
Այս անգամ Citylife.am-ը զրուցել է ամերիկահայ տաղանդավոր լուսանկարչուհի Սեդա Ստեփանյանի հետ:
Citylife.am – Սեդա՛, արդեն 7 տարի է ինչ զբաղվում եք լուսանկարչությամբ: Ուրա՞խ եք, որ հենց այս աշխատանքն եք ընտրել, թե՞ ժամանակի ընթացքում հոգնում եք:
Սեդա – Լուսանկարչության հանդեպ ունեցած իմ սերը և հետաքրքրությունը այնքան մեծ է, որ չեմ պատկերացնում կարող է այնպիսի օր գա, որ ես հոգնեմ կամ դադարեմ ստեղծագործել:
Citylife.am – Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Հայաստանի բնությունը դուք շատ եք հավանում: Կասե՞ք Ձեր ամենասիրելի վայրերից մի քանիսը՝ Հայաստանում:
Սեդա – Ցավոք Հայաստանում ապրած տարիների ընթացքում շատ չեմ այցելել տեսարժան վայրեր, բայց նայելով Դիլիջանում գտնվող Պարզ լճի նկարները ցանկություն է առաջանում ֆոտոշարք անել այնտեղ:
Citylife.am – Սիրո՞ւմ եք հաճախ լինել տեսախցիկի առջև, թե՞ նախընտրում եք ավելի շատ լինել նկարողի կարգավիճակում:
Սեդա – Լինել մոդելի կարգավիճակում մի այլ հաճույք է, և նկարելը մոդելենրին՝ մեկ այլ: Բացի դա, նաև անկրկնելի հաճույք են տալիս ինձ:
Citylife.am – Կհիշե՞ք Ձեր առաջին լուսանկարած նկարը, որը նկարելուց հետո հասկացաք, որ Ձեր մեջ կա այդ տաղանդը:
Սեդա – Հիշում եմ, իմ առաջին լուսանկարած նկարը, որը իմ ինքնանկարն էր: Պատուհանի մոտ փորձում էի խաղալ՝ լույս ու ստվերի հետ, իմ ո՛չ պրոֆեսիոնալ տեսախցիկով և ցանկություն առաջացավ փորձել, փորձել և կրկին փորձել գաղափարներս վերարտադրել և շարունակվեց մինչ այժմ:
Citylife.am – Սեդա՛, կառանձնացնե՞ք մի քանի լուսանկարչի, որոնց աշխատանքները տեսնելիս, դուք ավելի ոգեշնչվել եք:
Սեդա – Հայաստանում գտնվող լուսանկարիչներից կարող եմ շեշտել՝ Դավիթ Գալստյանին, ում աշխատանքները ինձ շատ էին ներշնչում դեռ՝ ամենասկզբում։ Նաև մի Ուկրաինայի նկարիչ՝ Դուբնիթսկի Դավիթ անունով, ում գյուղական կերպարներով նկարների համար պարզապես խենթանում եմ:
Citylife.am – Դուք ունեք Ձեր ուրույն ոճը և Ձեր աշխատանքները միմյանցից բավականին տարբերվող են: Վերջերս նաև Ձեր ջրային լուսանկարները՝ գրավեցին շատերին: Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը և ինչպե՞ս իրագործեցիք դա:
Սեդա – Ջրային նկարները ինձ համար երազանք էին, և այս ամռանը վերջապես իրագործեցի: Չնայած, որ շատ բարդ էին, բայց հուսով եմ առաջիկայում ավելի ու ավելի կկատարելագործվեմ:
Citylife.am – Սեդա՛, դուք համագործակցում եք նաև մեր շոու-բիզնեսյան հայտնի դեմքերի հետ: Առաջարկը լինում է Ձեր կողմի՞ց, թե՞ նրանց:
Սեդա – Համագործակցության առաջարկները եղել և լինում են, թե՛ իմ, և թե՛ հայտնի մարդկանց կողմից: Սիրում եմ գաղափարներս ցուցաբերել տարբեր ասպարեզներում գտնվող մարդկանց հետ:
Citylife.am – Ի՞նչ խորհուրդ կտաք մեր սկսնակ լուսանկարիչներին:
Սեդա – Խորհուրդ կտամ նկարել ամեն օր, շատ փորձը շատ բան է սովորեցնում: Եվ կարևոր չէ, թե ինչ արժողության տեսախցիկ ունեք ձեռքերում, կարևորը ներկայացնել՝ ձեր հոգու և աչքերի արվեստը:
Citylife.am – Կպատմե՞ք մի փոքր Ձեր առաջիկա ծրագրերի մասին:
Սեդա – Իմ առաջիկա մեծագույն նպատակն է գալ Հայաստան, և գյուղական թեմայով ֆոտոշարք անել. Միացյալ նահագներում ցուցահանդես անելու համար:
Citylife.am – Սեդա՛, շնորհակալ եմ, Ձեզ մաղթում եմ անսպառ եռանդ, թող Ձեր լուսանկարչական մտքերը միշտ տարբերվեն:
Հարցազրույցը՝ Մարինե Մանջիկյանի /Citylife.am/