Այսօր Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը տոնում է հիմնադրման 87-ամյակը: Citylife.am-ը նույնպես շնորհավորում է Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմին թատրոնի 87-ամյակի կապակցությամբ, մաղթում նորանոր ստեղծագործական ճանապարհներ:
Անսովորի սովորական ծնունդն էր։
Փորձել էր սիրողական երկունքների շնորհիվ մի քանի լույս աշխարհ գալ, սակայն չէր ծնվել։Հյուրախաղերի էին եկել հայոց հնամենի բեմի հին ու նոր վարպետները և հեռացել էին իրենց հետ տանելով թատերական ծննդի երկունքը։Չկար թատերական լայն տարածք և երկունքի միջավայր։Փոքրիկ գյուղաքաղաք էր և բավարարվում էր պրոֆեսիոնալ եկվորների ու սիրողական սեփականի սիրախաղով։Դրանց ամուսնության համար պետական նեցուկ էր պետք,որ կատարվեր պսակը։Եվ ութսուն տարի առաջ օրհնվեց Մեծ Սև թատրոնի ծնունդը,որի կնունքին մասնակցելու էին եկել թատերարվեստի ու թատերակաների հայրենի ու օտար մեծերը։Եկել էին ոչ գովելի վիճակով,այլ նորաստեղծ բեմում մշտական գրանցման,տանտեր դառնալու միտումով։
Եվ բեմի հայ ու օտար մեծերի պարտիզպանային հարազատ օրհնությամբ էլ ձևավորվեցին թատերական այս տարածքի պրոֆեսիոնալ շիվերը։
Ստեղծվեց հայոց աշխարհում թատերական մի օջախ,մի նոր այգի,որի տասնամյա ծառերի հայրենանվեր սոսափը պիտի տարածվեր թատրոնի հզոր մոգերից մեկի`ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆԻ պարտավորեցնող անվան հովանու ներքո։
Սովորականի անսովոր ծնունդն էր։
ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ (2011 թվական)
Աբելյանցիներին իր շնորհավորանքի խոսքն է հղել դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը:
Յանովսկու «Ցասում» ներկայացումից մինչև այսօր՝ երբ հերթական բեմադրության փորձերն են հիմա Աբելյանցիների բեմում, պարզվում է 87 տարի է անցել: 2065 տարվա թատրոնի պատմություն ունեցող ազգի համար, դա անգամ պատանու հասակ էլ չէ, սակայն, թատերարվեստի տիեզերքի այն գալակտիկան, որը «Աբելյանի անվան դրամատիկական թատրոն» անունն է կրում, այդ տարիներին լի է եղել աստեղնային շնչառությամբ և, մշտապես, նոր լուսատուների արարման դրվագներով:
Խորապես քննելով մեր թատրոնի անցած բեղմնավոր ճանապարհը, այսօրվա հայոց և համաշխարահային թատերարվեստի զարգացման միտումներն ու Աբելյանցիների տեղն այդ համայնապատկերում, վստահաբար կարող եմ ասել, որ գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի, տնօրենի՝ ճանաչված դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի կողմից ստեղծված բարերար, նոր մտահղացումների և հավակնումների աննախադեպ մթնոլորտը, թատերախմբի ստեղծագործական շնորհաշատ լիցքն ու ինքնադրսևորվելու ազատ պայմանները, այս պահին նման են կրիտիկական այն վիճակին, որը նախորդել է Տիեզերածին Մեծ պայթյունին:
ՈՒր որ է դա էլ կլինի և, ի դեմս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, կունենանք մի նոր թատերաշխարհ, թատերական մի նոր Տիեզերք:
Շնորհավոր 87-րդ տարեդարձը, թանկագին Աբելանցիներ:
Նյութը` Մարինե Մանջիկյան/Citylife.am/