Citylife.am-ի զրուցակիցն է դերասանուհի Էմմա Մանուկյանը:
Citylife.am – Էմմա՛, դուք սիրված եք հանրության կողմից, որպես տաղանդավոր և պրոֆեսիոնալ դերասանուհի։ Կպատմեք, թե ո՞վ Ձեզ ոգեշնչեց և ինչպե՞ս արեցիք Ձեր առաջին քայլերը այս ոլորտում։
Էմմա – Առաջին քայլերս արել եմ մանկապարտեզում՝ լինելով բոլոր հանդեսների հերոսուհին։ Ստաժավոր Ուստիան, հետո դպրոցում էի, արդեն՝ վարպետ Ուստիան։ 9 տարեկանում ընդունվեցի Պարարվեստի պետական ուսումնարան և մոռացա խաղալու մասին։ Ավարտելուց հետո հասկացա, որ չեմ կարող պարել։ Նոր բան եմ ցանկանում և հիշեցի Ուստիանին։ Ընդունվեցի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Առաջին քայլերս արել եմ վարպետ և պրոֆեսոր՝ Սաթենիկ Մաթևոսյանի արվեստանոցում: Իմ բոլոր աշխատանքների հիմքը 416 լսարանն է և Սաթենիկ Մաթևոսյանը։
Citylife.am – Դուք հանդես եք եկել բազմաթիվ կերպարներում: Ձեզ համար, ո՞ր դերակատարումն է ավելի հոգեհարազատ՝ իր բարդություններով և հետաքրքրություններով։
Էմմա – Դրանք շատ են և չեմ կարող ինչ-որ մեկը առանձնացնել։ Ուսանողական տարիներին շատ էի սիրում Համաստեղի <<Պատկերներ և ստվերներ>> ներկայացման մեջ՝ իմ դերը, այնուհետև խաղացել եմ մոնոներկայացում ռեժիսոր՝ Սուրեն Սաֆարյանի բեմադրությամբ Շեքսպիրի <<Ջուլիետ>>-ը. Շատ էի սիրում այդ ներկայացումը։ Այժմ սիրում եմ Կատիայի կերպարը՝ Գրիգոր Խաչատրյանի բեմադրած ներկայացման մեջ։
Citylife.am – <<Եթե գտնեմ քեզ>> հեռուստասերիալում նկարահանվելուն զուգահեռ հանդես եկաք <<Դեպի վայրէջք>> հեռուստասերիալում՝ Սառայի կերպարով։ Ինչպե՞ս կարողացաք արտահայտել հերոսուհու ցավն ու դրամատիկ էմոցիաները, և ինպե՞ս կարողացաք հաղթահարել դերակատարման բարդությունները:
Էմմա – Չեմ կարող ասել ինչպե՞ս կարողացա։ Ինձ համար դերասանի աշխատանքը բանաձևեր չունի, ես չեմ կարող վերլուծել իմ աշխատանքը։ Սառայի կերպարն իրոք բարդ էր ինձ համար և հիմնականում աշխատել եմ ներըմբռնողական։ Փորձում եմ քիչ սնվել, քիչ քնել, ամեն կերպ մաշեմ ինձ, որ զգայարաններս լավ աշխատեն, թույլ լինեմ, որ կարողանամ դրամատիկ դերակատարումներս լավագույնս ներկայացնեմ:
Citylife.am – Ձեր մասնագիտական ուղուց կարո՞ղ եք նշել մի շրջան, որն առավել հոգեհարազատ է Ձեզ, և հատկապես այն ամենը ի՞նչ գործով է պայմանավորված:
Էմմա – Չեմ կարող առանձնացնել որևէ շրջան։ Ամեն մի նոր աշխատանք ինձ համար մեծ ու կարևոր շրջափուլ է։ Մի նոր իրականություն, որին ես տրվում եմ ամբողջությամբ։ Ամեն մի օրը, որ ես ապրում եմ <<առաջադրվող հանգամանքներում>> ինձ համար մեծ երջանկություն է։
Citylife.am – Էմմա՛, դուք մեծ մասամբ մարմնավորել եք դրական, մելանխոլիկ կերպարներ։ Կնդունե՞ք բացասական կերպար մարմնավորելու առաջարկը։
Էմմա – Անշուշտ հաճույքով կնդունեմ առաջարկը:
Citylife.am – Խոսենք Ձեր նախասիրություններից։ Ի՞նչ նախասիրություններ ունեք թատրոնից և նկարահանման հրապարակից դուրս։
Էմմա – Ազատ ժամանակ հիմնականում գրքերիս հետ եմ անցկացնում: Բոլորովին վերջերս նոր հոբբի եմ ձեռք բերել. դա յոգան է: Առայժմ շատ է գրավում, թե՛ որպես պրակտիկ մարզանք, և թե՛ տեսական ուսումնասիրության նյութ:
Citylife.am – Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունեք ապագայի հետ կապված՝ Ձեր մասնագիտության ոլորտում։ Կա՞ն այնպիսի երազանքներ, որոնց ձգտել և հասել եք, և կա՞ն այնպիսիները, որ դեռ չեք հասել:
Էմմա – Երազում եմ օրը 24 ժամ աշխատել իմ մասնագիտությամբ։ Կարևորը միշտ պրոցեսի մեջ լինելն է։ Երազել պետք չէ, այլ հարկավոր է աշխատել։
Citylife.am – Ո՞րն է Ձեր ամենասիրելի դերասանը կամ դերասանուհին ում հետ կցանկանայիք դեր կերտել։
Էմմա – Սիրելի դերասաններիս ցուցակը ահռելի է: Շատերի հետ կցանկանայի աշխատել, բայց ավելի շատ նախընտրում եմ աշխատել իմ սիրելի ռեժիսորի հետ: Ես՝ ռեժիսորապաշտ դերասան եմ: Այսօր շատ կան ինքնատիպ և հետաքրքիր ռեժիսորներ, նամանավանդ համաշխարհային թատրոնում: Նրանց ստեղծած թատերական իրականության մեջ լինելը ինձ համար մեծ երազանք է, և պատիվ:
Citylife.am – Էմմա, վերջում ի՞նչ խորհուրդ կտաք այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են դառնալ դերասան և չգիտեն որտեղից սկսել։
Էմմա – Խորհուրդ չեմ կարող տալ, բայց կարող եմ մեջբերել Մարչելո Մաստրոյանի խոսքերը. <<Եթե ուզում ես դերասան դառնալ, առաջին հերթին սովորիր սպասել>>: Նստել և սպասել հեռախոսազանգին՝ ինձ կհասկանան դերասանները:
Citylife.am – Շնորհակալ եմ, էմմա, լավատեսական և հետաքրքիր հարցազրույցի համար:
Հարցազրույցը`Կարինե Հովհաննիսյան /Citylife.am/