Դեկտեմբերի 19-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ տարեկան ամփոփիչ ասուլիս: Ասուլիսին ներկա էին ՎՀԱ անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը, ՎՀԱ անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը,ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը, թատրոնի դերասան Էդգար Քոչարյանը և մեր տոնական տրամադրությունը միշտ բարձրացնող` Ձմեռ պապը:
Տնօրեն Ագնեսա Շահնազարյանի խոսքով՝ 2017 թվականը կարելի է արդյունավետ համարել: Քանի որ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի միջոցներով վերանորոգվել է շենքի տանիքը, նաև Կարեն Կարապետյանի և պետության ջանքերով մարտ ամսին կսկսվեն թատրոնի շենքի նորոգման աշխատանքները:
Ագնեսա Շահնազարյան – Կարելի է ասել, որ սա նաև իմ չիրականացված երազանքն է, որովհետև մեր սերունդը մի քիչ ծանր ապրեց այդ տարիները, և այս ամեն ինչը մենք չենք հասցրել վայելել: Հիմա ես փորձում եմ, որ այն ինչը չի իրագործվել մեր մանկության ժամանակ, Լոռու մարզի երեխաների համար իրագործելի և տեսանելի դարձնել:
Այն տեխնիկան ինչ-որ ունենք սարսափելի հին է: Մինչև հիմա մարդկանց միջոցով են կառավարվում: Այդ ստանոկներն իջեցնելը, բարձրացնելը, վաղուց աշխարհում թվայնացված է, իսկ մեզ մոտ ներկայացմանը նաև բեմի բանվորներն են ներկա, որովհետև այդ ամեն ինչն իրենք ձեռքով պետք է բարձրացնեն, իջեցնեն: Լուսային ու ձայնային էֆեկտներն են շատ թույլ, բայց թերևս կարևորագույն գործ է թատրոնի վերանորոգումը: Հուսանք, որ այս տարվա մեջ այդ մի նվերն էլ կլինի:
Խոսելով խաղացանկի մասին, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն ասաց, որ այս տարի դրամատիկական թատրոնում եղել է 5 նոր ներկայացման պրեմիերա: Վերջին տարիներին դրանց թիվը չի անցել 3-ը:
Վահե Շահվերդյան – Տարիներ առաջ այս տոնածառային ներկայացումները ինչ-որ չափով գալիս լրացնում էր տարվա եկամուտները, և գերակատարում: Դրա շնորհիվ թատրոնները կարողանում էին իրենց աշխատողներին հավելյալ վարձատրություն տալ: Ժամանակները փոխվեցին: Այսօրվա եկամուտները, որ կգոյանան տոնածառային ներկայացումներից, հնարավորություն են տալիս, որպեսզի այս կամ այն թատրոնն իր տարվա ֆինանսական ծրագիրը լիովին կատարի:
Երեկ տեղի ունեցավ նաև «Ձյունե թագուհին» ամանորյա ներկայացման փակ դիտումը: Փակ դիտմանը ներկա են եղել` տարեկան ինստիտուտի տնօրեն Սոֆա Սողոմոնյան, Վանաձորի քաղաքապետարանի ավագանու անդամ Սերյան Ղամբարյան, թատրոնի գեղխորհրդի անդամներ, ՀՀ ժողովրդական արտիստ և դերասանուհի Ռոզա Մխիթարյան, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյան, թատորնի երտասարդ դերասան, դրամատուրգ և գրող Էլֆիկ Զոհրաբյան, քաղաքապետարանի դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյան և մի շարք դերասաններ:
Փակ դիտման ներկայացումից հետո եղել են քննարկումեր, որի ընթացքում հնչել են միայն դրական կարծիքներ: Դեկտեմբերի 20-ին կմեկնարկի ամանորյա առաջին ներկայացումը՝ «Ձյունե թագուհին», որը կարող եք դիտել մինչև դեկտեմբերի 30-ը:
Նյութը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/