինձ նաև օգնում է հանդիսատեսի արձագանքը, այսինքն ինձ դա է դուր գալիս այս ժանրում։ Երբ հանդիսատեսը ներկայացման ընթացքում մի բան է ասում, ես փորձում եմ շփման մեջ մտնել նրանց հետ։
Citylife.am- Խոսենք այսօրվա Stend up-ից։ <<Աջաբ սկանդալ>> անվանումն արդեն ինքնին հետաքրքիր է, ինչու՞ հենց նման անվանում ընտրվեց։
Հովհաննես– Իմ առաջին ներկայացումը անքնության մասին էր, թե ինչն է ինձ խանգարում քնել, և ավարտը նրա մասին էր, որ ես նաև չեմ կարողանում քնել, քանի որ երկրում արտագաղթ կա, ու այդ ամենը հուզիչ ավարտ էր ունենում։ Այս ներկայացումը շատ տարբեր թեմաների մասին է։ Դա նաև մեր երկրի այսօրվա իրավիջակի մասին է և՛ խառը, և՛ սկանդալային։
Citylife.am- Ներկայացումը ավարտեցիք շատ գեղեցիկ խոսքորով՝ եթե ցանկանում ենք ամեն բան լավ լինի, ապա օրը սկսենք ժպիտով։ Դուք ձեր օրը ևս այդպե՞ս եք սկսում։
Հովհաննես– Փորձում եմ, որովհետև ես էլ մարդ եմ, ես էլ ձեզանից մեկն եմ։ Հնարավոր է՝ մի օր վատ տրամադրությամբ արթնանամ կամ գլխացավով, բայց համենայնդեպս փորձում եմ ժպիտով անցկացնել օրս։ Ես կյանքում հասկացել եմ մի բան՝ ինչքան վատ ես տրամադրվում, դա անընդհատ շարունակվում է, դրա համար ինչքան լավատես լինես, այնքան լավ կլինի ամեն ինչ։
Citylife.am- Ինչու՞ Ձեզ չենք տեսնում սերիալներում։ Առաջարկներ չե՞ք ստանում։
Հովհաննես– Առաջարկներ շատ կան, բայց հիմա մենք հստակ կատարում ենք համացանցային գործունեություն։ Այս պահին ֆեյսբուքում, ինստագրամում և յութուբում մենք ունենք 180.000 հետևորդ։ Դա իհարկե քիչ չէ, բայց կարող է ավելի շատ լինել, և հենց դրա վրա ենք աշխատում։ Չեմ ասի, որ լիովին խզել եմ կապերս հեռուստաընկերությունների հետ, բայց կարծում եմ, որ հիմա համացանցը ավելի արդի է և ժամանակակից։
Citylife.am- Եթե հնարավորություն ունենաք ինքներդ նկարահանել ֆիլմ, ինչի՞ մասին այն կլինի։
Հովհաննես– Շատ տարբեր թեմաներ կարող են լինել, բայց ժանրը հստակ կատակերգությունը կլիներ։ Ես կարծում եմ, որ մի տեղ պետք է լավը լինես, ոչ թե մի քանի տեղ միջին։ Չեմ ասում, որ չեմ կարող դրամատիկ կերպար խաղալ, կարող եմ յուրաքանչյուր կերպար կերտել, քանի որ ես դերասան եմ և չեմ վախենա ասել, որ պրոֆեսիոնալ դերասան եմ։ Ես անընդհատ աշխատում եմ ինքս ինձ վրա։ Այս ժանրը առաջնահերթ ինձ է հաճելի և իմ դերասանական պահանջները բավարարում է։
Բլից…
Ես կուզեի՝ իմ մասին բոլորն իմանան, որ ես սիրում եմ իմ ազգին,իմ ընտանիքը և իմ գործը։
Գուցե ոչ ոք չգիտի, բայց ես շատ բծախնդիր եմ։
Մարդուն հնարավոր է երջանկացնել ամենափոքր արարքով։
Մեկ-մեկ սիրում եմ մենակ մնալ, որ հանգստանամ։
Ինչ էլ լինի, չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր։
Ես ուզում եմ ապրել թեկուզ կարճ, բայց բովանդակալից։
Ես հավատում եմ Աստծուն։
Ես Հովհաննես Դավթյանն եմ, ես դերասան եմ։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/