
Citylife.am-ը հյուրընկալել է երգիչ Սպարտակ Առաքելյանին:
Citylife.am – Ձեր տեսահոլովակները բավականին շատ դիտողականություն ունեն, բայց Ձեր մասին կարելի է ասել, շատ քիչ է խոսվում. Ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք հատուկ է մտածված:
Սպարտակ – Ոչ, հատուկ մտածված ոչինչ չկա, ուղակի իմ բնավորությունը այն բնավորություններից չէ, որ ցանկանամ երևալ: Ավելի շատ սիրում եմ պարփակված մնալ:
Citylife.am – Ձեր և Արթուր Երիցյանի կատարած` «Հարսի շորով» երգը, շատ քիչ ժամանակահատվածում ունեցավ 1.000.000-ից ավելի դիտում և սիրվեց շատերի կողմից. Գիտենք, որ արդեն ներկայացրել եք Ձեր նոր երգը, մի փոքր պատմե՞ք երգի մասին և արդյո՞ք երգը կունենա տեսահոլովակ:
Սպարտակ – «Հարսի շորով» երգը, որպես այդպիսին չունի հատուկ տեսահոլովակ: Ներկայացված տեսահոլովակը նկարահանվել է հենց հարսանիքի ժամանակ, իսկ «Հայուհի» երգը, քանի որ մեր ընկեր՝ DJ. Դավոն Հայաստանում չէր, որոշեցինք երգը ներկայացնել այնպես, ինչպես հիմա է: Կարծում եմ, որ արդեն հրապարակված երգը, որը առանց տեսահոլովակի է, իմաստ չունի հրապարակումից հետո անել տեսահոլովակ և տեղադրել այն, քանի որ երգն արդեն հրապարակվել է և ունի դիտողականություն: Բայց, շուտով կունենանք այլ երգ, որը կունենա իր համար նախատեսված տեսահոլովակ:
Citylife.am – Դուք այն եզակի երգիչներից եք, որ երգում եք հոգևոր երգեր, ունեք նաև զուգերգ` Դավիթ Թուջարյանի հետ. Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք երգել նաև հոգևոր երգեր, ինչի՞ հետ է դա կապված:
Սպարտակ – Կապվածության հետ ինչ-որ կոնկրետ բան չկա, բոլորս հավատացյալ ենք. Ես կապ չունեմ աղանդների հետ, Առաքելական եկեղեցու հետնորդ եմ, բայց այն տաղանդը, որ տրված է մարդկանց, պետք է ծառայի նաև Աստծուն: Որոշեցինք մեր աշխատանքի շնորհիվ գովերգել նաև Աստծուն: Բայց հատուկ կապող ինչ-որ բան չկա, որ կապում է հոգևոր երգի հետ` բացի նշածներիցս:
Citylife.am – Լինում են դեպքեր, որ երգիչները երկար ժամանակ ներկայանալով նույն ոճի մեջ, փոխում են իրենց ոճը և ներկայանում մեկ այլ ոճում. Հնարավո՞ր է, որ մի օր էլ Ձեզ տեսնենք մեկ այլ ոճի մեջ:
Սպարտակ – Ես, անկեղծ ասած տարբեր ոճերի մեջ եմ երգում՝ ժողովրդական, ռաբիզ, երևանյան ֆուկլյոր: Նախընտրած ինչ-որ ոճ չկա, ես երգում եմ այն, ինչ սիրում է ժողովուրդը: Ես երգել եմ նաև ռեստորաններում, և կարծում եմ պետք է մատուցես այն, ինչ կամենում են:
Citylife.am – Կարծիքները շատ են, որ ռեստորանում երգող երգիչները չունեն համապատասխան կրթություն և աղավաղում են երգարվեստը. Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին:
Սպարտակ – Նման մարդկանց ես շատ եմ ասել, եթերից դուրս նրանք ինձ հետ համաձայն են: Անկեղծ ասած, իհարկե, չեմ ցանկանա թվարկել անուններ, բայց այդ նույն մարդիկ, ովքեր քննադատում են, եթերից դուրս նրանք լրիվ հակարակ կարծիքի են, և արդարացումն այն է, որ խոսում ենք այն, ինչ պարտադրում է ֆորմատը, դրանից դուրս անձնական կարծիք հայտնելու իրավունք չունենք: Իսկ ռեստորանում երգող երգիչներն այն մարդիկ են, ովքեր 4-5 ժամ լինելով բեմում, երգում են կենդանի ձայնով և այդ ընթացքում 2-3 ֆալշ լինի, թե ոչ: Թող մտածեն այն մարդիկ, ովքեր անգամ 6 ամսում չեն կարողանում պատշաճ ներկայացնել երգը: Մտնում են ստուդիա, մասնիկ առ մասնիկ հավաքում են երգը և իրենք իրենց կոչում են երգիչ: Բայց եթե խնդրես երգեն ակապելլա, վստահ եմ կհրաժարվեն: Իսկ այդ նույն վերոհիշյալ մարդիկ այն մարդիկ են, ովքեր նվագում և երգում են համերգներին: Մեր հանրությունը դա դիտում է, և՛ Մարզահամերգային համալիրում, և՛ այլ վայրերում: Նույն ռուսական էստրադային երգիչները, ֆրանսիական շանսոն երգիչները անցնում են նախնական մի փուլ, որը կարելի է անվանել այս դեպքում` դպրոց, որի շնորհիվ դառնում են լավ երգիչ-երաժիշտներ: Առանց այդ պրակտիկ դպրոցի, չեն կարող իրենք լինել լավը: Տարբեր հաղորդումներում ներկա գտնվելիս, ոմանց բազմաթիվ հարցեր են տվել, և նրանք ուղակի չեն կարողացել պատասխանել: Նշեմ նաև, որ երգարվեստը դա տիեզերական մի բան է, որը իր մեջ կրում է անվերջություն և ինչքան սովորես, միևնույն է սովորել դեռ պետք է:
Citylife.am – Գերակշռող դեպքերից է, երբ երեխաները` ընտրում և շարունակում են իրենց ծնողների մասնագիտությունը. Գիտենք, որ Ձեր որդին ապագա ֆուտբոլիստ է, ինչպե՞ս եք վերաբերվում այդ խնդրին և հնարավո՞ր է` տեսնենք Ձեր որդուն երգարվեստում:
Սպարտակ – Իմ երեխաները երաժշտական առումով շատ բարձր մակարդակի վրա են, իրենց մտածելակերպը դեպի երգարվեստ այլ է, բայց այդ գծով չեմ կարծում, որ կգնան: Կոնկրետ տղաս ֆուտբոլիստ է, և ֆուտբոլն իր համար այլ բան է: Նա չի զբաղվում ուղղակի սիրողական ֆուտբոլով, այլ զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Ի դեպ, նա 11 տարեկան է, բայց բավականին առաջընթաց ունի այս ասպարեզում: Տղայիս համար բացի ֆուտբոլից, այլ բան գոյություն չունի:
Citylife.am – Եվ վերջում, Ի՞նչ խորհուրդ կտաք այս ոլորտում սկսնակներին:
Սպարտակ – Ես սկսնակներին մի խորհուրդ կտամ, որ փնովելուց առաջ նայեն իրենց, հետո նոր փնովեն և փոքրիկ հաջողությունից անգամ չկուրանան և բարձրանալուց, ինչ-որ հաջողության հասնելուց հիշեն, որ կարող են ավելի հեշտ ընկնել: Ինչպես ասում են` բարձրանալուց բարևիր, որպեսզի ընկնելուց չամաչես:
Հարցազրույցը` Նիկ Գալստյան /Citylife.am/