Գևորգ Մարտիրոսյանի և Մաշ Իսրաելյանի նոր զուգերգը հայտնվելով համացանցում բավականին մեծ արձագանքներ ունեցավ և 300 հազարից ավելի դիտում

Օրեր առաջ տեղի ունեցավ Գևորգ Մարտիրոսյանի և Մաշ Իսրաելյանի նոր երգի պրեմիերան` «Դե հերիք է»: 

Citylife.am-ը զրուցեց  Մաշ Իսրաելյանի հետ, իմանալու համար, թե ինչպե՞ս է եղել նրանց համագործակցությունը:

Citylife.am – Ինչպե՞ս ծնվեց նոր զուգերգ ստեղծելու միտքը, և առաջարկը ո՞ւմ կողմից է եղել:

Մաշ – Իմ պրոդյուսեր, երգահան` Արման Անտոնյանը, մի օր սովորականի պես կանչել էր ստուդիա. հերթական երգը ձայնագրելու համար։ Նա ուներ մի գեղեցիկ երգ, որն ի սկզբանե գրել էր ուրիշի համար, սակայն երբ, ես երգեցի այդ երգի դեմո տարբերակը, անչափ հավանեցի այն։ Այդ օրվանից անընդհատ մտքումս էր այդ երգը։ Մի օր էլ Արմանը զանգահարեց ու հայտնեց անակնկալ լուրը, ասելով որ խոսել է Գևորգ Մարտիրոսյանի պրոդյուսեր Սամվել Ղազարյանի հետ, երգը ցույց է տվել։ Նա ասաց, որ և՛ Գևորգը, և՛ Սամվելը հավանել են այն, և որ այն պետք է կատարեմ դուետ հենց Գևորգի հետ։ Իհարկե, այս պահին չեմ կարող բացատրել իմ զգացողությունները, բայց անչափ ուրախացա, քանի որ ես կարծում էի այդ երգը ուրիշինն է լինելու և ես կապ չեմ ունենալու այդ երգի հետ։ Այս դեպքում, ինչպես հասկացաք, անակնկալը կրկնակի էր Արմանի կողմից։ Դե, ինչ վերաբերում է առաջարկին, այն եղել է իմ պրոդյուսերի կողմից։ Շնորհակալ եմ բոլորին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Գևորգին, դուետին համաձայնվելու ու այն այսչափ գեղեցիկ կատարելու համար։

Citylife.am – Ո՞ւմ հետ եք համագործակցում, և ովքե՞ր են երաժշտության ու խոսքերի հեղինակները:

Մաշ – Ինչպես արդեն նշեցի իմ երաժշտական պրոդյուսերը երգահան Արման Անտոնյանն է , ինպես նաև աշխատում եմ Գարիկ Սաֆարյանի հետ, ով կրկին հանդիսանում է` իմ պրոդյուսեր, բայց արդեն ադմինիստրատիվ գծով։ Երգի երաժշտության հեղինակը Արման Անտոնյանն է, խոսքերի հեղինակը Սյուզի Ավդալյանը, գործիքավորումը կատարել է Հով Գրիգորյանը, մասթերինգը կատարել է Ջորջ Բրայնշեյքերը։ Այս երգի շրջանակներում աշխատել ենք նաև լեգենդար կիթառահար Կարո Սարաֆյանի հետ և օգտվելով առիթից, ուզում եմ գոնե այսպես իմ շնորհակալական խոսքը հղել նրան՝ անչափ գեղեցիկ նվագակցության համար, քանի որ վարպետն այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում։ Լուսանկարը արվել է Գրգոր Դավթյանի կողմից, իսկ դիմահարդարումը` “Paloma Make-Up Studio”-ն, ինչի համար հոգաչափ շնորհակալ եմ նրանցից։

Citylife.am – Այս գեղեցիկ զուգերգը ունենալո՞ւ է տեսահոլովակ:

Մաշ – Ոչ, զուգերգը չի ունենա տեսահոլովակ։ Այն ունի իր նախապատմությունը։ Երգը դեռ հոկտեմբեր ամսից պատրաստ էր։ Քանի որ այն իր մեջ ներառում է տաք ռիթմեր, մենք համաձայնության էինք եկել Գևորգի ու Սամվելի հետ, և որոշել էինք ամռան սկզբին նկարահանել տեսահոլովակ ու հանձնել հանրության դատին, սակայն ինչպես ասվում է շաբաթն ուրբաթից շուտ վրա հասավ ու երգի դեմո տարբերակը առեղծվածային կերպով հայտնվեց սոց ցանցերում։ Այս պարագայում, որպեսզի ժողովուրդը չունկնդրի անմշակ և ոչ վերջնական տարբերակը, մենք ստիպված էինք արագ որոշում կայացնել։ Խոսելով Սամվելի ու Գևորգի հետ, Արմանն ու Գարիկը եկան փոխադարձ համաձայնության ու որոշվեց հնարավորինս արագ տեմպերով երգի ամբողջական տարբերակը տեղադրել սոց ցանցերում։ Դե, ինչպես հասկացաք, տեսահոլովակ նկարահանելու մեր ցանկությունները հոդս ցնդեցին։ Ինչևէ, երգն արդեն 5 օր է համացանցում է, ունի բավականին մեծ արձագանքներ` 300 հազարից ավելի դիտում, ինչի համար շնորհակալ եմ իմ սիրելի ժողովրդին:

Citylife.am -ը նույնպես շնորհավորում է Ձեզ` Ձեր նոր գեղեցիկ զուգերգի համար: Կարող եք վայեյել Գևորգի և Մաշի գեղեցիկ կատարումը:

 

Հարցազրույցը` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/