
Citylife.am կայքի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը։
Citylife.am- Պարո՛ն Ամալյան, սկզբնական շրջանում երգեր էիք գրում հիմնականում ընկերների համար, ինչպե՞ս ստացվեց, որ այդ երգերը հետագայում Դուք կատարեցիք։
Դավիթ Ամալյան- Բոլորը չեն, որ գրվել են ընկերների համար: Ընկերս զոհվել էր, մայրը բանաստեղծություն էր գրել, և դրա հինման վրա գրեցի երգ։ Հենց բանաստեղծության հիման վրա գրեցի <<Ցուլի երգը>>, <<Դուշման Վարդանի երգը>>։
Citylife.am- Ինչպե՞ս ստացվեց, որ հետագայում այդ երգերը դուք երգեցիք։
Դավիթ Ամալյան- <<Ցուլի երգը>> անձամբ ես շատ քիչ եմ կատարել, հիմնականում երգը կատարել է կամ կինս կամ Լեյլա Սարիբեկյանը։
Citylife.am- Յուրաքանչյուր երգ ունի իր ստեղծման պատմությունը, երգ ստեղծելու համար արդյո՞ք պետք է Ձեզ համապատասխան տրամադրություն։
Դավիթ Ամալյան- Երգը հենց ստեղծում է իր տրամադրությունը, օրինակ, երբ տղաս պետք է ծնվեր, ապրումների մեջ գրել եմ <<Օրորոցային>>-ը, ընկեր եմ կորցրել, լինելով էմոցիոնալ ցնցումների՝ բառիս բուն իմաստով դեպրեսիոն վիճակում, գրել եմ երգ։ Կապ չունի տրամադրությունը. ամեն երգի ստեղծումը մի պատմություն է։
Citylife.am- Ունեք բազմաթիվ երգեր, Ձեզ համար կառանձնացնե՞ք առանձնահատուկ նշանակություն ունեցող կատարումը։
Դավիթ Ամալյան- Միշտ ասում եմ՝ իմ երգերն իմ ընկերներն են։ Հայրենիք, երգ, ծնող ամենակարևոր արժեքներն են կյանքում։ Իմ երգերը ինձ համար երեխաներիս պես թանկ են։ Կան երգեր, որ կառուցվածքային առումով ավելի բարդ են, կան որ ավելի պարզ են, բայց առանձնացնել չեմ կարող, բոլորն էլ ինձ համար արժեքավոր են։ Համենայն դեպս պահանջված երգեր ունեմ, պահանջված են, քանի որ շատ են ցույց տվել, հեռարձակել օրինակ ՝<<Պատիվ ունեմ>>-ը, որը իմ երգը չի, հեղինակն է Արմեն Պողոսյանը, մեծ հաջողություն ունեցավ, որի համար շատ ուրախ եմ։ Ես դրանով չեմ կարող հպարտանալ, քանի որ դա Արմենի շնորհքն է, շատ հպարտ եմ և մեծ հաճույքով եմ կատարում երգը։ Հազվադեպ է, որ իմ երգը չի, ու ես կատարում եմ, այդ դեպքերից մեկն էլ հենց <<Պատիվ ունեմն>> է։
Citylife.am- 1990-1994 թվականներին մասնակցել եք արցախյան պատերազմին և միշտ բարձրացնում եք Ձեր ազատամարտիկ ընկերների ձայնը։ Այդ ժամանակաշրջանի երիտասարդությունը ինչո՞վ է տարբերվում ներկայիս սերնդից։
Դավիթ Ամալյան – Այո, բարձրացնում եմ, բայց ոչ երգելով։ Ներկայիս սերունդը ավելի նորացված է, ավելի կայացած, այս տարիների ընթացքում երիտասարդների մեջ արիության ոգին ավելացել է, եթե այն ժամանակ պարտադիր ծառայություն էր, ու ջոկատում կար գերակշռող մաս, որ պատերազմի ժամանակ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ էին ամեն ինչի, այօրվա սերնդում բոլորը տարբերվող են. անխտիր պատրաստ են հայրենիքի կողքը լինել, կռվել ու պաշտպանել երկիրը, ու հիմա կամավորները ավելի շատ են, քան պարտադիր ծառայողները։
Citylife.am- Ի՞նչ կարծիքի եք, հենց այդ տարբերվելու շնորհիվ կարողացանք քառօրյա պատերազմում հաղթանակ գրանցել։
Դավիթ Ամալյան- Եկեք դեռ հաղթանակով չհիանանք, քանի որ դեռ անելիքներ ունենք։ Համենայն դեպս հպարտանալու է այն փաստը, որ երեք-չորս հոգով կարողացել են դիրք պահել ու պարտության մատնել՝ մեծ մասին կոտորելով։ Պատմական կրկնություն է դա՝ հայերը հարյուր տարի առաջ էլ են թշնամու հանդեպ հաշվեհարդար գտնվել։
Citylife.am- Ի՞նչ եք կարծում, ե՞րբ պատերազմական դրությունը կփոխվի։
Դավիթ Ամալյան- Որպեսզի պատերազմ չլինի, պետք է Ադրբեջանի պես զինված լինենք, գոնե նրանց զինվածության 40% ունենանք, այդ ժամանակ կարծում եմ նրանք զգաստ կլինեն ու չեն հարձակվի։ Ոչ ոք մեզ խաղաղություն չի տա՝ ասելով հայեր ջան վերցրեք, պետք է պատրաստ լինենք պատերազմի և ունենանք ուժեղ բանակ։ Ուժեղ բանակի առաջին ամենամեծ գրավականը ունենք՝ խիզախ զինվորներն են, եթե ֆինանսական ու ռազմական առումով ապահովված լինի մեր բանակը, ապա միշտ հաղթանակը մերը կլինի։
Citylife.am- Ձեր մասնակցությունն եք ունեցել շատ բարեգործական ակցիաների, արդյո՞ք միշտ այդ ակցիաները իրենց նպատակին են ծառայել։
Դավիթ Ամալյան- Զանգահարել են կազմակերպիչները հրավիրել են, ես էլ համաձայնել եմ իմ երգելով մասնակցել։ Ես համերգ կազմակերպողներին միշտ ասել եմ, այնպիսի բան կազմակերպեն, որ օգուտ տա ինչ-որ երեխայի կամ զինվորի։ Եթե մի բան բարի է, սակայն խեղճ, իր նպատակին չի հասնի։ Վերջերս չորս տարեկան երեխայի բուժման համար անհրաժեշտ էր գումար, և ակցիա էր կազմակերպվել, ցավոք, այդքան գումար չհավաքվեց։
Citylife.am- Ձեր խուսքում սիրում եք կրկնել Պարույր Սևակի խոսքերը <<Մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա շալակած աշխարհն է տանում>>։
Դավիթ Ամալյան– Այո, մեր հասարակությունն ի վերջո բաժանվում է երկու խմբի՝ շալակած տանողների, և շալակվածների։ Սևակյան խոսքերը շատ դիպուկ են նկարագրում այսօրվա իրականությունը։
Citylife.am- Վերջին շրջանի սահմանային լարված իրադարձությունները մարդկանց մեջ ուժեղացրին համախմբվածությունը, զինվորների կամքը, հայրենի հողի հանդեպ պատասխանատվությունը, բայց կան զինվորներ, որոնք ունեն ֆինանսական օգնության կարիք, ի՞նչ եք կարծում նրանց աջակցությունը կազմակերպվում է։
Դավիթ Ամալյան– Ամոթ է, որ մեր զինվորները աջակցության կարիք ունեն, ու մենք չօգնենք։ Ամոթ է, որ վերցնենք պետությունը տրամադրում է գումար, օրինակ՝ մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ, և այդ գումարը պետք է բաժանել յոթ զինվորի միջև։ Մի գուցե պետության բյուժեն իսկապես լավ վիճակում չէ, այդ դեպքում կան անհատ ձեռներեցներ, ովքեր միլիարդներ են աշխատում, ու կարող են օգնել իրենց երկրի զինվորին, կամ էլ ունենալով միլիարդներ, բայց հատկացնում եք մի չնչին սիմվոլիկ գումար, դա փրկություն չէ։ Մի դեպք պատմեմ, որ ընկերոջս հետ պատահեց։ Մեր Մրոն (Արսեն Գրիգորյանը) դրամահավաք կազմակերպեց, շատ մարդիկ միացան, մի թոշակառու տարեց կին զանգահարել էր, ցանկացել էր իր թոշակի կեսը՝ քսան հազար դրամ տրամադրել զինվորին, բայց Մրոն մերժել էր: Կինը ամեն գնով համուզել էր, որ ցանկանում է իր լուման ունենա ու օգնի հայ զինվորին։ Թող այդ կնոջ պես տղամարդկություն ունենա յուաքանչյուր ոք։ Յուրաքանչյուր օգնություն մեր ապահովության, անվտանգության համար է, ամեն գնով պետք է կանգնած լինենք զինվորի կողքին ու աջակցություն ցուցաբերենք։
Citylife.am- Ձեր խոսքը հայ զինվորին։
Դավիթ Ամալյան- Այս պահին գտնվում եմ մի զորամասում, որտեղ կան զինվորներ, ու միշտ ասում եմ, որ ինչ անում եք ձեր հայրենիքի, ընտանիքի ապահովության համար եք անում, ու հանկարծ անգամ մի վայրկյան չկասկածեք՝ ամեն ինչ արժե ընտանիքի ապահովության և հայրենիքի համար՝ նույնիսկ մահանալ, իհարկե կյանք տալը վերջին պլան, առաջնայինը հաղթանակն է։
Citylife.am- Ի՞նչ երազանք ունի Դավիթ Ամալյանը։
Դավիթ Ամալյան- Երազում եմ, որ երկրագնդում լինի խաղաղություն, եթե չի ստացվում, ապա գոնե երկրի խաղաղությամբ սահմանափակվենք։ Եթե առաջին երազանքս կատարվի, հաջորդ երազանքս կլինի, որ երկրում դավաճաններ չլինեն։ Եթե դավաճաններ չունենանք, ապա հաղթանակներ կվաստակենք։
Citylife.am- Ստեղծագործական ի՞նչ նորություններ ունեք։
Դավիթ Ամասյան-Ուզում էի տեսահոլովակ նկարեինք, սակայն երկրի վիճակի սրման պատճառով հետաձգվեց, սակայն նոր երգեր գրվում են, առաջիկայում կներկայացնեմ։
Citylife.am- Շնորհակալություն անկեղծ զրույցի համար, ու թող կատարվեն Ձեր բոլոր նպատակները և իրականանան երազանքները։
Հարցազրույցը ՝ Ռուզան Բազինյանի /Citylife.am/