Մեզ ի վերուստ տրված է ընտրելու հնարավորություն. Հայկ Պետրոսյան

Citylife.am- Ձեր բանակում ծառայելու փաստը շատ վարակիչ էր. չկա՞ արդյոք տարբերություն ծառայած և չծառայած տղաների միջև:

Հայկ– Շատ տարբերություններ կարելի է գտնել, բայց այսօր ամենաակտուլ տարբերությունն այն է, որ ով ծառայել է տարկետման խնդիր չունի։

Citylife.am- Հայ լինելու առավելությունը՝ Ձեր տեսանկյունից։

Հայկ– Մենք ունենք քրիստոնյա ոստիկանապետ։

Citylife.am- Համբերատար և հանդուրժող հային ի՞նչ կցանկանաք։

Հայկ– Առողջություն, երջանկություն և իշխանափոխություն։

Citylife.am- Ո՞վ է Ձեր հայ իդեալը, եթե ոչ Շառլ Ազնավուրը։

Հայկ– Ճիշտն ասած չեմ ընդունում «հայի իդեալ» հասկացողությունը, բայց կան մարդիկ, որոնցից շատ բան կարելի է սովորել օրինակ հայրս, Գագիկ Գինոսյանը, Ռուբեն Բաբայանը, Լեոնիդ Ազգալդյանը, Արա Պապյանը, Վահրամ Փափազյանը, Հենրիկ Հովհանիսյանը, Հրանտ Մաթևոսյանը: Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել, բայց ինձ թվում է, եթե անկեղծ լինենք, ապա մարդը սովորում է ինքն իրենից, այսինքն դու քո ճանապարհին ես ձևավորվում, թե’ որպես հայ, թե’ որպես մարդ և միայն քո որոշումներից է կախված, թե ինչպիսին դու կլինես վաղը։ Ի վերուստ մեզ տրված է ընտրելու հնարավորություն։ Վերադառնալով բուն հարցին, եթե չեմ սխալվում կարծեմ Նժդեհն է ասել «Լավ հայը չի կարող լինել վատ մարդ» որոշ վերապահումներով, բայց ընդհանուր առմամբ համաձայն եմ այս մտքի հետ։

Citylife.am- Շա՞տ բան է հարկավոր Հայկ Պետրոսյանին, եթե ոչ երջանկացնելու, ապա ուրախացնելու համար:

Հայկ– Նայած օր։ Օր կա լավ կատակը բավական է, օր էլ կա…

Citylife.am- Ի՞նչն եք գնահատում հայ երիտասարդի մեջ:

Հայկ– Մեծ հարգանքով ու ակնածանքով եմ վերաբերվում այն երիտասարդներին, ովքեր իրենց ուժերով, բազում դժվարություններ հաղթահարելով սովորում են և հասնում իրենց նպատակներին: Իրենց իսկ քրտնաջան աշխատանքով են հարթում իրենց ճանապարհը։ Նրանց մեջ կա զարմանալի համառություն։

Citylife.am- Հայ մարդու Ձեր չափանիշները։

Հայկ– Դժվարանում եմ պատասխանել այս հարցին «չափանիշ» բառը մի քիչ խանգարում է։ Երևի շատ խելացի և խիստ՝ առաջին հերթին ինքն իր հանդեպ։

Citylife.am- Ովքե՞ր են Ձեր երկրպագուները։

Հայկ– Դեկտեմբեր ամսի 2-րդ կեսին Պարոնյան թատրոնում համերգ-ներկայացում ունեմ՝ Նոր տարվա թեմայով, այդ օրն էլ միասին կպարզենք, բայց իմ առաջին ու ամենանվիրված երկրպագուն մայրս է ։

Citylife.am- Ձեր կարծիքով, ինչո՞վ եք տարբերվում երիտասարդ դերասաններից:

Հայկ– Իմ սարքած ու երգած պոմիդորով ձվածեղն ուրիշ է։

Citylife.am- Եթե ամփոփենք Ձեր անցած տարիները, ինչպե՞ս կգնահատեք դրանք։

Հայկ– Այս հարցին կպատասխանեմ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, ով ինչ-որ առիթով ասել է՝ «Չնայած տեղի գտած թերություններին՝ կատարված է զգալի աշխատանք »:

Բլից հարցում.

Citylife.am-
Նեղացո՞ղ տեսակ եք, թե՞ նեղացնող:

Հայկ– Երկուսն էլ։

Citylife.am- Ի՞նչ կլինի, եթե հանդիպեն հայը թուրքը և դևը։

Հայկ– Դևը կասի՝ բա ռուսն ու՞ր ա։

Citylife.am- Որտե՞ղ գտնել Ձեզ, եթե տանը չեք, հեռախոսն էլ անջատված է։

Հայկ– Գիգոի տանը նարդի ենք խաղում։

Citylife.am- Ի՞նչ հարցով են Ձեզ հիմնականում դիմում։

Հայկ– Ուրախացնելու:

Citylife.am- Ու՞մ եք երազում տեսնել։

Հայկ– Ինձ:

Citylife.am- Քանի՞ լեզվի եք տիրապետում:

Հայկ- Չորս:

Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի /Citylife.am/