Լուսանկարչական Էսթետիկա. Արտաշես Գևորգյան

Ավելի քան երկու դար առաջ լուսանկարը դարձավ նկարիչների համար իրականության ուսումնասիրման միջոց: Ավելին, ընդունված է համարել, որ լուսանկարչության ի հայտ գալուն պես գեղանկարչությունն ազատվեց իրականությունն «ինչպես որ է» պատկերելու պարտականությունից և հետզհետե դարձավ ավելի փորձարար, բազմաժանր, անիրական և խենթ: Այսօր լուսանկարչությունն ինքնին արվեստ է, որը թույլ է տալիս որսալ վաղանցիկ պահը, կանգնեցնել ընթացքն ու տեսնել երևույթի էսթետիկան: Citylife.am-ի զրուցակիցն է  լուսանկարիչ Արտաշես Գևորգյանը: 
Citylife.am – Արտաշե՛ս, ո՞վ է եղել Ձեր առաջին ուսուցիչը, և արդյո՞ք հիշում եք Ձեր առաջին լուսանկարը:
Արտաշես- Երբևէ ուսուցիչ չեմ ունեցել, այսպես ասած ինքնուս եմ, սովորել եմ մի շարք միջազգային հայտնության մասնագետների օնլայն դասընթացների միջոցով: Առաջին լուսանկարս լավ եմ հիշում, առաջին օնլայն դասը նայելուն պես ինքս փորձարկեցի:

Citylife.am – Լուսանկարչին առաջին հերթին հարկավոր է տաղա՞նդ, աշխատասիրությու՞ն, թե՞ լուսանկարչական սարք:
Արտաշես– Լուսանկարչին առաջին հերթին հարկավոր է մեծ համբերություն, հետո մնացածը: Բնականաբար շատ կարևոր են բարձր որակի լուսանկարչական սարքը, աքսեսուարները, լույսերը, օբյեկտիվները, մի խոսքով,  ցանկացած մանրուք հիրավի կարևոր է:

Citylife.am -Լուսանկարչությունը Ձեզ համար առաջին հերթին մասնագիտությու՞ն է, գումար վաստակելու միջո՞ց, թե՞ արվեստ:
Արտաշես–Մասնագիտություն, որն անչափ շատ եմ սիրում: Սակայն գումար վաստակել միևնույն է հարկավոր է, առանց դրա չի լինի, հետևաբար այն նաև ֆինանսական աղբյուր է:

Citylife.am – Ժամանակակից շատ երիտասարդներ օգտագործում են լուսանկարչությունը որպես ինքնահաստատվելու միջոց. ըստ Ձեզ ե՞րբ կարող է լուսանկարիչը համարվել պրոֆեսիոնալ:
Արտաշես– Համաձայն եմ՝ ժամանակակից երիտասարդները, գնելով 150.000դրամ արժողության լուսային տեխնիկա, մի քանի անգամ հարևանի կատվին նկարելով, իրենց կայացած լուսանկարիչ են համարում, սկսում հայտարարություններ տարածել և ներկայանալ իբրև պրոֆեսիոնալ, թեպետ այդ ամենը չափազանց հեռու է լուսանկարչական արվեստից:

Citylife.am – Ինչպե՞ս եք ընտրում և որսում այն պահը, որը համարում եք արժանի և հետաքրքիր լուսանկարելու համար:
Արտաշես– Տեսախցիկս միշտ ինձ հետ է, յուրաքանչյուր նկար պատահականության արդյունք է, առհասարակ լավագույն կադրերը պատահաբար են ի հայտ գալիս, հենց դրանով էլ վերջիններս անկեղծ և բնական են ստացվում:

Citylife.am – Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում ֆոտոկրթության մասին:
Արտաշես– Դրական. բազմաթիվ լավ և որակյալ մասնագետներն կան, ովքեր կարողանում են առաջ տանել և զարգացնել ոլորտը:

Citylife.am – Ի՞նչ թեմաների երբեք չեք անդրադառնա Ձեր լուսանկարներում:
Արտաշես– Երևի թե մերկ աղջիկների ֆոտոսեսիաներից հեռու կմնամ, միակ պատճառն այն է, որ այդ թեմատիկան ինձ չի հետաքրքրում:

Citylife.am -Վերջ ի վերջո,լուսանկարչությունն, ըստ Ձեզ, արվե՞ստ է, թե՞ զուտ մասնագիտություն:
Արտաշես-Լուսանկարչությունն ինձ համար ամեն ինչ է՝ հաճույք, ապրելակերպ, բնականաբար, նաև արվեստ, և բացարձակ վատ չի, երբ օգտակարը համատեղվում է հաճելիի հետ և դառնում նաև գումար վաստակելու միջոց:
Citylife.am – Արտաշես, շնորհակալություն հարցազրույցի համար:
Հարցազրույցը պատրաստեց
Լուսանե Ջալալյանը /Citylife.am/