Կատակը լուրջ ընդունեցինք ու որոշեցինք վերջնական անունը NEMRA դնել

Այսօր  Citylife.am-ի հյուրն է ալտերնատիվ ռոք ժանրում ստեղծագործող NEMRA խումբը: 

Citylife.am. Ու՞մ առաջարկով ստեղծվեց խումբը։

Վան. Այս պահին անկեղծ ասած չեմ հիշում` ով ասեց, թե եկեք խումբ ստեղծենք, բայց հիշում եմ, որ ես, Վասպուրն ու Գեղամը (մեր նախկին հարվածային գործիքներ նվագողը) միասին որոշեցինք, որ պետք է սկսենք գործել և խմբի չորրորդ անդամին փնտրել: Դա այն ժամանակ էր, երբ ես արդեն մի քանի երգ ունեի գրած ինքս ինձ համար:

Վասպուր. Խումբ ունենալու երազանքը բոլորիս մոտ էլ կար, իսկ երբ Վանը սովորեց կիթառ նվագել ու գրեց իր առաջին երգերը՝ հասկացանք, որ արդեն մեր երազանքը իրականություն դարձնելու ժամանակն է:NEMRA

Citylife.am. Ինչպե՞ս սկսեցիք համագործակցել Մարիաննայի հետ: Ճանաչու՞մ էիք միմյանց:

Վան. Մարիաննայի հետ ծանոթացել ենք, երբ փնտրում էինք հարվածային գործիքներ նվագողի (այդ ժամանակ Գեղամը պետք է ստեղնաշարային գործիքներ նվագեր), բայց առաջին փորձի ժամանակ որոշեցինք, որ Մարիաննան կնվագի իր հարազատ ստեղնաշարային գործիքը (մասնագիտությամբ դաշնակահարուհի է), իսկ Գեղամը կսկսի հարվածային գործիքներ նվագել: Ի դեպ Վասպուրն էլ էր այդ առաջին փորձին առաջին անգամ բաս կիթառ բռնում ձեռքերում:

Վասպուր. Մարիաննային հանդիպեցինք ընդհանուր ծանոթի օգնությամբ: Մի քանի փորձ արեցինք, իսկ հետո Մարիաննան բավական երկար ժամանակով բացակայեց երկրից: Այդ ընթացքում մենք սովորեցինք նորմալ տիրապետել մեր գործիքներին:

Citylife.am. Ինչու՞  NEMRA

Վան. NEMRA անունն ենք ընտրել` խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմենիա, Արմեն): Ուղղակի, քանի որ սովորություն ունենք երևույթներին, իրերին մի քանի կողմից նայել, Մարիաննան կատակով առաջարկեց Արմեն անունը հակառակ կողմից ընթերցել: Կատակը լուրջ ընդունեցինք ու որոշեցինք վերջնական անունը NEMRA դնել։

Վապուր. Մի քանի անուն փոխելուց հետո կանգ առանք NEMRA տարբերակի վրա: Անվանումն առաջարկեց Մարիաննան` կես լուրջ, կես կատակ: Մեզ էլ այն դուր եկավ, և զգացինք, որ հենց այն է ինչ ուզում ենք:

Citylife.am. Կգա՞ մի ժամանակ, որ կստեղծագորցեք հայերեն:

Վան. Մենք մեր առջև ոչ մի արգելք չենք դրել, և եթե երգերը հայերեն լեզվով մեզ այցելեն, կգրենք, կերգենք: Այսքան ժամանակ դեռ անգլերեն է ստացվում, իսկ հայերենին անդրադառնում ենք ժողովրդական երգերը ռոքային տարբերակով ներկայացնելիս:

Վապուր. Չեմ ուզում ինչ-որ բան բացառել, բայց կարող եմ ասել, որ գալիք հաջորդ երկու ալբոմների մեջ նույնպես հայերեն լեզվով գրված հեղինակային երգեր չեն լինի, իսկ հետո՝ տեսնենք ինչպես կստացվի։NEMRA

Citylife.am. Չնայած ձեր առաջին երգը “Sad Reality”-ն է, բայց ավելի շատ տարածում գտավ “Train of Despair” երգը, դուք ո՞րն եք համարում ձեզ համար այցեքարտ։

Վան. Այնպես է ստացվել որ տարբեր շրջաններում տարբեր երգեր են եղել մեր այցեքարտը, ամենասկզբում “Sad Reality”-ն էր, քանի որ մեր առաջին երգն էր, տեսահոլովակն էր, “Train of Despair”-ի լույս տեսնելուց հետո Train-ը շատ պոպուլյար դարձավ: Երևի լավ երգի, ճիշտ համագործակցությունների, և գրագետ PR-ի շնորհիվ այդ երգը YouTube-ում մեր ամենաշատ դիտում ունեցող երգն է, ինչին, անկեղծ ասած, չէինք սպասում:

Վասպուր. Ամեն մի երգ էլ իր հետ նոր լսարան է բերել: Կարծում եմ՝ որպես այցեքարտ ավելի ճիշտ կլինի համարել մեր ալբոմը՝ “Mubla”-նն ամբողջությամբ:

Citylife.am. Ինչո՞վ էր պայմանավորված այդ երգի ավելի շատ տարածումը:

Վան. “Train Of Despair” երգի տարածումն իմ կարծիքով պայմանավորված է նրանով, որ երգը մինչև տեսահոլովակի լույս տեսնելը շատ քիչ էր հնչել, ու երբ վերջնական տեսքը ստացավ թե՛ ձայնագրության տեսանկյունից զգացվեց առաջընթացը, որ ահագին մեծ աշխատանք էինք տարել, և թե՛ տեսահոլովակի տեսանկյունից` երգի տրամադրությանը:

Վասպուր. Դժվար է ինչ-որ գործոն առանձնացնել: Առաջին հերթին, իհարկե, դա եղավ երգի և տեսահոլովակի գեղեցիկ համադրության շնորհիվ:NEMRA

Citylife.am. Ինչպե՞ս եք վերաբերում այն խմբերին, ովքեր հայտնի երգերի cover տարբերակներ են ներկայացնում, ի՞նչ եք կարծում, դուք կունենա՞ք որևէ երգի cover:

Վան. Եթե խումբը պրոֆեսիոնալ երաժիշտներից է կազմված, ովքեր հավաքվել են գումար աշխատելու կամ պարզապես ուրախ ժամանակ անցկացնելու համար, կարծում եմ հայտնի երգերի cover տարբերակները շատ ճիշտ և հեշտ ընտրություն է: Բայց եթե խումբն ունի ասելիք ու որոշակի գաղափարներ, կարծում եմ`պարտավոր է առաջին հերթին ունենալ իր սեփականը, չնայած ուրիշին կրկնօրինակել ավելի հեշտ է քան սեփականը ստեղծելը, բայց, ամեն դեպքում, սկզբից պետք է ասելիքը ասել հետո, եթե հավեսի համար ուզում են, կարող են cover էլ նվագել: Մենք մեկ-մեկ նվագում ենք cover, բայց ժամանակի ընթացքում արդեն մեր երգացանկում տեղ չի մնում cover-ների, քանի որ մենք էն երջանիկ երաժիշտներից ենք, որոնց սեփական երգերն ավելի սպասված են լսարանի կողմից քան cover-ները, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ դա ոլորտը ճահճից դուրս բերելու ամենալավ տարբերակն է:

Վասպուր. Cover նվագող խմբերը շատ լավ տարբերակ են այն հայտնի խմբերի երգերը կենդանի տարբերակով լսելու համար, որոնց համերգներին ներկա լինելու հնարավորություն չկա: Բայց Cover և հեղինակային երգեր նվագող խբերին նույն հարթակի վրա դնել չի կարելի: Հնարավոր է` հավեսներս տա և համերգի ընթացքում ինչ-որ cover նվագենք: 20-ից ավել հեղինակային երգեր ունենք, ու պարզ է, որ դրա ժամանակը համերգներին հիմնականում չի լինում : Հանդիսատեսն էլ գալիս է հենց մեր երգերը լսելու համար:NEMRA

Citylife.am. Վերջին շրջանում Հայաստանում ավելացել է ռոք լսողների թիվը: Ի՞նչ եք կարծում, հայկական ռոքն ի՞նչ վիճակում է: Խոսքս վերաբերվում է թե՛ հանդիսատեսին, թե՛ ռոք երգիչներին:

Վան. Ուրախ եմ, որ վերջին շրջանում մարդիկ սկսել են հասկանալ, որ ռոքը միայն իրենց իմացած գոռոցները չեն, ու որ շատ մեծ ենթաժանրերի է բաժանված այս երաժշտական ոճը, բնական է, որ ամբողջ աշխարհում երիտասարդների մեծ մասը լսում են ռոք, քանի որ ռոք երաժշտության հիմքը մեծ մասամբ ընկած է ազատության, անկեղծության, բողոքի ու սիրո գաղափարների մեջ: Այս երևույթները պետք է ցանկացած առողջ երիտասարդի մեջ լինեն: Ուրախ եմ, որ մեր երիտասարդներ մի զգալի հատված սկսել է իրեն զգալ աշխարհի բնակիչ, որ գնահատելով իր հայրենիքը, նաև տեսնում է ամբողջ աշխարհը:

Վասպուր. Հիմա, Հայաստանում հիանալի երիտասարդներ ունենք, ովքեր դեռ շատ բան են փոխելու այս երկրում: Մենք մեր լսարանից շատ գոհ ենք, շատ ենք սիրում նրանց, համերգների ընթացքում մեզ հետ հավասար երգում են բոլոր երգերը: Լավ ռոք խմբեր էլ ունենք, պարզապես կայունություն չկա, չեն կարողանում երկար դիմանալ: Մեծ խնդիր է բացօթյա համերգների ու ֆեստիվալների բացակայությունը: Խմբերը խեղդվում են փաբերում և ակումներում նվագելով: Նմանատիպ համերգները կնպաստեն նաև ռոք (և ոչ միայն) լսարանի ընդլայնմանը:

Հարցազրույցը` Նազիկ Գալստյանի  /Citylife.am/

Նազիկ Գալստյան