
Citylife.am-ի զրուցակիցն է նկարիչ՝ Արամ Ասլանյանը:
Citylife.am- Ի՞նչը ձեզ տարավ դեպի արվեստ և երբ հասկացաք, որ հայտնվել եք այնտեղ, որը լիովին ձերն է։
Արամ- Դեռ մանկական տարիներից ինձ հետաքրքրել է արվեստը և մասնավորապես նկարչությունը: Ժամանակի հետ այն սկսեց ավելի մեծ և կարևոր դեր խաղալ իմ կյանքում: Այսօր ինձ համար նկարչությունը ոչ միայն աշխատանք է, կամ գեղեցիկը արտահայտելու միջոց, այլ նաև գործիք, որով ես կարող եմ ուսումնասիրել և բացահայտել իմ ներաշխարհը, հասկանալ ինքս ինձ:
Citylife.am- Եթե հնարավոր լիներ hետ տալ ժամանակը, նորից կնտրեի՞ք նկարչությունը։
Արամ- Փորձեմ ձևակերպել այսպես. նկարչությունը ոչ թե իմ ընտրությունն է այլ ի վերուստ է տրված այն:
Citylife.am- Նկարիչ ծնվու՞մ են, թե՛ դառնում։ Դա տաղանդ է, որը կարելի է զարգացնել ուսման միջոցով, թե՞ կարողություն ի վերուստ տրված ։
Արամ- Հետ հայացք գցելով իմ անցած ճանապարհին և աշխատանքներիս հասկանում եմ, որ նկարիչ ծնվում են, այլ ոչ թե դառնում: Այն մի կայծ է որ ոչ բոլորն են օժտված լինում: Իսկ երկարատև ուսումն ու աշխատանքը թույլ են տալիս հղկել այդ կայծը, տալ նրան բնորոշ գծեր և հատկանիշներ, դարձնել այն մշակված: Այս կերպ կայծից ծնվում է արվեստի կրակը: Մարդկային կյանքը առանց արվեստի նմանվում է մռայլ գոյատևման: Արվեստը այն կամուրջն է, որը կապում է մեզ գեղեցիկի՝ այդ ամենազոր ուժի հետ: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են արվեստով ունեն հատուկ առաքելություն գեղեցկությունը գնահատելու համար:
Citylife.am- Արդյոք կա՞ նախընտրելի ժանր, որով ստեղծագործում եք ավելի հաճախ։
Արամ- ժանրային սահմանափակումներ չեմ սիրում և նկարչությանը նայում եմ որպես մեկ ընդհանուր հոսք, որը գալիս է հնագույն ժամանակներից, հասնում է մեզ և փոխանցվում է գալիք սերունդներին: Գեղեցիկը տեսնելով ոգեշնչվում եմ և փորձում եմ պատկերել տարբեր տեսանկյուններով և այդ գեղեցկությունը կարող է արձագանքել իմ մեջ տարբեր ձևերով : Գագաթը մեկն է, բայց նրան հասնելու ճանապարհները բազմաթիվ են: Ամեն ինչում պետք է առաջնորդվել սիրով, լինել ազնիվ, անկեղծ և խոնարհ մեզ տրված շնորհի հանդեպ: Միայն այդ ժամանակ մենք կվայելենք մեր աշխատանքի բարիքները:
Citylife.am- Ի՞նչն է ոգեշնչում արվեստագետին ստեղծել այսպիսի տարբերվող, խորիմաստ և ինքնատիպ գործեր։
Արամ- Նկարչի համար ոգեշնչման աղբյուր կարող է ծառայել այն ամենը, ինչ գեղեցիկ է, ներդաշնակ և բնական:
Citylife.am- Արվեստը զոհեր է պահանջում>>․ համաձա՞յն եք այս մտքի հետ։Իսկ Դուք հանուն արվեստի զոհողությունների գնացե՞լ եք։
Արամ- Ինչ վերաբերում է նշված արտահայտությանը, իմ պարագայում հարցը կայանում է ընտրության մեջ:
Citylife.am- Շնորհակալություն զրույցի համար:
Հարցազրույցը`Շավարշ Պետրոսյան /Citylife.am/