Այս անգամ Citylife.am-ը զրուցել է պրոդյուսեր, սցենարիստ Արփի Վանյանի հետ: Նա մեզ պատմեց նոր Վեբ-սերիալ՝ « 5+ »-ի մասին:
Citylife.am- Երբ, ինչ-որ միտք է ծագում նկարահանման, Ձեզ մոտ արդեն իսկ գալի՞ս են ինչ-որ դեմքեր, որ պատկերացնում եք միայն նրանց այդ դերում, թե՞ սցենարը ավարտելուց հետո նոր որուշում եք:
Արփի- Երբեմն գալիս են այդ դեմքերը, երբեմն՝ ոչ: Մինչ նկարահանում ընկած փուլը շատ ծանր ու միևնույն ժամանակ աննկարագրելի հետաքրքիր ստեղծագործական շրջան է. երբ միտքը հասունանում, դառնում է քո ներսում շնչող, պայքարող մեկը ու դու չես կարող նրան ծնունդ չտալ, պարզապես… չես կարող:
Ստեղծվող կերպարները, ըստ իս, քո ապրածի, տեսածի, զգացածի, երազածի, չհասածի, իրականացրածի, քո վախերի ու սերերի մարմնավորումներն են: Եվ ինչպես երեխան է ծնվելուց հետո ապրում իր կյանքով, այնպես էլ յուրաքանչյուր կերպար ապրում է իր կյանքով, իր կամքն է թելադրում, իր ճակատագիրն է կերտում: Դա մի զարմանահրաշ պրոցես է, որը դժվար է բառերով նկարագրել:
Բայց ինչպես ցանկացած մարդ, ես էլ ունեմ իմ սիրելի դերասանները, ում խաղով հիանում եմ և այո՛, երբեմն պատահում է, որ հենց նրանց նկատի առնելով է, այս կամ այն կերպարը բնավորություն ստանում:
Citylife.am- Արփի՛, դերասանների մեջ կան նաև նոր դեմքեր, ընտրությունը ինչպե՞ս եք կատարել:
Արփի- Այո՛, նոր դեմքերը շատ են: Ընտրությունը մեծամասամբ կատարել ենք Աբելյան արվեստի դպրոցի տաղանդավոր սաների, ինչպես նաև այդ նույն դպրոցի քաստինգից ( New Armenian Casting Production):
Citylife.am– Հեշտ է արդյո՞ք աշխատել սկսնակ դերասանների հետ:
Արփի- Եվ՛ հեշտ է, և՛ դժվար: Նրանց ոգևորությունն արդեն բավական է, որպեսզի նրանց հետ մեկտեղ սարեր շուռ տաս: Դժվար է, որովհետև փորձ քիչ ունեն, որոշներն՝ ընդհանրապես չունեն: Բացի դա, նրանք կա՛մ ուսանող են, կա՛մ դպրոցական. ծանրաբեռնված են դասերով ու պարապմունքներով: Բայց, որ նրանց հետ աշխատելը գերագույն հաճույք է՝ դա անժխտել փաստ է:
Citylife.am– Արփի՛, աշխատանքները ինչպե՞ս են ընթանում, և քանի՞ մարդ է աշխատում այս սերիալի վրա:
Արփի- Աշխատանքները ընթանում են իրենց բնականոն հունով, մի քանի օրից կսկսվեն նկարհանումները: Ունենք պրոֆեսիոնալ ստեղծագործական թիմ և այս գաղափարին նվիրված անձնակազմ:
Citylife.am– Ըստ Ձեզ, վեբ-սերիալն է ավելի արդի ու ավելի շատ դիտողականություն ապահովո՞ւմ, թե՞ հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալը:
Արփի- Դիտողականության մասին դեռ չեմ կարող խոսել, որովհետև դրա համար որոշ ժամանակ է պետք: Բայց, որ Վեբ-սերիալները աշխարհում շատ հայտնի են, արդի, պահանջարկ ունեցող՝ գիտի 5-տարեկանից սկսած յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր երիտասարդ: Այսօր երիտասարդությունը թանկ է գնահատում իր ժամանակը: Նրա համար ավելի ձեռնտու է ինֆորմացիա ստանալ , այսպես ասած՝ ոտքի վրա, իսկ վեբ-սերիալները հենց դա են ապահովում: Նախ 10 րոպեանոց են և հենց նրա համար են այդքան կարճ, որպեսզի հնարավոր լինի դիտել դասամիջոցին, տրանսպորտում, մետրոյում, ինչ-որ տեղ վազելուց: Եվ հետո այս սերիալները ասես կյանքի, առօրյաի շարունակություն լինեն և դրանով իսկ գրավիչ են:
Citylife.am- Արփի՛, արդեն ներկայացրել եք « 5+ » վեբ-սերիալի անոնսը. Ինչպիսի՞ն են արձագանքները:
Արփի- Արձագանքները, միանշանակ, ոգևորիչ են: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչները անընդհատ գրում, հարցնում, հետաքրքրվում են, մասնակցելու ցանկություն են հայտնում, ճանապարհներ են փնտրում: Ավելի ավագ սերունդը « պաուզա » է պահում, որովհետև այս սերնդի համար սա նորություն է, որը դեռ պետք է հասկանալ, « մարսել»:
Citylife.am– Ե՞րբ պատրաստ կլինի « 5+ »-ի առաջին սերիան և ե՞րբ կարող ենք դիտել այն:
Արփի- Ժամանակից առաջ չընկնեմ, բայց կարծում եմ դեկտեմբերի մեկից արդեն հնարավոր կլինի մեր՝ WEB Serial յութուբյան ալիքում դիտել սերիաները: Եվ նրանք, ովքեր մինչ այդ կհասցնեն բաժանորդագրվել ալիքին, առաջինը տեղյակ կլինեն, որ հերթական սերիան տեղադրված է ալիքիում:
Citylife.am- Շնորհակալ եմ, Արփի՛, Ձեզ մաղթում եմ անսպառ եռանդ, թող Ձեր նկարահանումները լավ ընթացք ունենան:
Հարցազրույցը՝ Մարինե Մանջիկյանի /Citylife.am/