Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Yerevan New Year Run 2017»-ը

Դեկտեմբերի 24-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Yerevan New Year Run 2017»-ը` Ձմեռ պապիկների ամանորյա բարեգործական վազքը: Վազքուղու երկարությունը եղել է 5 կմ, և ընտրությունը պատահական չէր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ 5 կիլոմետրը համարժեք է 1000 քայլի, որը համարվում է օրվա ընթացքում անհրաժեշտ շարժողական ակտիվության նորմա: Վազքն իրականացվեց Երեւանի քաղաքապետարանի, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի, «Երևանի կիսամարաթոն»-ի և «Թրի Քլաբ»-ի հետ: Ձմեռ պապերի վազքի մեկնարկից անմիջապես հետո նույն ուղով իրականացվեց նաև քայլերթ, որին մասնակցեցին բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման եւ անկախ ֆիզիկական կարողություններից: Երեք գեղեցիկ երեխաների մայր Անժելա Աճեմյանը, շատ երջանիկ ընտանիք ուներ: Ամեն տարի Անժելայի երեխաները բոլոր երեխաների նման զարդարում էին տոնածառը և սպասում, թե երբ են եղևնու տակ դրված նվերները բացելու: Իրադարձությունները ցավոք սրտի այնպես դասավորվեցին, որ այս տարի Անժելայի երեխաները չունեն իրենց սեփական տունը: Իսլամական ծայրահեղականները գերի վերցրեցին Անժելայի ամուսնուն և սկեսրարին: 4 ամիս շարունակ խոշտանգելուց հետո նրանց դաժանաբար սպանեցին: Բոլոր սարսափելի գործողությունները լուսանկարվել են և առկա են առցանց: Այս ամենից հետո Անժելան մնաց լրիվ միայնակ: Ի վերջո նա կարողացավ իր մեջ քաջություն գտնել և շատ մեծ դժվարություններ հաղթահարելով հասավ Հայաստան: Այդ ամենն անդրադարձավ Անժելայի առողջության վրա: Նրա մոտ հայտնաբերվեց շաքարախտ և առողջական այլ խնդիրներ: Միակ շարժիչ ուժը Անժելայի համար իր տաղանդավոր երեխաներն են: Նրա ավագ երեխան նկարում է և նվագում կիթառ, միջնեկը՝ ջութակ, իսկ փոքրը` Երևանում Թեքվանդոյի չեմպիոն: Այդ պատճառով էլ որոշեցին վազքի գրանցումներից հավաքված ամբողջ հասույթը ուղղել Անժելայի և նրա երեխաների համար բնակարան գնելուն:

 

Նյութը` Նարե Հակոբյանի /Citylife.am/