Բայց տարիներ անց, երբ ես նորից անցա ժուռնալիստիկային, հասկացա, որ երազանքս կիսատ թողնելու մարդ չեմ. Կարինե Խոդիկյան

Citylife.am կայքի զրուցակիցն է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և,մասնագիտական բնորոշումից զատ կանացի և կենսուրախ Կարինե Խոդիկյանը:

Citylife.am – Տիկի՛ն Խոդիկյան, մտովի վերադառնանք Ձեր ուսանողական տարիներ, երբ դեռ ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի էիք, Ձեր ապագա մասնագիտության հետ կապված ի՞նչ պլաններ ունեիք:

Կարինե Խոդիկյան –  Ես  ճիշտն ասած մտածում էի. նույնիսկ արդեն ծրագիրը կար, որ 3-րդ կուրսից պետք է մեկնեի կամ Լենինգրադ կամ Մոսկվա՝ շարունակելու  ժուռնալիստիկայի մասնագիտությամբ, բայց 2-րդ կուրսի կեսից  մայրս հիվանդացավ, և ես ստիպված գործերս տեղափոխեցի հեռակա, և բնականաբար, ժուռնալիստիկայի իմ երազանքը մնաց կիսատ: Կարճ  ժամանակ անց աշխատանքի ընդունվեցի այն դպրոց, որտեղ ավարտելի  էի՝ Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցը. սկզբում ջոկատավար, բայց մի քանի ամիս հետո  արդեն ինձ վստահեցին  նաև գրականություն դասավանդել 8-րդ դասարանում: Բայց տարիներ անց, երբ  ես նորից անցա ժուռնալիստիկային, հասկացա, որ երազանքս կիսատ թողնելու մարդ չեմ, պիտի  ինչ-որ կերպ լրացնեմ:

Citylife.am  – Ձեր հարուստ աշխատանքային փորձը սկսվեց հենց դպրոցից, ինչպես նշեցիք 5 տարի աշխատել եք Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, անմիջապես հետո զբաղվեցիք լրագրությամբ,  այսպիսով՝ մանկավարժի մասնագիտությունը մնաց անցյալում  ամփոփված այդ 5 տարիների մե՞ջ:

Կարինե Խոդիկյան– Այն, որ ես 2006 թվականից արդեն դասավանդում եմ բուհերում, Թատերականում, հետո մասմեդիայում, վերջին մեկ տարին  համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, իսկ այս տարվանից նորից վերդառանում եմ Թատերական (սցենարական կուրս պետք է ունենամ), նշանակում է, որ դասավանդման այդ փորձառությունը, ինչու չէ  նաև սերը, մնացել էր: Պարզապես դպրոցում աշխատել չեմ կարողանում, աղմուկը ինձ հակացուցված է, իսկ ուսանողների հետ ոչ միայն ուզում եմ, այլև շատ եմ սիրում աշխատել, որովհետև  երիտասարդների հետ շփումը ինձ համար կարևոր է:

Citylife.am  –  Դուք զբաղեցրել եք նաև ՀՀ մշակույթի փոխնախարարի պաշտոնը, առնչվելով այս ոլորտին՝ ի՞նչ եք կարծում ՝ ներկայում խնդիրները նու՞յնն են մնացել:

Կարինե Խոդիկյան-  Եթե հաշվի առնենք 2004 թվականից մինչև 2008 թվականի մարտը երկիրն ինչ վիճակում է եղել  և հիմա ինչ վիճակում է ( տնտեսականի մասին է խոսքը). մշակույթը այն երկրում է ծաղկում ապրում, որտեղ բարգավաճություն է, և երկրի տնտեսական հզորությունը միայն աջակցում է մշակույթի էլ ավելի զարգացմանը, ապա պիտի ասեմ, որ իհարկե  խնդիրներ կան,  եթե նույնիսկ ավելի չեն շատացել, որովհետև  ժամանակը առաջ է գնում, զարգացումներն այսօր աշխարհում (տեխնոլոգիաներից մինչև մարդկային երևակայությունն ու գիտական միտքը) օրական թռիչքներ են ապրում, իսկ հաշվի առնելով մեր երկրի տնտեսական վիճակը և այն մրցակցությունը տնտեսական ասպարեզում, որը ենթադրում է աղքատ պետություն, պարզ է, որ մշակույթի վիճակը  շատ հեռու է մեր ակնկալած ցանկացած իրավիճակից:

33333333333333333333333333333333333333

Citylife.am  – Խոսենք հայ ժամանակակից դրամատուրգիայից: Բեմադրիչները  դժգոհում են  լավ դրամատուրգիայի պակասից, իսկ դրամատուրգներն էլ փաստում են, որ իրենց գործերի  չնչին տոկոսն է միայն բեմադրվում: Ի՞նչ  եք կարծում. գուցե կարելի  է դպրոցների ուսումնական ծրագրում ներառել  հայ ժամանակակից գրականություն առարկան, որտեղ կարելի է անդրադառնալ հայ դրամատուրգների գործերին:

Կարինե Խոդիկյան– Իհարկե, դուք շատ լավ բան եք ասում, չնայած ես ինչքան գիտեմ, մեր ժամանաակակից գրողների մի մասը ներառված  է ուսումնական ծրագրում, իհարկե, առյուծի հիմնական բաժինը մանկագրւթյանն է հասնում, իսկ ժամանակակից գրողներից մերօրյա դասականներն են, այն ժամանակակիցը, որն այսօր է, ցավոք քիչ է ներգրավված:  Սակայն դա ոչ մի բանով չի օգնի թատրոններում ազգային դրամատուրգիայի ավելի հոգածու վերաբերմունքի համար: Ես այստեղ պիտի անպայման մեջբերում անեմ  Երվանդ Ղազանչյանից. նա ցանկացած ելույթ, ցանկացած խոսք, եթե չի սկսում, ապա ավարտում է <<Չկա ազգային թատրոն, առանց ազգային դրամատուրգիայի>> նշանաբան նախադասութամբ, ապա որոշ ռեժիսորներ, չասեմ օտարամոլ, հակված են, դրսի՝ նույնիսկ 3-րդ կարգի գործեր բեմադրելուն: Դա բացատրվում է գուցեև ֆինանսական առումով, որովհետև գործող դրամատուրգին ֆինանսական հոնորարի խնդիր կա, և գուցե այն, որ հեղինակի հետ աշխատել ոմանք չեն ուզում, հեղինակը կարող է ցանկություն հայտնել, որը կհակասի  ռեժիսորի տեսլականին:  Վերջերս մոտ 30-ից ավել իմ պիեսների պրեմիերաների առյուծի բաժինը Հաայաստանում է եղել: Սակայն անձամբ ինքս պիտի խոստովանեմ, որ բողոքելու տեղ չպիտի ունենամ: Ես աշխատել եմ մեր օրերի համարյա բոլոր բեմադրիչների հետ՝ Վահե Շահվերդյան, Հակոբ Ղազանչյան, Սուրեն Շահվերդյան, Րաֆիի Գրիգորյան, Արթուր Կարապետյան, անվերջ կարող եմ թվել: Հենց հիմա իմ հերթական պիեսն է վերցրել Հրաչիկ Գասպարյանը և Համազգային թատրոնում պետք է բեմադրվի: Պիեսի վերնագիրն է <<Հրավիրվա՞ծ եք ծնունդի>>. այս պիեսը Ռուսաստանում անցկացվող Դրամատուրգիա միջազգային փառատոնում,  121 պիեսից   12-ի հետ անցավ short-list-ը: Այն <<Դրամատուրգիա>> հանդեսը, որ 2000 թվականից, ես համառությամբ տպում եմ, և ամեն տարի 4 համար,  այս տարիների ընթացքում մոտավորապես 300-ից ավել հայ ժամանակակից դրամատուրգների գործեր եմ տպել, որոնց մի 10-15 %-ն   Է բեմադրվել: Մենք չենք կարող համեմատվել արևմտյան թատրոնների արտադրողունակության հետ, եթե այդ առումով վերցնենք, այդ 15 %-ը քիչ չէ, բայց եթե նկատի ունենաք, որ մոտ 300 պիես է, և  ընդամենը 15 %-ն է ուշադրության արժանացել, համենայն դեպս, չէի ասի, որ մնացած այդ 300-ի մեջ ուշադրության արժանի գործեր չկային: Այնպես որ, նայած թե որ տեսանկյունից ենք նայում:

Citylife.am  -Գրականության մեջ յուրաքանչյուր դարաշրջան տալիս է այդ ժամանակաշրջանի իր հասարակության նկարագիրը: Դուք՝ որպես դրամատուրգ, ինչպե՞ս կնկարագրեք այօրվա հասարակությանը:

Կարինե Խոդիկյան–   Եթե իմ պիեսներով նայեմ և այդ հակասական ժամանակները, երբ մարդիկ հաճախ նույնիսկ չեն կողմնորոշվում, թե ինչ հարաբերությունների մեջ են ապրում, մարդկային ինչ համակեցության մեջ են իրենք հայտնվել, հսկայական պրոբլեմների շարք կա: Օրինակ՝ իմ <<Պենելոպե>> պիեսում, որը պոստմոդեռնիստական պիես է, հայտնի հոմերոսյան Պենելոպե հերսուսին 20 տարի սպասում է իր ամուսնուն՝ չիմանալով՝ կգա թե չի գա: Մի անգամ լրագրողներից մեկն ինձ հարցրեց՝ ինչու՞ հենց <<Պենելոպե>>, որովհետև այսօր Հայաստանում  ամեն քայլափոխի պենելոպեներ են քայլում, ում ամուսինները գնացել են մի կտոր հաց վաստակելու: Շատ ընտանիքներ կիսված են. կանայք իրենք իրենց ուսերի վրա են տանում հայ ընտանիքի ողջ բեռը:

66666666666666666666666666666665555555555555555

Citylife.am – Անդրադառնանք Ձեր կերտած կերպարներին: Ասում են՝ յուրաքանչյուր գրող ներկա է իր ստեղծագործություններում և իր էությունը արտահայտում է իր կերտած կերպարների միջոցով: Ձեր հերոսները էմոցիոնալ, բռնկուն, համարձակ, տղամարդ կանայք են: Արդյո՞ք կնոջ այս կերպարը մոտ  է Ձեր էությանը:

Կարինե Խոդիկյան–   Գիտեք՝ տղամարդ կանայք մի կողմից լավ  է հնչում, շոյում է, մյուս կողմից էլ  զգուշավորեցնում է: Գուցե այդպես է, որովհետև իմ պենելոպե-կանայք նաև պիտի տղամարդ կին լինեն, որ դիմանան կյանքի ծանրությանը: Բայց իմ կանայք նաև սիրող, սիրուն նվիրված, հավատարիմ  ընտանիքի, կամ իրենց սիրո համար մինչև վերջ զոհաբերվող կանայք են՝ իրենց զավակների համար ամեն ինչի պատրաստ: Ես ունեմ պիեսների մի խումբ, որը ցավոք այսօր ընթերցողը և հանդիսատեսը տեղյակ չեն, դրանք ավելի շատ հրապարակախոսական երկեր չեն, գրականություն ես հրապարակախոսություն չեմ թողնում, որովհետև կյանքում առանց այդ էլ հրապարակախոսության թեման շարունակում եմ իմ հրապարակախոսական հոդվածներում: Բայց, օրինակ, <<Խաղի ժամանակը>>,   <<Տունը սահմանի վրա>>, <<Մեկ ժամ հիշողություն>>, <<Այն, որ չկար>> հենց այդ եռագրությունը և նման մի քանի գործեր ունեմ, որտեղ արտագաղթից մինչև մարտի մեկի թեման արծարծված է, և որոնց ժամանակը Հայաստանում դեռ չի հասունացել:

Citylife.am – Անձամբ ներկա եմ գտնվել <<Գոյ>> թատրոնում Ձեր <<Լույսը Կբացվի>> պիեսի հիման վրա բեմադրված մոնոներկայացմանը՝ Կարինե Ջանջուղազյանի ներկայացմամբ և ականատեսը դարձա Ձեր ուրույն և ժամանակակից ոճին: Հատկանշական է, որ Ձեր ներկայացրած կնոջ կերպարը,  որը դավաճանված կնոջ դեր էր խաղում, այնուամենայնիվ, ցույց էր տալիս, որ  նա ուժեղ է, խելացի է և պայքարում է ինքն իր էմոցիաների դեմ: Արդյո՞ք իրականում այս կերպ եք տեսնում հայ կնոջ կերպարը, թե՞ կցանկանայիք նրան տեսնել այդպիսին:

Կարինե Խոդիկյան– Հոգեվիճակներ կան, որոնք ցանկացած ազգի կնոջն են հատկանշական, թեկուզ ոչ բոլորին, բայց շատերին: Լքվածության, դավաճանված  լինելու զգացողությունը ցանկացած մարդու կարող է և  հունից հանել, ի հայտ բերել նրա բոլոր թաքնված,  նույնիսկ նսեմ գծերը, բայց միաժամանակ բացահայտել նրա այն կողմերը, որոնք մարդուն մարդ են պահում: Ես աղոթք՝ որպես այդպիսին, չունեմ, չեմ աղոթում, բայց երբ պահ է լինում, ես Աստծուն մեկ խնդրանք եմ հղում,- Տեր Աստված չթողնես չարանամ, դա ամենասարսափելի բանն է: Հենց նույն իմ հերոսուհին ասում է՝ միայն  թե չչարանամ: <<Կինը անձրևից հետո>> պիեսում Արփինեն ասում է՝ ինչ ուզում ես արա, միայն թե մի՛ չարացի: Որովհետև չարացած կինը Աստծո պատիժ է և՛ իր համար և՛ շրջապատի համար: Ամբողջ գործողությունը կատարվում է մի քանի ժամվա ընթացքում, կինը լքված, վիրավորված, իր ինքնարժեքը զրոյացած վիճակից բարձրանում է մինչև մարդկային ամենաբարձր որակները այդ մի քանի ժամվա ընացքում: Խնդիրը սա է՝ մարդը ցանկացած իրավիճակում չպիտի մոռանա իր մարդ էությունը, որովհետև հենց դա մոռացավ, նա պարտվում է, իսկ իմ կանայք պարտվել չեն սիրում. այդ մեկը հաստատ (ժպտում է):

Citylife.am – Իսկապես. ներկայացումը դիտելիս իմ մտքին եկավ <<Ծերունին և ծովը>> ստեղծագործության մեջ  հետևյալ տողը,- <<Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել>>:

Կարինե Խոդիկյան–  Ես ուրախ եմ, որ նման զուգորդություն եք ունեցել:

Citylife.am- Անդրադառնանք նաև ներկայացման մեջ հնչող որոշ արտահայտությունների: <<Եթե ուզում եք ճանաչել կնոջը, նայեք նրա պայուսակի մեջ>>  Ի՞նչ կասեք այս մասին:

Կարինե Խոդիկյան– Գրականությունը նաև հոգեբանություն է, դա նաև վիճակագրություն է, սոցիոլոգիա է, դա մարդիմացություն էՍոցիոլոգիական հարցումներ են եղել, թե կնոջ նույնիսկ պայուսակի մեծությունը ի՞նչ է խորհրդանշում: Եթե ուշադրություն դարձնեք, այն կանանց որոնց մենք ասում ենք գործունյա,  ամբողջ օրը զբաղված, նրանց պայուսակները խուրջինի տպավորություն են թողնում, որովհետև նրանք  առավոտյան տնից դուրս են գալիս երեկոյան պետք է վերադառնան, դա նշանակում է ինչքան թղթեր, փաստաթղթեր է իրենց պետք: Ես միշտ հարգանքով եմ նայել փոքր հասակից այն կանանց, ովքեր (ռիդիկյուլ էր այն ժամանակ) բացում էին և ասեղնագործ թաշկինակը, հարդուկած գիծը գծին ու օծանելիքը վրան (այն տարիներին Крассная Москва) բուրելով դուրս էին հանում այդ թաշկինակը, հիմա թաշկինակները իրենց տեղը զիջել են թղթե անձեռոցիկներին: Մի անգամ, չգիտեմ որ  թատրոնում էի, այնպիսի մի սրտի գորովանքով հետևեցի բավական արդեն  տարեց  կնոջ, ով պայուսակը բացեց և այդպիսի մի թաշկինակ հանեց  և սկսեց որպես հովար թափահարել դեմքին, ես հիացա` այդ կինը դեռ պահում է այդպիսի թաշկինակ:  Այդ մի փոքրիկ  հանգամանքը նրա մասին այնքան բան ասաց ինձ:

Citylife.am- Նշեցիք նաև օծանելիքի մասին, անդրադառնանք նաև այս  տողին <<Միայն ֆրանսիական օծանելիքը կարող է կնոջը հիշեցնել, որ նա կին է>>:

Կարինե Խոդիկյան–  Այ դա որևէ սոցիոլոգիական հարցում իր հիմքում չունի, դա զուտ  իմ ընկալումն  է, որովհետև կյանքը ինչքան դաժանանում է, հարաբերությունները երբեմն շատ չոր  ու պրագմատիկ են դառնում, շատ հեշտ է, երբ կինը կորցնում է իր սեռի զգացողությունը ( աջ ու ձախ տղամարդավարի), ես տանել չեմ կարող, որովհետև կնոջ զենքը այս դեպքւմ հենց այդ կանացիությունն է, իսկ ինձ համար այդ կանացիության ֆետիշներից մեկը օծանելիքն է: Ես ինձ կարող եմ զսպել և ինչ-որ մի բլուզ չառնել, կամ այս տարի կոշիկներս չնորացնել, բայց իմ ֆրանիսական օծանելիքը անպայման պետք է լինի իմ զարդասեղանի վրա, կամ գոնե 2, եթե ոչ 3 սրվակ՝ ըստ տրամադրության:

Citylife.am – Ձեր գործընկեր Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ ռենտգենային ճշգրտությամբ կարողանում եք տեսնել  տղամարդու հոգեբանությունը: Հետաքրքիր է, Ձեր գլխավոր հերոսները հիմնականում կանայք են, ինչու՞:

Կարինե Խոդիկյան

Կարինե Խոդիկյան– Իմ գլխավոր հերոսուհիները հիմնականում առնչվում են հենց տղամարդկանց հետ: Այնպես որ, եթե Պենելոպեն  բեմում մենակ է, նրա կռիվը տղամարդու հետ է: Դուք կարող եք տեսնել  նաև այդ տղամարդուն, որ իր խոսեքերի մեջ ստեղծում է Պենելոպեն: Իսկ այս վերջին գործը, որը հիմա Հրաչիկ Գասպարյանը պետք է բեմադրի, գլխավոր հերոսը տղամարդն է, որը այդպես էլ բեմում չի հայտնվում, բայց նրա կերպարը ստեղծում են երեք կանայք, որոնք կյանքի տարբեր ժամանակաշրջաններում հանդիպել են, սիրել են այդ տղամարդուն: Եվ նրանց խոսքի, պատմությունների միջոցով դուք կտեսնեք բեմում այնպիսի տղամարդու կերպար, որ, ինչպես օրինակ, <<Москва слезам не верит>> ֆիլմի Գոշան, երբ բոլոր կանայք տեսնում ու ասում են՝ այ տղամարդը այսպիսին պիտի լինի:

Citylife.am – Ձեր պիեսները հիմնականում ընթերցել եմ համացանցում ռուսերենով, ինչու՞ հայերեն տարբերակներն այդքան շատ տարածված չեն համացանցում:

Կարինե Խոդիկյան– Ես ճիշտն ասած 2009 թվականից իմ պաշտոնական գրական կայքն ունեի, անցած տարի փակեցի՝ մտածելով, որ ֆեյսբուքյան գրական էջ կստեղծեմ, բայց մինչ օրս ֆեյսբուքում չեմ, և ինչ-որ մի բան ինձ  հեռու է պահում ֆեյսբուքյան տարածքից, բայց եթե մի օր փորձեմ մտնել ֆեյսբուք, դա կլինի գրական էջի տեսքով և  այնտեղ ես կդնեմ իմ պատմվածքները, պիեսները, շատ հետաքրքիր պատմություններ` կապված իմ պիեսների հետ:

Citylife.am  – Այս պահին ստեղծագործական, ո՞ր փուլում եք գտնվում:

Կարինե Խոդիկյան– Այս պահին մեր երիտասարդ ռեժիսորներից Գոռ Մարգարյանը առաջարկել է պիես գրել որոշակի թեմայով, հենց հիմա զբաղված եմ դրանով, իսկ երբ մի փոքր ավելի ազատ տարածք եմ գտնում, հիմա թարգմանում եմ Կալլե Կասպերի <<Հայուհիները>> էսսեն արտասահամանյան  գրականության համար, և միաժամանակ աշխատում եմ մի սերիալի սցենարի վրա: Առայժմ ինքս ինձ համար եմ աշխատում, ասեմ, որ պատվեր չէ,  ուզում եմ  ինքս գրել  այն ինչ կուզենամ, ինչ ուզում եմ էկրանով տեսնել, իսկ թե հետո ինչպես կստացվի, ինչ ընթացք կունենա, դա էլ ապագան ցույց կտա:

Citylife.am- Տիկի՛ն Խոդիկյան, Դուք հեռուստադիտողին հայտնի եք <<Մեր մեջ ասած>> հեռուստանախագծից, հետաքրքիր է, դրամատուրգը, ով սովոր է ներկայանալ հանդիսատեսին իր ստեղծագործությունների միջոցով, ինչպե՞ս որոշեց երևալ նաև էկրանից այն կողմ:

Կարինե Խոդիկյան–  Ես իմ բնավորությամբ շատ հետաքրքրասեր եմ, և նորությունը ինձ չի վախեցնում, և տա Աստված, որ դեռ երկար ժամանակ ինչպիսի անհագ հետաքրքրությամբ գիրքն էի բացում, կամ  ինչ-որ նոր գործ սկսում,այդ նույն ընթացքը, ինչպես 20 տարեկանում էր, ինչպես հիմա է, դեռ երկար շարունակվի: Որովհետև  մարդը, որը մտածում է, որ այ սա է իրենը և ինքը մի պատվանդան է ստեղծել որից այն կողմ ինքը աջ ու ձախ անելու, շեղվելու իրավունք չունի այդ մարդը ինձ համար ձանձրալի է: Ինձ համար նշանակություն չունի  այդ աշխատանքը, ում աչքին ինչ կարգավիճակ ունի, եթե ինձ հետաքրքիր է, իսկապես հետաքրքիր է:  Ու քանի որ նախկին լրագրող չի լինում այդ տաղավարում հաղորդավարից բացի, իմ մեջ լրագրողի լավ, առողջ բնազդն էր արթնանում, և հաճախ սցենարից  մի փոքր շեղվում էի, և ասեմ, որ շատ լավ էին ընդունում իմ գործընկերները (ծիծաղում է), չէին նյարդայնանում և ինչպես ասում են, սցենարից դուրս հանկարծ հարց էի տալիս, խորանում էի հերթական հարցի մեջ և ոչ միայն ինձ համար, այլև հեռուստադիտողի համար այդ մարդուն նոր լույսի տակ կարողանում  ներկայացնել:

Citylife.am – Շատ շնորհակալ եմ Ձեզ, տիկի՛ն Խոդիկյան, մաղթում եմ բեղուն ստեղծագործական ճանապարհ և նոր գործեր, որոնք կներկայացնեք հանդիսատեսի  դատին:

Հարցազրույցը` Արմինե Մարտիրոսյանի /Citylife.am/

ARmishikkkkkkkkkkk