Citylife.am- Ագա՛, ինչու՞ ընտրեցիք դիմահարդարի մասնագիտությունը. մանկության երազա՞նք էր, թե՞ կյանքի բերումով է այդպես ստացվել:
Ագա– Կարծում եմ, որ արդեն գրեթե բոլորին է հայտնի, որ մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եմ: Իմ ճանապարհը սկսել եմ հենց դրանից: Սակայն ժամանակի ընթացքում կյանքիս անբաժան մասնիկներից մեկը դարձավ նաև դիմահարդարումը: Դա եղավ այն ժամանակ, երբ նորաձևության ցուցադրությունների ժամանակ, փորձելով ստանալ ամբոջական կերպար, ինքս սկսեցի դիմահարդարել մոդելներին: Այս ամենը, իհարկե, աննկատ չանցավ մարդկանց, շրջապատիս համար, ինչպես նաև ինքս առավել ուշադրություն դարձրի հենց դիմահարդարմանը, ինչի արդյունքում էլ արդեն 20 տարուց ավել է, ինչ այս ասպարեզում եմ և զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով, ավելի ճիշտ` այն արդեն աշխատանք չէ ինձ համար, այլ հենց իմ կյանքն է:
Citylife.am- Ագա՛, մի փոքր կխոսե՞ք Ձեր հաջողության գրավականի մասին:
Ագա- Որպես իմ հաջողության գրավական կնշեմ աշխատասիրությունս, քանի որ երբեք չեմ դադարում կատարելագործվել և դիմահարդարման մեջ նոր տենդենցներ և գաղտնիքներ բացահայտել: Կարող եմ ասել, որ ինքս ինձ համարում եմ իմ մրցակիցը: Ունենալով անհրաժեշտ գիտելիքներ՝ չեմ բավարարվել դրանցով, հակառակը ծանոթացել և փորձով փոխանակվել եմ համաշխարհային այնպիսի հայտնի մասնագետների հետ, ինչպիսիք են ոճաբան-վարսահարդար Ֆրանչեսկո Գալասոն և ոճաբան-դիմահարդար Սքոթ Բարնսը, ում մոտ սպասարկվում են Ջենիֆեր Լոպեսը, Քրիստինա Ագիլերան, Սելին Դիոնը և այլք: Իսկ բոլորովին վերջերս Նյու-Յորքում մասնակցեցի աշխարհահռչակ դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի կողմից անցկացված վարպետության դասին: Անկեղծ ասած ցանկանում էի ոչ թե նոր բան սովորել, այլ ծանոթանալ նրա տեխնիկային, քանի որ Մարիոն այն քիչ մասնագետներից է, ում ինքս հավանություն եմ տալիս:
Citylife.am- Որպես Ձեր ֆավորիտներ` ի՞նչ դիմահարդարման տեխնիկաներ կառանձնացնեք:
Ագա– Դիմահարդարման մեջ ամենանախընտրելին ինձ համար քոնթուրինգը և հոնքերն են: Շատ կարևոր է, որ ցանկացած աղջիկ և կին ունենա իր դեմքին համապատասխան հոնքերի ձև: Հենց քոնթուրինգը և հոնքերն են ճիշտ ընդգծում դեմքի հիմքը և օվալը, ինչն էլ յուրաքանչյուրին մոտեցնում է իդեալական լինելու շեմին:
Citylife.am- Հայտնի մարդկանց հետ եք աշխատում, և ձեր հմուտ աշխատանքի շնորհիվ դուք էլ եք վայելում ճանաչում,արդյո՞ք դա ձեզ օգնում է գործում:
Ագա– Այո,՛ ճիշտ եք, աշխատել եմ գրեթե բոլորի հետ, բայց մշտապես աշխատում եմ Սիրուշոյի, Քրիստինե Պեպելյանի, Արևիկ Ուդումյանի, Արփի Գաբրիելյանի և Տաթևիկ Ադումյանի հետ: Իսկ հայտնիներից շատերը հաճախում են մեր ստուդիա՝ սպասարկվելու մեր մյուս դիմահարդարների մոտ: Ինչ վերաբերում է ճանաչմանը, ապա ասեմ, որ դա երբեք ինքնանպատակ չի եղել ինձ համար, երբեք հատուկ որևէ բան չեմ արել, որպեսզի հայտնի դառնամ: Ամեն ինչ ինքնաբերաբար է եղել, թեպետ այսօր շատ ուրախ եմ մարդկանց՝ իմ հանդեպ ունեցած հետաքրքրության համար, ինչի արդյունքում բազմաթիվ հարսնացուներ, երիտասարդ աղջիկներ, կանայք, ինչպես նաև գործարար ոլորտի իգական սեռի ամենահայտնի ներկայացուցիչները նախընտրում են հենց իմ աշխատանքը: Դա ինձ համար պարտավորեցնող է և հաճելի փաստ:
Citylife.am- Որո՞նք են 2018թ. նախընտրելի գույները:
Ագա- Քանի որ նորաձևությունն ինքնին բավական դինամիկ երևույթ է, ինձ համար առավել կարևոր է այն, որ աղջիկները, կանայք ոչ թե հետևեն տվյալ ժամանակահատվածում ակտուալ գույներին, այլ կարողանան ճիշտ համադրել այդ գույները, ինչի շնորհիվ նրանք կդառնան էլ ավելի հմայիչ և գեղեցիկ:
Citylife.am- 2018թ-ին հոնքերի ո՞ր տեսակն է ակտուալ լինելու:
Ագա– Իդեալական շտկված հոնքերը, որոնք հնարավորինս բնական տեսք կունենան:
Citylife.am- Ըստ Ձեզ որո՞նք են կնոջ 5 հիմնական գեղեցկության գծերը:
Ագա– Չեմ ցանկանա առանձնացնել որևէ գիծ, պարզապես կասեմ, որ ինձ համար մարդու կարևոր հատկանիշներից մեկը ժպիտն է: Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ապահովել դրական մթնոլորտ, որովհետև որքան էլ արտաքին գեղեցկությունը հասցվի կատարելության, միևնույնն է, առանց ներքին գրավչության ամեն բան թերի կլինի:
Citylife.am- Ձեր կարծիքով կինը ո՞ր կոսմետիկ միջոցների վրա չպետք է խնայի գումար:
Ագա– Դա ինձ համար տոնային քսուկն է, որը կնոջը հնարավորություն է տալիս ոչ միայն թաքցնել դեմքի անցանկալի կողմերը, շտկել թերությունները, այլ նաև՝ դեմքին հաղորդում է խնամվածություն:
Citylife.am- Կառանձնացնե՞ք Ձեր սիրած գրական հերոսներին:
Ագա– Գուցե օրիգինալ չլինեմ իմ պատասխանով, բայց պետք է ասեմ, որ Փոքրիկ Իշխանն իմ ամենասիրելի հերոսն է, որովհետև ցանկացած տարիքում այն կարողանում է օգնել կյանքում ճիշտ կողմնորոշվելու հարցում: Ժամանակ առ ժամանակ վերընթերցում եմ այն և հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ նոր բացահայտումներ եմ անում ինձ համար: Ի վերջո՝ «Փոքրիկ Իշխան»-ը չհնացող է, և ամեն անգամ հասկանում եմ, որ իսկապես մենք պատասխանատու ենք այն մարդկանց համար, ում ընտելացրել ենք:
Citylife.am- Ագա՛, կյանքում ինչպիսի՞ն եք, ունե՞ք այլ հետաքրքրություններ, որոնց տրամադրում եք Ձեր ազատ ժամանակը:
Ագա– Կյանքում այնպիսին եմ, ինչպիսին աշխատանքում: Երբեք փոփոխությունների չեմ ենթարկվում, այսպես ասած այլ կերպարով չեմ ներկայանում: Ցանկացած իրավիճակում, ցանկացած վայրում ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Այլ հետաքրքրություններ շատ ունեմ, պարզապես գերզբաղված լինելու պատճառով չեմ հասցնում դրանց ուշադրություն դարձնել, ինչպես որ հարկն է: Բայց այս ամենով հանդերձ այցելում եմ մարզասրահ, աշխատում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, սակայն ինձ համար ամենաթանկն իմ ընտանիքի հետ անցկացրած ժամերն են: Որքան էլ հագեցած լինի օրս, միևնույնն է, երեխաներիս և ամուսնուս կողքին ես մոռանում եմ ցանկացած տեսակ հոգնածության և լարվածության մասին: Հենց նրանք են ինձ ուժ տալիս, և նրանց շնորհիվ եմ ես ամեն օր նոր լիցքերով և մտահղացումներով գնում աշխատանքի:
Citylife.am- Ինչպիսի՞ն է Ձեր խորհուրդը այս ոլորտում սկսնակներին:
Ագա– Խորհուրդ եմ տալիս երբեք չհանձնվել և չհիասթափվել, քանի որ դիմահարդարումն այնպիսի բան է, որ սկզբնական շրջանում գուցե ոչ բոլորի մոտ կարող է ստացվել այնպես, ինչպես իրենք կցանկանային: Ձեր առջև դրե՛ք նպատակ և անպայման կհասնեք դրան: Չկոտրվե՛ք, եղե՛ք միշտ մրցակցության մեջ, ունեցե՛ք Ձեր սեփական ձեռագիրը: Արդեն 5 տարի է, ինչ հիմնել եմ իմ ստուդիան, ունեմ հրաշալի թիմ՝ բաղկացած միմիայն պրոֆեսիոնալ մասնագետներից: Նրանց հետ ինքս իմ գիտելիքներն ու փորձն եմ փոխանցում մեր հարյուրավոր աշակերտներին: Բայց այսքանով, իհարկե, չեմ սահմանափակվում: Մի շարք երկրներում անցկացրել և անցկացնում եմ սեմինարներ, վարպետության դասեր, մասնագիտական հանդիպումներ, որոնց շնորհիվ ցանկանում եմ օգնել, առաջնորդել նրանց, ովքեր ընտրել են հենց դիմահարդարման ճանապարհը:
Հարցազրույցը՝ Շավարշ Պետրոսյան/Citylife.am/