Պահեր են լինում, երբ թվում է, թե դրական կերպար մարմնավորելու հարցում լճացման պրոցեսս է սկսվել. Իննա Խոջամիրյան

Citylife.am-ն այս անգամ զրուցել է դերասանուհի և հոգեբան Իննա Խոջամիրյանի հետ:

Citylife.am – Իննա, դուք մասնագիտությամբ հոգեբան եք. Ինչպե՞ս և ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ մասնագիտությունը։

Իննա – Դերասանական արվեստը ցավոք իմ մասնագիտությունը չէ. դա իմ աշխատանքն է։ Քիչ չի լինում, երբ աշխատում ես ոչ քո մասնագիտությամբ։ Ինչքան էլ փորձում եմ պարբերաբար մասնագիտական գրականություն կարդալ, հետաքրքրվել, քչփորել՝ միևնույն է, մասնագետ չեմ դառնա առանց կրթական համապատասխան կառույցի օգնության։ Սակայն, այս աշխատանքն ավելի քան սիրում եմ և նվիրված եմ։

Citylife.am – Ինչո՞ւ ընտրեցիք դերասանի մասնագիությունը, և ո՞ր դերի մասին եք երազում այժմ:

Իննա – Որպես դերասան ինքնաբուխ կերպով սկսեցի աշխատել. հանգամանքներն ինքնին դասավորվեցին։ Եվ, քանի որ ներքաշվել եմ այս ամենի մեջ՝ ամեն կերպ փորձում եմ կայանալ այս ոլորտում, միևնույն ժամանակ բարձր հարթակի պահելով մասնագիտությունս՝ հոգեբանությունը:

Citylife.am – Որքանո՞վ է հոգեբանությունը օգնում Ձեր այժմյան մասնագիտությանը:

Իննա – Հոգեբանությունն ամեն տեղ է օգնում, բայց նաև խանգարում է երբեմն անձնական կոնտեքստում։ Կոպիտ համեմատություն է, բայց հոգեմետ միջոցների ազդեցություն ունի, կամաց-կամաց տարվում ես, ու անընդհատ ուզում ես ավելին իմանալ, նորը իմանալ, ավելի խորքային իմանալ: Հոգեբանությունն անսահման է. Անբացատրելի եմ սիրում մասնագիտությունս:

Citylife.am – Ձեր խաղացանկում մարմնավորում եք դրական կերպարներ. Արդյո՞ք, դուք Ձեզ տեսնում եք բացասական դերակատարումներում, առաջարկներ եղե՞լ են։

Իննա – Պահեր են լինում, երբ թվում է, թե դրական կերպար մարմնավորելու հարցում լճացման պրոցեսս է սկսվել, և սկսել եմ սպառել ինձ դրական կերպարներում։ Դա ուղիղ կերպով կապում եմ այն հույզերի ու ապրումների հետ, որոնք դրական կերպարը միշտ պարպում է, ու չի կարող բաց թողնել։ Հուսամ մոտ կամ հեռավոր ապագայում բացասական կերպար կմարմնավորեմ։ Դա ինձ համար կլինի և՛ նոր փորձություն, և՛ կերպարի միջոցով կատարսիս կապրեմ. բացասական էներգիան կմաքրվի կգնա:

Citylife.am – Տեղյակ եմ, որ սիրում եք կարդալ գրքեր. Կարող եք ասել, ո՞րն է Ձեր ընթերցած գրքերից ամենատպավորիչը, և կնշե՞ք ձեր վերջին ընթերցած գիրքը։

Իննա – Երբևէ, չեմ կարողացել այն միակ գիրքն առանձնացնել, որն ամենաշատն եմ սիրում: Դա թերևս, չի էլ կարելի անել. ինչպես կարելի է Կոբո Աբե-ի, Բալզակի, Սարտրի, Դոստոևսկու ստեղծագործությունը դնել մի հարթակի վրա, համեմատել և ընտրել ամենալավը: Գիրքն ինքնին մարդկային ամենալավ ձեռքբերումն է՝ լինի հեքիաթ, բանաստեղծություն, արձակ, թե էպոս։ Վերջին շրջանում քննական ծանրություն կա ուսերիս, որի տակից պատվով պիտի կարողանամ դուրս գալ, այդ իսկ պատճառով հիմա ինձ համար ավելի հեշտ ընթերցվող, սենտիմենտալ գրականություն եմ ընտրել, որը կկարողանամ համընթաց մասնագիտական գրականության հետ առաջ տանել։ Վերջինն ինչ կարդացել եմ՝ Խավիեր Մարիայի «Այնքան սպիտակ սիրտը» գործն է, հաջորդիվ պատրաստվում եմ Ֆիդջերալդի «Գիշերն անույշ է» ստեղծագործությունն ընթերցել։

Citylife.am – Հետաքրքիր է իմանալ, Իննան ինչո՞վ է սիրում զբաղվել ազատ ժամանակ։

Իննա – Բոլորս սիրում ենք շեշտել, որ ազատ ժամանակ գրեթե չենք ունենում. սուտ է։ Ազատ ժամանակ միշտ կարելի է գտնել` անհրաժեշտության դեպքում։ Ուղղակի իմ ազատ ժամերին վերջերս շատ հոգնած եմ լինում առօրեական ու աշխատանքային վազվզոցից հետո՝ մեկ-մեկ մեծ պլաններ եմ կազմում, բայց պարզապես գնում եմ տուն՝ բազմոցին նստած անվերջ թեյելու։ Սկսել եմ ֆիլմեր դիտել՝ ըստ ռեժիսորների, Ֆինչերի բոլոր ֆիլմերը, հետո Տոռնատորեի բոլոր ֆիլմերը և այդպես շարունակ. Սպեցիֆիկ հետաքրքրություն է։

Citylife.am – Մոտենում է 2018 թվականը. Ինչպիսի՞ն էր ձեզ համար 2017թ.-ը:

Իննա – 2017թ-ն ինձ համար բացառիկ հաջող տարի էր. Բառի ամենալայն իմաստով:

Citylife.am – Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2018 թվականից։

Իննա – 2018 թվականից, խաղաղություն եմ ակնկալում: Մնացած ամեն ինչ, մենք կարող ենք ձեռք բերել, շտկել, ունենալ ու բարելավել ինքներս:

Citylife.am – Շնորհակալ եմ Իննա, գեղեցիկ և հետաքրքիր զրույցի համար:

 

Հարցազրույցը` Մոնիկա Անդրեասյանի /Citylife.am/