Այս անգամ Citylife.am-ի զրուցակիցն է սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
Citylife.am. <<Մայրիկ>> երգը տարբերվեց բոլոր մյուս երգերից` այն դարձավ հիթ: Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում այս երգից հետո:
Քրիստինե. <<Մայրիկ>> երգին շատ քիչ մարդիկ էին հավատում. երբ ես որոշոցի մոր թեմայով երգեմ, իմ գործընկերներից շատ մարդիկ կային, ովքեր ասում էին, որ դա շատ ծեծված թեմա է և շատերին հետաքրքիր չի լինելու, բայց ես որոշել էի, որ մամայիս ծննդյան տարեդարձին նվեր պետք է անեմ և որոշեցի, որ երգ պետք է նվիրեմ նրան: Ես հասկացա, որ այդ երգը պետք է ուրիշ լինի, որովհետև ես մորս մասին էի երգելու, և այդ յուրահատուկ սեր էր, որ այդ երգի մեջ պետք է լիներ: Դրանից հետո շատ բան փոխվեց, ես կարող եմ ասել, որ մայրիկ երգով իմ իրական կարիերան սկսվեց: Դրանից առաջ ես ունեի երգեր, որոնք իսկապես լավն էին, որոնք ստացված էին, որոնք իմ սկիզբն էին, բայց մայրիկ երգը պրոֆեսիոնալ դաշտում շատ բան փոխեց իմ կյանքում:
Citylife.am. Դուք Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ շատ զգացմունքային եք, էմոցիոնալ:Դա Ձեզ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
Քրիստինե. Ես հակված եմ հավատալու, որ էմոցիան օգնում է մարդուն, որովհետև, եթե էմոցիա չունենաս, շատ բաներում կլինես անտարբեր, իսկ անտարբեր լինելը ամենամեծ դժբախտությունն է, որ մարդու հետ կարող է լինել, որովհետև եթե անտարբեր լինես, նշանակում է, որ միայն քեզ համար պետք է ապրես, իսկ միայն քեզ համար ապրել չի լինում. ինձ համար համենայն դեպս այդպես է: Ես կարծում եմ, որ օգնում է, իհարկե, երբեմն կարող եմ մտածել, որ անհանգստացնում է, բայց ես կարծում եմ, որ դա նորմալ է: Ես էմոցիային շատ տեղ եմ տալիս, և առհասարակ, մեր կյանքում շատ բաներ էմոցիաների վրա իրականում ավելի ճիշտ հարթություն են գտնում:
Citylife.am. Նախօրոք պլանավորում ե՞ք Ձեր քայլերը:
Քրիստինե. Նայած թե ինչի մասին է, եթե աշխատանքի մեջ է, գուցե ինչ-որ առումով փորձեմ պլանավորել, որ այս կամ այն քայլերը պետք է լինեն, բայց սովորաբար ես մաթեմատիկա չեմ անում իմ գործի մեջ, որովհետև այս աշխատանքը, ինչպես նախորդ հարցն էր, ամբողջը էմոցիայի վրա է, սա այն աշխատանքն է, որտեղ շատ բաներ չես կարող հաշվարկել: Եթե դու իրականում ծառայում ես քո կոչմանը, ուրեմն հաշվարկներ չեն լինում, եթե դու անում ես ինչ-որ բան ուղղակի էմոցիայից դուրս անելու համար՝ հաշվարկելով, ուրեմն արածդ գործը երկար կյանք չի ունենալու: Ես աշխատանքի մեջ պլանավորում եմ, ոչ թե հաշվարկում քայլերը: Միգուցե պլանավորում եմ այս գործից հետո անել մյուս գործը կամ այս ժամանահատվածում ներկայացնել այս երգը, բայց անել հատուկ հաշվարկներով քայլեր, չէ, այդպես չի լինում:
Citylife.am . Սիրու՞մ եք հայտնվել ուշադրության կենտրոնում:
Քրիստինե. Ոչ, այդ իրավիճակները ես չեմ սիրում: Ես չեմ կարող ասել, որ ես շնորհակալ չեմ դրա համար, որովհետև, երբ ես հայտնվում եմ մի տեղ, որտեղ մարդիկ ինձ ճանաչում են, ուզես թե չուզես դու ուշադրության կենտրոնում լինում ես, ու դա քո արած աշխատանքի պատասխանն է, որ մարդիկ քեզ տալիս են, այսինքն՝ մենք բոլորս անում ենք այս աշխատանքը (ճանաչված մարդկանց մասին եմ ասում) ուշադրության կենտրոնում լինելու համար, բայց միշտ չէ,որ այդ ուշադրությունը հարմար վիճակ է ստեղծում քեզ համար, երբեմն շատ ուշադրությունը անհարմար իրավիճակներ է ստեղծում, ու տպավորությունն այնպիսին է, որ արդեն ուղղակի դու չգիտես, թե քեզ ոնց է պետք պահել: Ինձ համար ոչ թե անհարմար է այն իրավիճակը, երբ ես ուշադրության կենտրոնում եմ, այլ այն իրավիճակը, երբ ինձ չափազանց շատ են սկսում գովել, ես այդ ժամանակ անգամ մտածում եմ, որ երբեմն մարդիկ ինձ գերագնահատում են, ու այդ շատ գովասանքի խոսքերից ես կարող եմ ուղղակի խառնվել իրար ու չիմանալ, թե ինչ համարժեք պատասխան պետք է տամ: Բայց ես սիրում եմ իմ աշխատանքը, այն ամբողջությամբ ուշադրության մասին է, բայց, իհարկե, երբեմն-երբեմն ուզում ես, որ ամբողջ ուշադրությունը քեզ վրա սևեռված չլինի:
Citylife.am. Մանկությունից ունե՞ք որևէ հուշ, որ ամեն անգամ հիշելով այն վերապրում եք:
Քրիստինե. Ես մանկությունից ունեմ մի շատ կարևոր իր, որը մինչև հիմա ինձ հետ է: Ես մանկությունից ունեմ իմ մանկապարտեզի աթոռը, որի վրա ես նստում էի, երբ 3 տարեկան էի ու հետո, երբ այլևս մանկապարտեզ չպետք է գնայի, այլ արդեն դպրոց, ես իմ աթոռը ինձ հետ բերեցի տուն: Ու այդ աթոռը մինչև այսօր` արդեն 33 տարի, ինձ հետ է, որովհետև ես 3 տարեկան եմ եղել, որ այդ աթոռը ինձ տվեցին ու ես միշտ այդ աթոռի վրա եմ միայն նստել ու հիմա արդեն 36 տարեկան եմ ու իմ մանկապարտեզի աթոռը մինչև այսօր պահել եմ: Ես մանկապարտեզում շատ ակտիվ երեխա եմ եղել ու շատ երաժշտական: Ես հիշում եմ, երբ շատ փոքրիկ էի, ու անգամ իմ մանկապարտեզի դաստիարակչուհիները, որոնց սովորաբար անուն-հայրանունով էինք դիմում, իրենք մի քիչ զավեշտի առումով, ծիծաղելու համար ինձ ասում էին` Քրիստինա Ռուբենովնա, խնդրում ենք համեցեք, ու հետաքրքիր էին տարիները, որ այսօր` տարիներ անց աշխատանքի բերումով, քանի որ հիմա կոնսերվատորիայում եմ աշխատում, դարձել եմ Քրիստինա Ռուբենովնա:
Citylife.am. Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք երգչուհուն իր հանդիսատեսին հետաքրքիր լինելու համար:
Քրիստինե. Ասելիք, սա ամենակարևոր բանն է, որ պետք է ունենա կատարողը (երգիչը, երգչուհին), եթե ասելիք ունես, ուրեմն հանդիսատեսին հետաքրքիր կլինես, եթե այդ ասելիքին կարողանաս գումարել քո անկեղծությունը, ուրեմն հաջողությունդ հաստատ չի կորի, ուրեմն մարդիկ կգնահատեն դա, կգնահատեն քո անկեղծությունը, քո ասելիքը, քո էմոցիան: Ինձ թվում է ճանաչված մարդուն մի քանի կարևոր բաներ են պետք` ասելիք, էմոցիա, հարգանք մարդկանց նկատմամբ և իրենց սիրո, որ տալիս են քեզ և էլի մի քանի բաներ…
Citylife.am. Հե՞շտ է աշխատելը հանդիսատեսի հետ:
Քրիստինե. Նայած ինչ հանդիսատեսի. հանդիսատեսներն էլ են լինում տարբեր` հեշտ հանդիսատես, մի փոքր դժվար հանդիսատես: Տարբեր են մարդիկ, ու կապ ունի նաև իրավիճակը, թե այդ օրը ովքեր են հավաքվել, այսինքն՝ մարդկանց մեծ մասն ինչպիսին է: Չնայած այն, որ եթե դու քո էմոցիաների մեջ ազատ ես, եթե դու ցույց չես տալիս այն ինչ-որ դու չես, մարդիկ քեզ ընկալում են հենց այնպիսին, ինչպիսին դու կաս , ու արդեն ամեն ինչ ավելի հեշտ է դառնում: Ես միշտ փորձում եմ լինել այն, ով ես կամ. դրա համար միգուցե շատ առումներով ինձ համար հեշտ է աշխատել հանդիսատեսի հետ:
Citylife.am. Ի՞նչ հոգեվիճակում եք լինում մինչ բեմ դուրս գալը:
Քրիստինե. Ես ունեմ մի շատ կարևոր պայման ինձ համար, որը արդեն սովորության պես մի բան է դարձել: Միշտ համերգներին բեմ դուրս գալուց առաջ ես կուլիսներից նայում եմ մարդկանց, իրենք չեն էլ տեսնում, որ ես իրենց նայում եմ, բայց ես միշտ նայում եմ մարդկանց, ովքեր նայում են դատարկ բեմին, երբ որ դու դեռ չես եկել, երբ որ սպասում են մարդիկ, ու ես սիում եմ այդ պահը, ես սիրում եմ տեսնել, որ մարդիկ պատրաստ են արդեն ինձ դիմավորելուն: Դա ամենաէմոցիոնալ, ամենապատասխանատու, ամենահուզական պահն է, որ ես կարող եմ ունենալ: Բեմ դուրս գալուց հետո շատ էմոցիաներ հանգստանում են, արդեն ամեն բան իր տեղն է ընկնում: Առաջին մի քանի րոպեներն են դժվար, պատասխանատու, առաջին քայլերը: Բայց կուլիսներից, երբ նայում եմ մարդկանց, ովքեր սպասում են, անգամ ծափահարում են դատարկ բեմին, քանի դեռ չկաս դու, իսկ դա նշանակում է, որ իրենք արդեն պատրաստ են: Դրանք ամենաէմոցիոնալ, ամենալավ պահերն են, որ ես շատ եմ սիրում:
Citylife.am. Եղե՞լ է ինչ-որ ժամանակահատված, երբ ցանկություն չեք ունեցել երգելու:
Քրիստինե. Եղել է, բայց դա չի եղել հատուկ պլանավորած, որ հիմա այլևս ես չեմ ուզում երևալ կամ կա որևէ պատճառ դրա համար, պարզապես դա այն աշխատանքն է, որտեղ պարբերաբար կարող ես և սպառվել քո էմոցիաների մեջ, այսինքն չլինի ասելիք, ուղղակի մի նոր բան չլինի, և դու կարիք ունենաս հանգստի, նոր լիցքերի, նոր տպավորությունների, նոր ասելիքի: Եվ, հետևաբար, դրան լինում է մի որոշակի շրջան դադար, կարծում եմ, որ դա նորմալ է:
Citylife.am. Երբևէ հիասթափություն ապրել ե՞ք ինքներդ Ձեզնից:
Քրիստինե. Չեմ կարծում, որ իդեալական մարդիկ կան: Ես կարծում եմ, որ աշխարհում բոլոր մարդիկ ունենում են հիասթափություններ իրենք իրենցից: Ի դեպ դա ամենածանր հիասթափությունն է, երբ մարդն ինքն իրենից է հիասթափվում, երբ չես կարողանում արդարացնել քո առջև դրված նպատակը, երբ չես կարողանում իրագործել մի բան, որը ուզում էիր, որը հատկապես օգտակար կլիներ մեկ այլ մարդու համար: Հիասթափություններ իհարկե լինում են, դա նորմալ է, մարդկային է:
Citylife.am. Մարդկանց մեջ ամենաշատն ի՞նչն եք գնահատում:
Քրիստինե. Շատ որակներ կան, որ ես գնահատում եմ մարդկանց մեջ, երևի ամենաշատը օգտակար լինելու ցանկությունը: Ես հավատում եմ, որ ամեն մարդ, ով աշխարհ է գալիս, անպայման ինչ-որ մի միսիայով է գալիս այս կյանք, որ ինչ-որ բան անի օգտակար լինելու համար: Ամեն մարդ մի ձև է դրսևորում իր օգտակար լինելը, բայց դա շատ կարևոր բան է: Մարդկանց մեջ երևի դա է, որ ամենաշատն եմ գնահատում` օգտակար լինելու ցանկությունը:
Citylife.am. Շրջապատում ինչպե՞ս եք ընտրություն կայացնում, նախապատվությունը ո՞ւմ եք տալիս, ինչպիսի՞ մարդկանց:
Քրիստինե. Շրջապատում ես հատուկ ընտրություն չեմ կայացնում, պարզապես ժամանակն է ամեն բան որոշում: Ժամանակի հետ մարդիկ կամ մնում են, կամ գնում: Ինչպես մեր կյանքից են շատ մարդիկ գնում, նույն ձև էլ մենք ենք շատ մարդկանց կյանքից գնում: Այսինքն մնում են մարդիկ, ովքեր պետք են իրար: Դրա համար կարիք չկա հատուկ առաջադրանքներ դնել քո առաջ, որ ասես օրինակ` ես այսպիսի մարդ եմ փնտրում, որ լինի իմ ընկերուհիների մեջ ու, եթե նա ունենա այս որակը, նա կլինի իմ ընկերուհին. էդպես չի լինում: Ամեն ինչը ժամանակի, տեսակների, խառնվածքների հարց է: Օրինակ` ինձ համար շատ կարևոր է, երբ իմ ընկերական շրջապատում բոլորը նույն հումորի վրա ծիծաղում են, ես կարծում եմ, որ շատ մեծ բան է կապում այն մարդկանց, ովքեր նույն հումորի վրա կարող են ծիծաղել, այսինքն, իրենք շատ հարցերում կարող են ընդհանուր բաներ ունենալ: Աշխատանքի բերումով, բնականաբար, իմ շրջապատը բավականին մեծ է, ու չես կարող բոլորի առաջ ստանդարտներ դնել ու որակներ փնտրել իրենց մեջ ու ասես այս մարդը չի համապատասխանում իմ որակին, նա պիտի գնա: Դրա համար ամեն մարդ իր տեղն ունի, ամեն մարդ իր հարթությունն ունի, ամեն մարդ իր անելիքն ունի քո կյանքում: Շատ են մարդիկ, ես ուրախ եմ, որ իմ շրջապատում շատ մարդիկ կան, բայց, բնականաբար, ժամանակի հետ ամեն ինչ ավելի պարզ է դառնում:
Citylife.am. Իսկ ո՞րն է Ձեր կողմից երիտասարդ երգիչներին (երգչուհիներին) տրված ամենամեծ մասնագիտական խորհուրդը:
Քրիստինե. Իմ կյանքում հիմա շատ հետաքրքիր ու կարևոր շրջան է, քանի որ ես դասավանդում եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և աշխատում եմ ուսանողների հետ. մարդիկ ովքեր երիտասարդ են ու դեռ նոր ճանապարհ ունեն անցելու: Ես իմ ուսանողներին միշտ ասում եմ, եթե չկա ասելիք, ոչինչ մի արեք, շատ կարևոր է, որ դուք ունենաք ասելիք ու երիտասարդ կատարողներն էլ կարծում եմ, որ պետք է հիշեն դա, ուղղակի պետք չէ անել որևէ բան անելու համար, որովհետև էդպես ուզում է ընտանիքը, կամ որովհետև էդպես իրենք հարմար են գտնում, պետք է անես ինչ-որ բան, եթե կա ասելիք, եթե կա իմաստ դրա մեջ:
Citylife.am.Դուք պատրաստ ե՞ք թողնել այս ամենը հանուն մեկ այլ երջանկության:
Քրիստինե. Ես չեմ կարծում, որ մի քանի երջանկություններ միևնույն տեղում կխանգարեն իրար: Այս աշխատանքը, ինչով ես զբաղվում եմ, սա մեծ երջանկություն է ինձ համար ու չեմ կարծում, որ կյանքումս պետք է լինի իրավիճակ, որ մի երջանկությունը մյուս երջանկությանը կխանգարի, թող երջանկությունները շատ լինեն: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկին երջանիկ լինելը խանգարել է այսքան ժամանակ:
Citylife.am. Շնորհակալ եմ շատ, Քրիստինե՛ ջան, հետաքրքիր և բովանդակալից հարցազրույցի համար:
Հարցազրույցը ` Մարինե Մանջիկյանի /Citylife.am/