Իմ ընտանիքը դեմ է եղել, որ ես երաժիշտ դառնամ. Գևորգ Կարապետյան

Citylife.am-ը այս անգամ հանդիպում ունեցավ «Դուդուկի ընտրյալները» նախագծի հաղթող, երաժիշտ Գևորգ Կարապետյանի հետ:

Citylife.am- Գևո՛րգ, ծնվել եք երաժիշտների ընտանիքում և բնականաբար սերը դեպի երաժշտություն հենց նրանցից եք ժառանգել.արդյո՞ք նրանց խորհրդով ընտրեցիք հենց այս մասնագիտությունը:

Գևորգ– Իմ ընտանիքը դեմ է եղել, որ ես երաժիշտ դառնամ. դա իմ ցանկությունն էր: Հիմնականում երեխան ինչ տեսնում է ընտանիքում, դա էլ սովորում է, և ես էլ փոքր տարիքում դուդուկով խաղում էի, այդ գործիքը միշտ մոտս է եղել: Երբ մեծացա, արդեն ինձ համար հետաքրքիր էր, թե ոնց է գործիքից ձայն գալիս, և այդպես սկսեցի զբաղվել երաժշտությամբ:

Citylife.am- Տիրապետում եք մի քանի երաժշտական գործիքի, ո՞րն է այդ բոլորից ամենահոգեհարազատը, որը ձեր ձեռքն առնելիս ակամայից սկսում եք նվագել:

Գևորգ– Բոլորն էլ հոգեհարազատ են, որովհետև բոլոր գործիքներն էլ ես սիրում եմ: Չեմ կարող առանձնացնել, քանի որ բոլորն էլ իրենց տեղն ունեն: Դուդուկը մերն է, մեր հայկական հոգին, կլառնետը մերը չէ, բայց դա կապ չունի, մենք կրկին հայկական հոգի ենք դնում նրա մեջ: Բոլորն էլ սիրում եմ, եթե չսիրեմ, չեմ կարող նվագել:

Citylife.am- Ըստ Ձեզ՝ մեր ազգային երաժշտությունն այսօր ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:

Գևորգ– Շատ բարձր՝ շնորհիվ մեր մեծ մասնագետների:

Citylife.am-Դուք ճանաչվեցիք «Դուդուկի ընտրյալները» նախագծի հաղթող: Ի՞նչ տվեց Ձեզ այն բացի ճանաչելիությունից:

Գևորգ– Ամենամեծ բանը, որ տվեց պատասխանատվությունն էր: Այդ ամենից հետո ես սկսեցի շատ աշխատել ինքս ինձ վրա, որ ավելի կատարելագործվի իմ երաժշտությունը, ինչը որ ես ունեի այդ ժամանակ:

Citylife.am- Արդեն տևական ժամանակ է, ինչ ունեք Ձեր դուդուկի ստուդիան, կպատմե՞ք մի փոքր այդ գաղափարի իրականացման մասին:

Գևորգ– Այս տարի ապրիլի 10-ին կլրանա իմ ստուդիայի մեկ տարին: Միտքն իմ մեջ է առաջացել, և ես ցանկացա ունենալ այս ստուդիան: Ինչու՞ ես չփոխանցեմ իմ գիտելիքները մատաղ սերնդին: Ես մեծ նպատակներ ունեմ ստուդիայի հետ կապված, որը հետագայում կդառնա երաժշտական դպրոց:

Citylife.am- Ի՞նչն եք առաջնահերթ կարևորում Ձեր աշակերտների մեջ:

Գևորգ– Առաջնահերթ ձգտումը: Այս մի քանի ամիսների ընթացքում ես լսել եմ մոտավորապես հարյուրից ավել երեխաների, որոնցից ընտրվել են 15-ը: Չեմ ուզում փնովել այսօրվա սերդնին, բայց նրանք ավելի շատ ինտերնետի հետ են կապված, չեն ուզում պարապել, բայց ուզում են ինչ-որ բան սովորել: Այստեղ արդեն ուսուցչից կախված չէ. մենք տալիս ենք ամենակարևորը, մնում է` երեխան ընդունի: Իսկ ինչու եմ հենց 15 աշակերտի առանձնացրել, որովհետև ես գտա նրանց մեջ այդ ձգտումը, այդ սերը դեպի երաժշտությունը:

Citylife.am- Իսկ ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա երաժիշտը, որպեսզի հասնի հաջողության:

Գևորգ– Աշխատասիրություն, ձգտում և, իհա՛րկե, լսողություն: Երաժիշտը պետք է կարողանա երգել այն, ինչ նվագում է: Դրա համար շատ մեծ լսողություն է հարկավոր, որ կարողանա հասնել ինչ-որ մի կետի:

Citylife.am- Եվ վերջում՝ ինչպես կբնութագրեք Ձեր անցած ուղին:

Գևորգ– Դժվար, բայց միևնույն ժամանակ հաճելի: Նաև ուրախ, քանի որ ես կյանքում շատ ուրախ մարդ եմ, ես չեմ տխրում, միշտ ժպտում եմ։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան/Citylife.am/