Citylife.am-ի զրուցակիցն է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ՝ Նարեկ Աբգարյանը: Նախկինում նա զբաղվել է սիրողական բռնցքամարտով Օլիմպիական խաղերից հետո Նարեկը մրցահարթակ դուրս եկավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մակարդակով: Նոյեմբերի 24-ին, Իսպանիայի Վալենսիա քաղաքում կազմակերպված Punch Boxing Promotion-ի ռինգում մեր հայ բռնցքամարտիկները ուժեղագույնն էին: Նրանք ամեն մեկը յուրովի, ցուցադրեցին գրագետ և դիտարժան խաղ:
Citylife.am- Մենք ականատես եղանք փայլուն հաղթանակի պրոֆեսիոնալ ռինգում՝ 7 մենամարտ, 7 հաղթանակ, դա գալիս է ձեր աշխատասիրությունից և փորձառությունից, որի կապակցությամբ շնորհավորում ենք․Նարեկ, կպատմե՞ք մինչ ռինգ մտնելը՝ կուլիսներում, ի՞նչպիսին էր ձեր զգացողությունը, հավատը հաղթանակի նկատմամբ կայուն էր, թե՞ տատանվում էր:
Նարեկ- Շնորհակալ եմ: Ռինգից առաջ բոլորիս մոտ էլ լինում է լարվածություն, բայց խաղը սկսվելուն պես, մի վայրկյան հետո հաղթահարվում է այդ ամենը և սկսում ես կենտրոնանալ մենամարտիդ վրա: Ընդհանուր առմամբ խաղից առաջ էլ, խաղի ընթացքում էլ վստահ էի, որ ամեն ինչ լավ է ստացվելու:
Citylife.am- Նարեկ, ռինգում ձեր գրագետ մենամարտի շնորհիվ, կարծես դուք պարում էիք և այնպիսի շոու էիք ցուցադրում, որ դիտողը ակամայից տարվում էր ձեր խաղով, դա ձեզ մոտ ի՞նչպես է ստացվում, և՛ մենամարտել, և՛ցույց տալ բռնցքամարտի հնարքները:
Նարեկ- Ռինգ մտնելուն պես կենտրոնանալով խաղի վրա ձգտում ես դեպի հաղթանակ, բայց բոքսը այնպիսի սպորտաձև է, որի ժամանակ բռնցքամարտիկի բազան այնքան հարուստ պետք է լինի, որ բացի հաղթանակի ձգտումից նաև կարողանա մի քիչ էլ դերասանական վարպետությամբ շոու կազմակերպի հանդիսատեսի համար:
Citylife.am- Ռինգ մտնելուն պես նախաձեռնությունը ձեր ձեռքում էր, տարբեր կողմերից անսպասելի հարվածներ էիք իրականացնում և ձեր մրցակցին հնարավորություն չէիք թողնում կողմնորոշվելու, այդ ամենը գալիս էր ձեր պրոֆեսիոնալ պատրաստվածությունից, որը պահանջում է տարիների աշխատանք, ի՞նչպես հասաք այս ամենին:
Նարեկ- Ընդհանրապես փորձը մեծ դեր է խաղում, եթե թերի մարզավիճակում լինես և պատրաստված չլինես, ապա չես կարող գրագետ խաղ ցուցադրել: Իհարկե դա գալիս է տարիների քրտնաջան աշխատանքից: Դրան էլ ավելանում է փորձը և տալիս է մարզիկի ու մարզիչի արդյունավետ աշխատանքի արդյունքը:
Citylife.am- Մենամարտի ընդմիջման ժամանակ Դավիթ Թորոսյանը ի՞նչպիսի ցուցումներ էր տալիս և դա օգնեց ձեզ մենամարտում:
Նարեկ- Մարզիչս ինձ հարցնում էր, ո՞ր ռաունդն է, որպեսզի առաջին համարով չաշխատեմ՝ միայն հարձակվողական մարտ չվարեմ, այլ աշխատեմ երկրորդ համարով, որովհետև այդ ժամանակ է խաղը գեղեցիկ և ուշագրավ դառնում՝ ստացվում շոու, իսկ դա մարզիչիս գոհացնում է: Ամենաուշագրավը այն է, որ մարզիչս հարցնում է, ո՞ր ռաունդն է, որպեսզի հասկանա չեմ կորցրել ժամանակի զգացողությունը և կենտրոնացած եմ ամբողջովին խաղի վրա: Օրինակ, շատ ժամանակ բռնցքամարտիկները ռինգում կորցնում են կենտրոնացման զգացողությունը, միայն տրամադրվում են հաղթանակի ուղղությամբ: Իսկ ինձ երբ հարցնում են, ասում եմ ռաունդները:
Citylife.am- Մենք գիտենք, որ ձեր սպորտային կնքահայրը եղել է ձեր հորեղբայրը ու ցանկացել է, որ իրեն նմանվեք, այսօր դուք իրականացրե՞լ եք ձեր հորեղբոր ցանկությունը:
Նարեկ- Հայրս և հորեղբայրս բռնցքամարտիկ են եղել, և մեր ընտանիքում այդ թեման միշտ արդի է եղել: Երբեք չի ասվել, որ պետք է նմանվեմ և շարունակեմ նրանց գործը, բայց մեծանալով այդ մթնոլորտում շփումս մեծ է եղել այդ սպորտաձևի հետ, և գիտակցաբար ինձ մոտ էլ ցանկություն առաջացավ բռնցքամարտով զբաղվել:
Citylife.am- Մի փոքր հետադարձ հայացքով անցնենք ձեր անցած ուղղու միջով և տեսնենք այսօրվա պրոֆեսիոնալ՝ Նարեկը ի՞նչ սպորտային ճանապարհ է անցել:
Նարեկ- Բռնցքամարտով զբաղվել եմ 8 տարեկանից: Մասնակցել եմ պատանեկան շատ մրցաշարերի այնուհետև սիրողական բռնցքամարտով եմ զբաղվել, իսկ այժմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում 7 մարտ եմ անցկացրել, գրանցել եմ 7 հաղթանակ, որից 5-ը նոկաուտով: Այս ամենը դեռ սկիզբն է, Աստված տա ամեն ինչ լավ ընթանա: Պլաններս շատ են և ցանկությունս էլ մեծ է այդ ամենը իրականացնելու համար:
Citylife.am- Ո՞րքան ժամանակ եք զբաղվել սիրողական բռնցքամարտով, և ի՞նչը տարավ ձեզ պրոֆեսիոնալ բռնցքամարտ:
Նարեկ- Մինչև Օլիմպիական խաղերը զբաղվել եմ սիրողական բռնցքամարտով: Ռիո-ի խաղերից հետո արդեն մեկ տարի է ինչ զբաղվում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով, միաժամանակ չթողնելով սիրողական բռնցքամարտը: 2020թ-ին կարող է մասնակցեմ Օլիմպիական խաղերին՝ սիրողական բռնցքամարտով:
Citylife.am- Ունե՞ք շատ լավ մարզիչ, մարզումների ժամանակ և մրցաշարերին՝ Դավիթ Թորոսյանի ոգևորող խոսքերից մեկը:
Նարեկ- Մարզիչս էլ է եղել սպորտսմեն, և ինքն էլ գիտի այդ բոլոր պատասխանատու պահերի զգացողությունը և շատ ըմբռնողաբար է մոտենում այն ամենին, ինչ կատարվում է մեզ հետ և նրա ամեն մի խորհուրդ կարող է մեզ հանել հոգեպես ճնշված վիճակից: Նրա հանգիստ պահվածքը փոխանցվում է մեզ, մենք էլ լիցքաթափվում և կենտրոնանում ենք խաղի վրա: Օրինակ նա մեզ հանգստացնելու համար, կարող է ասել.<<Ավելրոդ անհանգստանալ պետք չէ, մտածիր բազմոցին նստած հեռուստացույց ես դիտում>>:
Citylife.am- Տեղյակ ենք, որ առաջիկայում սպասվում է պրոֆեսիոնալ բռցքամարտ, մի քանի խոսք այդ մասին և ի՞նչպես եք պատրաստվում ձեր հանգիստը կազմակերպել:
Նարեկ- Առաջիկայում պլանավորված էր, պրոֆեսիոնալ բռնցքամարտ, բայց Վալենսիայում տեղի ունեցած բոյից հետո պլանները փոխվեցին: Հաջորդ տարում կկայանա այդ մրցաշարը՝ Հայաստանում, և մենք էլ կմասնակցենք բարձր մակարդակով: Այժմ հանգստանում եմ, որպեսզի ուժերս վերականգնեմ գալիք մրցաշարերի համար: Աշխատում եմ հանգիստս այնպես անցկացնել, որ լարվածությունս թուլանա, մարզավիճակս հասնի մինուս մեկ, որպեսզի հաջորդ մրցաշարերս լինեն արդյունավետ:
Citylife.am- Շնորհակալ եմ Նարեկ հետաքրքիր զրույցի համար և դրական լիցքերի համար: Ազգովի քեզ հավատում , վստահում ենք և հաջողություն ենք մաղթում բազմաթիվ ռինգերում:
Հարցազրույցը`Տաթև Մուշեղյան /Citylife.am/