Վանաձորի դպրոցականները հանուն փոքրիկի բուժման

Երեքամյա Արեգի ծանր հիվանդության մասին իմանալուց անմիջապես հետո Վանաձորի թիվ 11 դպրոցի աշակերտները ձեռնամուխ են եղել փոքրիկին աջակցելուն:

Դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ երեխաները սկսել են հանգանակություն կատարել՝ երեխայի բուժման ծախսերը հոգալու համար: Դրամահավաքի համար աշակերտները շրջիկ դրամարկղով շրջել են դպրոցի տարածքում, հանգանակություն կատարելով ոչ միայն աշակերտների, այլեւ ուսուցիչների ու ծնողների շրջանում:

Երեխաները կազմակերպել են նաեւ ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, սրանով ևս փորձելով փոքր-ինչ թեթևացնել փոքրիկ Արեգի ծնողների ֆինանսական հոգսերը:

Դպրոցի շրջանակում չսահմանափակվելով, սակայն, երեխաներն արդեն  հանդիպել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին ու նրան ներկայացրել Արեգի պատմությունը՝ տեղեկացնելով, որ փոքրիկն ունի բոլորի օգնության կարիքը: Մարզպետը երեխաներին խոստացել է իր ներդրումն ունենալ այդ հարցում:

Երեխաներն իրենց ուժերով կազմակերպել են նաև բարեգործական համերգ, որը կկայանա նոյեմբերի 30-ին: Համերգի ընթացքում կատարված ողջ հանգանակությունը ևս կհատկացվի Արեգի ընտանիքին:

Առավել մեծ թվով մարդկանց ներգրավելու համար աշակերտները նաև փոքրիկ սոցիալական տեսահոլովակ են պատրաստել ու տեղադրել Facebook սոցիալական ցանցում: Նրանք վստահ են՝ միասին կարող են փրկել փոքրիկ Արեգի կյանքը:

Բարեգործական այս ծրագրի իրականացումն են ընտրել վանաձորցի դպրոցականները «Խաչվող ուղիներ» ՀԿ-ի կողմից հայտարարված ամենամյա «Բարին արա» կամավորական ակցիայի շրջանակներում:

Բանկային փոխանցման համար՝ Աննա Բաբաջանյան, HSBC,

AMD 217001243302001

USD 217001243302101

EUR 217001243302102: