Յուրաքանչյուրն ինքնին անհատ է և այդ անհատականության վերացումը ճիշտ չէ

Այս անգամ Citylife.am-ը զրուցել է դերասան՝ Սիսիան Սեփանյանի հետ:

Citylife.am- Տեղյակ ենք, որ դուք ոչ միայն առանձնացել եք ձեր դերասանական տաղանդով, այլև գրելու ունակությամբ: Կան արդյո՞ք սիրված հեղինակային արտահայտություններ` խոսքեր, որոնք դարձել են կարգախոս ձեր իսկ կյանքի համար:

Սիսիան- Իհարկե կա: Ամենասիրելին է՝ «Դառը ավարտը լավ է անավարտ դառնությունից»։

 Citylife.am- Նկարահանման հրապարակում ի՞նչը կարող է ձեզ հունից հանել:

Սիսիան-  Ինձ կարող է հունից հանել անլրջությունը և ոչ ստեղծագործական մթնոլորտը: Այս երևույթները լուրջ խոչընդոտներ կարող են հանդիսանալ նկարահանման հրապարակում և ոչ միայն:

Citylife.am- Ի՞նչպես եք վերաբերվում կյանքի դժվարություններին: Արդյո՞ք համարում եք ձեզ պայքարող մարդ:

Սիսիան-  Դժվարությունները մարդու համար են ստեղծված, դրանք հղկում են մարդուն։ «Քամին հանգած կրակի հետ գործ չունի, եթե դժվարության մեջ ես, ուրեմն դեռ ողջ ես»։ Այո, տեսակով պայքարող անձնավորություն եմ։

Citylife.am- Ունե՞ք այնպիսի սկզբունքներ, որոնք ձեր կյանքի ընթացքում երբեք չեն փոխվում:

Սիսիան-  Կան որոշ սկզբունքներ, որ ժամանակի ընթացքում չեն ենթարկվում փոփոխության, եթե կյանքի որևէ փուլում չհայտնվես ծաղրահեղ իրավիճակում և այդ ամենը վատ հետևանքներ չթողնի։ Մի կողմից էլ գիտակցում եմ, որ ինչպես ամեն բան կյանքում, մարդն էլ փոփոխվող էակ է և գուցե տարիքի հետ աշխարհայացքի փոփոխման արդյունքում նաև փոխվեն սկզբունքները։

Citylife.am- Ամենակարևոր մարդկային արժեքները, որոնք գնահատվում են ձեր կողմից:

Սիսիան-  Համեստությունը, ազնվությունը և հավատարմությունը, այս երեք հատկանիշները ինձ համար՝ ամենակարևորն են և սկզբունքային:

Citylife.am- Կա արդյո՞ք դերասանի իդեալ, ում երբևէ փորձել եք նմանակել:

Սիսիան-  Դերասանի իդեալներ կան, եղել են ու երևի կլինեն, բայց երբեք չեմ փորձել նմանվել։ Ուրիշին նմանվել փորձելը ամենասխալ երևույթն է, յուրաքանչյուրն ինքնին անհատ է և այդ անհատականության վերացումը ճիշտ չէ։

Citylife.am- Տեղյակ ենք, որ կարդացել եք Գաբրիել Գարսիա Մարկեսի <<100 տարվա մենություն>> գիրքը: Ո՞րն է այդ գրքի ձեր ամենասիրելի հատվածը:

Սիսիան-  «Ծերուկը խորհուրդ տվեց ընկերներին մոռանալ ամեն բան, ինչ սովորեցրել էր ինքը աշխարհի և մարդկային սրտի մասին և ամենուր, որտեղ էլ նրանք լինեն, միշտ հիշեն, որ անցյալը կեղծիք է, որ հիշողության համար վերադարձի ճամփա չկա, որ յուրաքանչյուր անցած գարուն կորած է, և որ ամենախենթ և ամուր սերը սոսկ վաղանցիկ երևույթ է»:

Սիսիան շնորհակալ եմ, Ձեզ գեղեցիկ զրույցի համար, մաղթում եմ Ձեզ և՛ ստեղծագործական և  բեմական հաջողություններ:

 

 

Հարցազրույցը՝ Մարիա Ասրյան \Citylife.am