Նկարահանման հրապարակում կյանքն այլ է, մենք էլ այլ մարդիկ. Սիսիան Սեփանյան

Citylife.am- Սիսիա՛ն, արդյո՞ք ունեք դերասանական կրթություն, թե՞ այն բնական խաղը, որը ցույց եք տալիս ի վերուստ է տրված Ձեզ:

Սիսիան- Այ՛ո, ունեմ դերասանական կրթություն՝ ավարտել եմ «7-րդ արվեստ» թատերական ինստիտուտը։ Ընդանրապես դերասանությունը ի վերուստ է տրված դերասանին, և առանց դրա կրթությունն անգամ չի կարող օգնել։ Սա ձեռքբերովի մասնագիտություն չէ, որին կարող է տիրապետել յուրաքանչյուր մեկը՝ ըստ ցանկության։ Սա բնություն է, տեսակ, ներաշխարհ, որ մարդն ունենում է ի ծնե, կամ ոչ։

Citylife.am- Հեռուստատեսությունում Ձեր թվով երկրորդ աշխատանքն է: Երկու աշխատանքներում էլ հանդես եք եկել դրական կերպարներում: Սյուժետային առավել, ո՞ր կերպարը կառանձնացնեք։

Սիսիան- Չեմ կարող իմ կերտած կերպարներից որևէ մեկն առանձնացնել որպես առավել սիրելի, քանի որ դրանք քո երեխաների նման են. դու իրենց ստեղծում ես, մեծացնում, խնամում և երբ բավականաչափ ճանաչում և ընկալում ես իրենց դրանից հետո միայն կարողանում ես մարմնավորել։ Երկու կերպարներն էլ հավասարաչափ սիրում եմ։

Citylife.am- «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում ոչ այքան հարթ հարաբերությունների մեջ եք Ձեր խաղընկերների` Մարինկա Խաչատրյանի և Էդգար Իգիթյանի հետ: Հետաքրքիր է ինչպիսի՞ հարաբերություններ ունեք կադրից դուրս:

Սիսիան- Բնականաբար շատ ջերմ և ընկերական հարաբերությունների մեջ ենք, թե՛ Մարինկայի, թե՛ Էդգարի հետ։ Նկարահանման հրապարակում կյանքն այլ է, մենք էլ այլ մարդիկ։ Այդտեղ բոլորս սյուժետային մի գծի վրա ենք, բոլորս գնում ենք մի ուղղությամբ՝ կերտելու մեր կերպարները։ Իսկ կյանքում մենք մեր հարաբերությունները կերտում ենք արդեն որպես ընկերներ ու դրանք ստացված են։Citylife.am- Ինչի՞ն եք առաջնահերթ ուշադրություն դարձնում, երբ Ձեզ որևէ կերպար են առաջարկում:

Սիսիան– Ինձ համար հետաքրքիր են բազմաշերտ կերպարները, որոնք ունեն ներքին հակադրություն՝ ոչ բացարձակ դրական են, ոչ էլ բացարձակ բացասական։ Նման կերպարները գրականության մեջ կոչվում են «բարդ կերպարներ»։ Սրանք իրենց ընթացքի մեջ զարգացում են գրանցում, որոնք քոնը դարձնելով զարգացնում ես նաև ինքդ քեզ։

Citylife.am- Ինչո՞վ է Ձեզ համար տարբերվում թատրոնի և հեռուստատեսության աշխատանքը:

Սիսիան– Բացարձակ իրար հետ կապ չունեցող երկու աշխարհներ են, նույնիսկ տարբեր գալակտիկաներ, բայց հետաքրքիրն այն է, որ երկուսն էլ նույն նպատակին են ծառայում և երկուսում էլ համարյա թե նույն մասնագետներն են աշխատում:

Citylife.am- Ինչ՞ տվեց Ձեզ հայտնիությունը:

Սիսիան- Ձեր հարցին կարելի կլինի պատասխանել միայն այն ժամանակ, երբ ես ինքս ինձ գոնե որոշակի շրջանակի համար համարեմ այդպիսին, այսինքն՝ հայտնի։ Իր ընթացքի մեջ գտնվող մարդը չի կարող պատասխան տալ նշված հարցին։

Citylife.am- Առավել ո՞ր ժանրում եք նախընտրում հանդես գալ: Կցանկանաի՞ք որևէ սիթքոմում ներգրավածութուն ունենալ:

Սիսիան– Ներկայումս նման ցանկություն չունեմ, բայց չեմ բացառում ապագայում նաև այդ ֆորմատի մեջ նկարահանվել։

Citylife.am- Ըստ Օսկար Ուալդի՝ «Մենք տանել չենք կարողանում այն մարդկանց որոնք ունեն նույն թերությունները՝ ինչ մենք»: Արդյո՞ք համամիտ եք այս ցիտատի հետ:

Սիսիան– Միանշանակ պատասխանելը բարդ է։ Նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է թերություն։ Իմ կարծիքով, երբ մարդն իսկապես ճանաչում է իր մեջ որևէ թերություն, արդեն կարելի է այդ մարդուն համարել հաղթած դրա դեմ։ Ու նման թերություններ ուրիշների մեջ տեսնելիս մարդը ոչ միշտ է դրանք ընկալում որպես սեփականը, եթե անգամ իսկապես ունի նույնպիսի թերություն։ Առհասարակ ավելի հակված եմ այն կարծիքին, որ թերություններն են մարդուն դարձնում անհատ հասարակության մեջ, որովհետև նմանություններն ընդհանուր են բոլորի համար։ Կարելի է հղկել նշված թերություններն ու այդպիսով հղկվել անձնապես։

Հարցազրույցը՝ Դիանա Նազարյանի /Citylife.am/