
Դեկտեմբերի 22-ին` ժամը 19:00-ին, Կոմիտաս 54/160 հասցեում իր դռները արվեստասերների առջև կբացի GaReggin արվեստանոց-գրատունը: Այն կարող է հաճելի վայր հանդիսանալ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են՝ գրականությամբ, քանդակագործությամբ, նկարչությամբ և արվեստի մյուս ճյուղերով:
Citylife.am-ը զրուցել է արվեստանոց-գրատան մենեջեր Հայկ Կոստանյանի հետ, ով աչքի է ընկնում արվեստի հանդեպ իր յուրահատուկ վերաբերմունքով:
Citylife.am – Հայկ, որտեղի՞ց առաջացավ «GaReggin art-gallery & bookstore»-ը հիմնելու միտքը:
Հայկ – Գրքերի հանդեպ սերը, գրականության ոլորտում լինելու ցանկությունը ավելի վաղ արդեն իսկ իրենց արտահայտությունն էին ստացել` «Choose your book» (http://www.facebook.com/ChooseYourBookBookstore/) առցանց գրախանութի բացմամբ:
Որոշ ժամանակ առաջ ծանոթացա տաղանդավոր և հետաքրքիր արվեստագետի` Գարեգին Հարությունյանի հետ, ում հետ շփման արդյունքում էլ ծնվեց արվեստանոց-գրատան կոնցեպտը: Գարեգինը բազմակողմանի զարգացած, իր ուսումը և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում ստացած երիտասարդ է, ում հետ այս գաղափարը լիովին իրագործելի է թվում:
Citylife.am – Բացի գրքեր գնելուց` գրատան այցելուներն էլ ինչո՞վ կարող են բավարարել իրենց հետաքրքրությունները:
Հայկ – «GaReggin art-gallery & bookstore»-ի արվեստանոց-գրատուն անվանումն արդեն իսկ հուշում է նրա բազմաձևաչափ լինելու և լայն հնարավորությունների մասին: Գործող երկու սրահներում այժմ ներկայացվում են Գարեգին Հարությունյանի և ժամանակակից հայ այլ արվեստագետների գործեր: Այստեղ նախատեսվում է կտավների անհատական պատվերներից և գրքերի վաճառքից զատ կազմակերպել արվեստաբանական և այլ թեմաներով դասախսություններ, գրքերի քննարկումներ, լսումներ, թեմատիկ կինոդիտումներ և այլն: Սրահների ձևավորումը թույլ է տալիս արվեստանոց-գրատան տարածքն առաջարկել նաև անհատական միջոցառումների կազմակերպման համար:
Citylife.am – Չնայած տնտեսագետի ձեր մասնագիտությանը` ձեր հետաքրքրություններն ուղղված են դեպի գրականությունը. ո՞ր տարիքից առաջացավ գրքի հանդեպ սերը:
Հայկ – Հպարտությամբ պետք է նշեմ, որ գրքերի և գրականության նկատմամբ սերը ծնվել է ընտանիքումս: Գիրք կարդալու կարևորությունը ոչ թե բացատրվել է վերբալ դաշտում, այլ ցուցադրվել` ուղղակի օրինակների միջոցով. մեր տանը բոլորն էին կարդում, և ես էլ սկսեցի կարդալ ու սիրել գիրքը` դպրոցական վաղ տարիքից:
Citylife.am – Հայաստանում գրքասերները ո՞ր տարիքին են պատկանում։
Հայկ – Հստակ տարիքային բաժանում անելն, իհարկե, դժվար է և, երևի թե, ճիշտ կլինի առանձնացնել ընթերցողների տարիքային մի քանի խմբեր: Ըստ վիճակագրական տվյալների` հայաստանյան բուհերում սովորում է ավելի քան 85.000 ուսանող, հետևաբար մեր հասարակության «ամենակարդացող» հատվածն ընդգրկում է 18-30-ի սահմանը: Ավագ սերունդը կարդում է դեռևս նախորդ դարի սովորության համաձայն և տեխնիկական այս ծավալի առաջընթացի բացակայության պայմաններում: Փաստ է` առաջավոր տարիքի ընթերցողը նախընտրում է երեկոներն անցկացնել որևէ հետաքրքիր գրքով, ընդ որում` կարևոր է տպագիր գրքի առկայությունը. մեր իրականության մեջ դեռ երկար պետք է սպասել աուդիոգրքերի կամ էլեկտրոնային գրքերի մշակույթի մասսայական տարածմանը:
Citylife.am – Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն են հավանության արժանանում հայ ընթերցողի կողմից։
Հայկ – Հայ ընթերցողի ճաշակը խիստ բազմերանգ է. հայ և արտասահմանյան դասականից մինչև ժամանակակից: Պարզ է` հատկապես փակ և կոնսերվատիվ հասարակություններում գրականությունն է գալիս փոխարինելու արգելվածին կամ լրացնելու ինչ-որ բացեր. նույնն էլ մեր պարագայում է:
Եթե դարձյալ հղում կատարենք վիճակագրություններին և հարցումներին, ապա ամենաշատ ընթերցված գրքերի ցանկում կգտնենք Վ. Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ»-ը, Ջ. Օրուելի «1984»-ը, Օ. Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը», Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» կամ Ջ. Կ. Ռոուլինգի «Հարի Փոթերը» և այսպես շարունակ: Մեր գրախանութը կաշխատի ընթերցողի պահանջներին և ճաշակին համապատասխան` առաջարկելով լայն և հարուստ տեսականի, ընդ որում` ոչ միայն հայալեզու:
Հարցազրույցը` Նազենի Գալստյանի /Citylife.am/