Ինձ համար նրանք յուրահատուկ գեղեցկություն ունեն. Սարգիս Եղիազարյան

Citylife.am-ը հյուրընկալել է երիտասարդ երգիչ Սարգիս Եղիազարյանին, ով հանդիսատեսին ավելի հայտնի դարձավ իր «Սիրող սիրտս» երգով: Սարգիս Եղիազարյան անհատի կարևոր բնութագրիչներից են, որ նա ունի հրաշալի բնատուր ձայն, հետաքրքիր մատուցման ձև և որ ամենակարևորն է բազում դրական լիցքեր հաղորդելու կարողություն:

Citylife.am – Ո՞ր տարիքից եք սկսել երգել և արդյո՞ք երգչի մասնագիտությունը Ձեր ընտրությունն է եղել:

Սարգիս – Սկսել եմ երգել մոտ 5 տարեկանից, իմ ցանկությունն է եղել, բայց ընտանիքում եղել են երաժիշտներ. Հայրիկս մասնագիտությամբ երգիչ է` ժողովրդական երգեր է երգում, պապիկս` դուդուկահար, կլառնետահար: Դա նաև փոխանցվել է ինձ, քանի որ ընտանիքում եղել են երաժիշներ ինձ մոտ նույնպես ցանկություն առաջացավ: Չնայած տարիք էր եկել, որ ծնողներս չէին ուզում, ասում էին, որ ավելի լավ է պաշտոնական մասնագիտություն ընտրեմ, բայց ես մնացի իմ կարծիքին և շարունակեցի երգել, դա էր իմ ցանկությունը, իմ կյանքը և ես ապրում էի ու ապրում եմ երգով:
Սովորել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում 2009-2014 թթ.` դասական վոկալ բաժնում: 5 տարի դադար եղավ, քանի որ այդ ժամանակ ձայնի փոփոխման շրջանն էր, չէի կարող երգել: Սովորելու ժամանակ, ես պարապում էի քոլեջում` դասական վոկալ, դա ավելի մեծացրեց երաժշտական ժանրի կատարման ձևերը, այսինքն կարողացա ժողովրդական երգից բացի, երգել նաև այլ երգեր` դասական, էստրադային. Փոքր ժամանակ հիմնականում ժողովրդական երգեր էի երգում: Քոլեջն ավարտելուց հետո կոնսերվատորիա չեմ սովորել, բայց ցանկություն կա ոչ թե Հայաստանի, այլ Գերմանիայի կոնսերվատորիայում ինչ-որ ժամանակ սովորել: Այստեղ չեմ ընդունվում, որովհետև միտքս ու ցանկությունս Գերմանիայի կոնսերվատորիան է: Բայց իմ դասախոսի մոտ, ով նույնպես Հայաստանի կոնսերվատորիայում է դասավանդում, նրա հետ միշտ պարապում եմ` մասնավոր դասերի եմ գնում:

Citylife.am – Դուք նաև ստեղծագործում եք և բնական է, որ ոգեշնչման աղբյուր ունեք. Կասե՞ք ով կամ ինչն է Ձեզ ոգեշնչում:

Սարգիս – Ոգեշնչումը մեր հայ գեղեցիկ աղջիկներն են: Ինձ համար նրանք յուրահատուկ գեղեցկություն ունեն և միշտ էլ տարբերվել են իրենց գեղեցկությամբ, հեզությամբ և իրենց տեսակով: Չկա ինչ-որ մի աղջիկ, ումով կոնկրետ ոգեշնչվում եմ ստեղծագործելու ժամանակ: Ոգեշնչվում եմ երաժշտությունով, մտքերով, կարող է լսեմ ինչ-որ սիրային գեղեցիկ պատմություն և դա ինձ ոգևորի:

Citylife.am – Սարգիս Ձեր երգերը սիրո մասին են. Կարելի՞ է ասել, որ դուք սիրո երգիչ եք:

Սարգիս – Կարելի է ասել: Մի հետաքրքիր պատմություն կա. Տարիներ առաջ` մոտ 22 տարի, ես ծնվեցի Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի օրը, կարծում եմ դա է պատճառը, որ հոգեհարազատ է, և սիրո մասին երգելու զգացողությունը ինձ մոտ կա:

Citylife.am – Մենք Ձեզ տեսնում ենք (պատկերացնում ենք ) միայն սիրո թախծոտ երգեր երգելիս. Իսկ դուք Ձեզ պատկերացնո՞ւմ եք մեկ այլ ոճում:

Սարգիս – Իհարկե, շուտով կլինեն ավելի ուրախ, աշխույժ, պարային ստեղծագործություններ. Արդեն ձայնագրությունները կատարվում են: Ճիշտ է, նորից կլինի մեր գեղեցիկ հայ աղջիկների մասին, ուղղակի մի փոքր ավելի ուրախ, քանի որ փոփոխություն է պետք: Ինձ միշտ գրում են, թե որն է պատճառը, որ տխուր եք, տխուր երգեր եք երգում կամ հաճախ գրում են կարող է ինչ-որ բան եք կորցրել դրա համար եք տխուր երգեր երգում: Բայց ոչ, այնպես չի, որ ինչ-որ պատճառ կա, ուղղակի դա ավելի հոգեհարազատ է, ու իմն է: Ես սիրում եմ երգելով դա ասել, այսինքն իմ ցանկությունը, մտքերը այդպես եմ թելադրում: Բայց աշխույժ երգերի մեջ կլինեն նորություններ և հետաքրքիր անակնկալներ:

Citylife.am – Համոզված եմ Ձեր բոլոր երգերն էլ սիրում եք, բայց կառանձնացնե՞ք այն մեկը, որը Ձեզ ավելի հոգեհարազատ է:

Սարգիս – Կառանձնացնեմ «Դու սիրուն» երգը, դա իմ առաջին գրած երգն է: 2015 թվականի ձմռանն եմ գրել, բայց պրեմիերան եղավ 2016 թվականի ամռանը, քանի որ պատճառներ կային: «Դու սիրուն» երգը, քանի որ իմ առաջին երգն է, այդ պատճառով էլ ամենասիրելին է, բայց մյուսներն էլ հավասարաչափ սիրում եմ, որովհետև եթե չսիրես երգը, չես կարողանա երգել և դիմացինդ չի զգա այն ինչ ուզում ես դու փոխանցել: Այս երգից հետո ունեցել եմ շատ հրաշալի կոմպոզիտորների կողմից գրված երգեր, որոնք նույնպես շատ եմ սիրում:

Citylife.am – «Սիրող սիրտս» երգը տարբերվեց Ձեր մյուս երգերից. Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում այս երգից հետո:

Սարգիս – «Սիրող սիրտս» երգը կարելի է ասել ինձ ճանաչում տվեց. Մարդիկ այդ երգով սկսեցին ինձ ճանաչել: Մինչ դա ունեցել եմ էլի երգեր, բայց «Սիրող սիրտս» երգի արձագանքները այլ էին, մինչ այսօր էլ այդ երգը երգում եմ. Հրավերքներ են լինում հարսանյաց հադեսներին, որ գնամ կատարեմ այդ երգը: Իմ այցեքարտն է դարձել: Մոտ 2 տարի առաջ է եղել պրեմիերան, բայց չի հնանում մարդկանց կողմից, շատ եմ հանդիպում համացանցում և շատ ուրախ եմ: Ես չէի պատկերացնի, որ այդքան կսիրվի այս երգը, որովհետև երգը ներկայացնելուց առաջ ոչ ոք չգիտի, թե ինչ արձագանք կունենա այդ երգը: Այս երգը շատ թանկ և հոգեհարազատ է ինձ համար, որովհետև իրական սիրո պատմություն է, և պատվեր է եղել: Երբ իրական պատմության հիման վրա է երգը ավելի հաճելի է երգելը, և շատ ուրախ եմ, որ ինչ-որ տեղ նաև օրինակ ծառայեց այս տեսահոլովակը կամ երգը, որ մարդիկ շարունակեցին նմանատիպ քայլեր անել, ես ուղղակի ուրախ եմ:

Citylife.am – Այսօր դուք բավականին սիրված եք և ունեք Ձեր երկրպագուների բանակը. Այս ամենին հասնելու ճանապարհին եղե՞լ են որևէ դժվարություններ:

Սարգիս – Դժվարություններ շատ են եղել, բայց ես հիմա չեմ համարում, որ ինչ-որ բանի եմ հասել, որ սա պետք է լինի. ես հիմա ուղղակի համարում եմ սա լավ սկիզբ «Սիրող սիրտս» երգով. սա ինձ համար դեռ սկիզբն է: Պետք է աշխատեմ մինչև իմ կյանքի վերջ, որովհետև ոչինչ չի լինում հեշտ ու միանգամից: Ճիշտ է, լինում են երգեր, որ ունենում են հաջողություն, բայց եթե դու դադարես աշխատել, դադարես մտածել, որ պետք է քրտնաջան աշխատել, ապա հաջողությունը հաստատ կկորի: Այդ պատճառով միշտ աշխատում եմ ու չեմ մտածում, որ բավական է, որովհետև դեռ շատ բան ունեմ անելու և սովորելու մեր ավագ ընկերներից. Բոլորի անցած ճանապարհն էլ դժվար է եղել, ոչ ոքինն էլ հեշտ չի եղել: Իմ ճանապարհը մի փոքր դժվար եղավ, քանի որ «Սիրող սիրտս» երգի պրեմիերան լինելուց` մոտ 15 օր հետո ես գնացի բանակ: Եվ շատ ուրախ եմ ու հպարտ եմ, որ ծառայել եմ Հայոց բանակում: Բայց կարիերայի տեսանկյունից ես արեցի մի գործ, որը ունեցավ մեծ հաջողություն և դրանից հետո 2 տարի դադար եղավ, դա շատ դժվար էր: Չնայած նրան, որ ամեն արձակուրդիս ժամանակ մի նոր երգ եմ հրապարակել, բայց միևնույն ժամանակ դադարը մնում է դադար: Շատ ուրախ եմ, որ գնացի և պարտքս տվեցի Հայոց բանակին, լինելով նաև քառօրյա պատերազմի մասնակից, հիմա խիղճս ավելի հանգիստ է. Կարողանում եմ ստեղծագործել շատ ավելի հեշտ ու լավ, որովհետև քայլերս ավելի վստահ են:

Citylife.am – Ձեր երկրպագուհիները, երբևէ արե՞լ են ինչ-որ օրիգինալ անակնկալ, որը դուք երբեք չեք կարող մոռանալ:

Սարգիս – Անակնկալներ շատ են լինում` վիդեո-հոլովակներ, նվերներ: Իրենց ամենամեծ անակնկալը, որ երբեք չեմ մոռանում` իմ երգերը իրենց հետաքրքիր կատարմամբ: Շատ են լինում երկրպագուներից, որ ուզում են հանդիպեն, նվերներ հանձնեն, ես անպայման հանդիպում եմ: Ես շատ շնորհակալ եմ բոլորին, որ իմ երգերը հավանում են, սիրում են, գնահատում են, որովհետև ես իրենց շնորհիվ է, որ կարողանում եմ ինչ-որ բան անել, իրենց լավ խոսքերից եմ ես ոգեշնչվում, փորձում եմ շարունակել: Եթե նրանք չլինեն, նրանց լավ խոսքերը չլինեն, ես չեմ ոգևորվի և չի լինի այն ցանկությունը երգելու, որը հիմա կա: Շնորհակալ եմ, որ կաք և այս դադարից հետո չեք մոռացել և էլի լսում ու հետևում եք ինձ:

Citylife.am – Բացի երգարվեստից, ազատ ժամանակ ինչո՞վ է զբաղվում Սարգիս Եղիազարյանը:

Սարգիս – Գրեթե ազատ ժամանակ չի լինում, որ մեկ ուրիշ բանով զբաղվեմ, քանի որ եթե նվիրվում ես մի աշխատանքի, ուրեմն ամբողջ հոգով պետք է նվիրվես: Եթե ժամանակ եմ ունենում մարզասրահ եմ հաճախում: Ընկերներիս հետ գրեթե ամեն օր հանդիպում եմ, թե՛ երաժշտական, թե՛ ստուդիայում. Միշտ երաժշտության մեջ ենք, ամեն ինչ կապված է երաժշտության հետ:

Citylife.am – Կառանձնացնե՞ք այն երգիչ կամ երգչուհիներին, որոնց ստեղծագործական ուղին Ձեզ հիացնում է, կամ ուղղակի հետաքրքրված եք նրանց գործունեությամբ:

Սարգիս – Չեմ առանձնացնի, բայց բոլորին էլ շատ սիրում եմ և հետևում: Լսում եմ, և՛ արտասահմանյան, և՛ հայկական երգիչների` տարբեր ժանրերի, տարբեր ոճերի երգեր: Քանի որ բոլորից էլ ունենք սովորելու բան, նաև մեր հայ երգիչներից, բոլորն էլ շատ տաղանդավոր են, մեր ընկերներն են, շատ ուրախ եմ, որ Հայաստանում ունենք նման լավ արտիստներ:

Citylife.am – Այսօր շատ երգիչ, երգչուհիներ հայտնվում են սերիալներում. Հնարավո՞ր է մի օր էլ Ձեզ տեսնենք, որպես դերասան:

Սարգիս – Այո, հնարավոր է: Ես չեմ համարում, որ դա վատ բան է, և երգիչը պետք է չանի: Եթե գա ժամանակ, որ հասկանամ կարող եմ ինձ լավ դրսևորել այդ ասպարեզում, մի փոքր էլ աշխատեմ ինձ վրա, ապա անպայման կտեսնեք: Հնարավոր է, սաունդրեք երգելիս տեսնեք, բայց ինչ-որ ֆիլմային բան հաստատ կլինի:

Citylife.am – Կա՞ն որևէ սահմանափակումներ կամ միջոցառումներ, որոնց երբեք չեք մասնակցի:

Սարգիս – Սահմանափակումներ չկան: Բնական է, եթե ամեն ինչ մակարդակով է` հարսանյաց հանդեսներ կամ կորպորատիվ միջոցառումներ, բնականաբար, կմասնակցեմ, բայց եթե ստանդարտներին չհամապատասխանի ինչ-որ բան, բնական է չեմ մասնակցի, բայց նման բաներ շատ քիչ են լինում:

Citylife.am – Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք երգչին իր հանդիսատեսին հետաքրքիր լինելու համար:

Սարգիս – Պետք է միշտ հետաքրքիր լինել, անկեղծ: Անկեղծությունը շատ կարևոր է, թե՛ հանդիսատեսի, թե՛ քո երգերի հետ, այսինքն չմտածել մի բան անել զուտ անելու համար: Եթե երգը սիրով ու սրտով ես կատարում, ապա այն կունենա մեծ հաջողություն: Եթե սիրով չանես դիմացինդ չի զգա այդ սերը: Պետք է լինել հետաքրքիր, տարբերվել, այդ ամենով առաջնորդվել և շարունակել ստեղծագործական կյանքը:

Citylife.am – Եվ վերջում, մի փոքր պատմե՞ք Ձեր առաջիկա ծրագրերի մասին:

Սարգիս – Մոտակա օրերս մի երգ կթողարկեմ, որը կոչվում է «Քեզանից թաքուն» կրկին սիրո մասին է: Քանի որ փետրվար ամիսը սիրային ամիս է, չնայած ես մեր հայկական տոներն եմ ավելի շատ ընդունում, ուղղակի Սուրբ Սարգսի տոնին դեռ երգը վերջնական տարբերակով պատրաստ չէր: Այս պրեմիերայից հետո կլինի արդեն աշխույժ, պարային երգ, որը իմ ժողովրդին կհանձնեմ մարտ ամսին: Դա շարունակական կլինի, այս տարվա իմ բոլոր երգերը կլինեն տեսահոլովակի տեսքով: Փակագծերը շատ չբացեմ, բայց կլինեն հետաքրքիր զուգերգեր արտիստուհիներից կամ արտիստներից մեկի հետ:
Վերջում կասեմ, որ բոլորիդ շատ շնորհակալ եմ, որ ինձ հետևում եք, իմ կողքին եք; Բոլոր այն մարդկանց ովքեր մինչ այսօր իմ կողքին են եղել և շարունակելու են իմ կողքին մնալ, որովհետև դուք ինձ ուժ եք տալիս և ստեղծագործելու նոր մտքեր:

Citylife.am – Շնորհակալ եմ Սարգիս, անկեղծ և դրական լիցքերով զրույց ապահովելու համար. Ձեզ մաղթում եմ անսպառ եռանդ, իսկ ստեղծագործական կյանքում՝ նորանոր հաջողություններ:

Հարցազրույցը՝ Մարինե Մանջիկյան /Citylife.am/