
Կարելի է ասել, որ գրեթե ամեն բան գիտենք կամ խոսել ենք դերասանուհի Լուիզա Ղամբարյանի մասին: Սիրված դերասանուհու բացառիկ հարցազրույցը Citylife.am –ին, թույլ տվեց ավելի ու ավելի բացահայտել` մայր, աղջիկ, դերասանուհի Լուիզա Ղամբարյանի նրբության և կանացիության անսպառ հմայքը:
Citylife.am- Սիրելի Լուիզա, սկսենք նրանից, ինչպիսի՞ն է եղել Ձեր մանկությունը:
Լուիզա –Իմ մանկությունը շատ գունեղ է եղել, վառ, անհոգ մանկություն:
Citylife- Կա՞ն մանկության հիշողություններ, որտեղ կա անսահման երջանկության պահ և հիշողություն, որը հիշելիս տխրում եք.
Լուիզա –Երջանկության հիշողությունները ավելի շատ են, և դա հրաշալի է, երբ մարդու մանկությունը հիմնվում է երջանկության վրա: Դրանից է կախված մեր պատանեկան և ավելի հասուն տարիքում լուսավորությունն ու պարզությունը: Մանկությունս շատ ուրախ և ջերմ է եղել: Ակամայից հիշեցի, երբ իմ ընտանիքով քաղաքից դուրս էինք գնում՝ հայրս, մայրս, մենք՝ երեք երեխաներով, ամբողջ օրը խաղում էինք, զբոսնում անտառով, ամենատարբեր պատմություններ էինք լսում ծնողներիցս: Ընթրում էինք և երեկոյան շատ ուրախ, օրվա խենթություններից հագեցած վերադառնում էինք տուն: Իսկ առավել վատ հիշողությունը, որը մարեց իմ մանկության երազը, դա երկրաշարժն էր: Երբ տեղի ունեցավ այդ չարաբաստիկ ողբերգությունը, ամեն բան փոխվեց: Մարդկային կուրուստներ, համատարած վիշտ, սարսափելի էր: Երկրաշարժը փշրեց նաև իմ մանկության գունեղ հեքիաթը:
Citylife.am –Եթե բնութագրենք դերասանուհի Լուիզա Ղամբարյանին, ապա ինչպիսի՞ դուստր է նա:
Լուիզա –Կարծում եմ արժանի դուստր, իր ծնողներին: Ես, որպես զավակ, փորձում եմ փոխհատուցել, այն ինչ արել են ինձ համար իմ ծնողներս: Ցավոք Հայրս էլ մեզ հետ չէ: Բայց ես գտնում եմ, որ մեզանից ոչ մեկ, նույնիսկ ամենալավ զավակը, չի անում այն, ինչին իրականում արժանի են մեր ծնողները:
Citylife.am –Կա՞ն մայրիկից ժառանգած խորհուրդներ և հորդորներ, որոնք փոխանցում ենք Ձեր դստերը:
Լուիզա –Առաջին հերթին մարդու մեջ մարդ սիրելը, ինձ փոքրուց և՛ մայրս, և՛ հայրս մշտապես դա են սովորեցրել: Լինել աշխատասեր, ինքնավստահ և սեփական ցանկություններից չվախենալ: Գնալ երազանքների ետևից և սխալվել թույլ տալ: Դա շատ կարևոր է, ես փորձում եմ իմ զավակին նույնը փոխանցել՝ տալով սխալվելու հնարավորություն, փորձում եմ մեծացնել աշխատասեր, մարդասեր և իհարկե կյանքին ռեալ ու սթափ նայող մարդ, ինչպիսին իմ ծնողներն են մեծացրել ինձ:
Citylife.am – Իսկ ի՞նչ մասնագիտություն էր մայրիկը Ձեզ համար երազում,արդյոք եղել են տարաձայնություններ, մասնագիտության ընտրության հարցում:
Լուիզա – Երբեք, իմ ծնողներս ինձ մշտապես սատարել են՝ մասնագիտության, անձնական, ստեղծագործական և այլ հարցերում: Մասնագիտության հարցում մայրս միշտ ասում էր, որ միշտ եղել եմ արտիստիկ, դեռ մանկապարտեզից, դպրոցից նմանակումներ եմ արել, տարբեր ուսուցիչների և ինձ շրջապատող մարդկանց . <<Ինձ կապիկ շուն էին ասում>> ու երևի թե ամեն ինչ արել են, որ բացահայտեն իմ մեջ եղածը, դա արվեստն է իհարկե …
Citylife.am –Իսկ ինչպիսի՞ մայրիկ է Լուիզա Ղամբարյանը:
Լուիզա –Լուիզա Ղամբարյանը շատ փափուկ մայրիկ է, բայց նաև խիստ մայրիկ: 11 տարիների ընթացքում երևի 11 անգամ եմ ձայնս բարձրացրել, բայց դա բավական է եղել, որպեսզի ես դստերս համար լինեմ հեղինակություն: Ասեմ նաև, մենք լավ ընկերներ ենք աղջկաս հետ: Կարծում եմ, որ իմ անսահման սերը ճիշտ եմ օգտագործում իր նկատմամբ և այդ սերը չի խանգարում, որպեսզի բալիկս մեծանա <Անհատ> իր սեփական ասելիքներով: Ցավոք մեր ծնողները մեզ երբեմն դարձնում են կյանքում հազար ու մի խնդիրների, սոցիումի մեջ չտեղավորվող անհատ, և ամեն ինչ փորձում են անել իրենց զավակի փոխարեն, մոռանալով, որ իրենց զավակը մի օր առանց ծնողների պետք է քայլի կյանքում:
Աշխարհի ամենադժվար բանն է երեխա դաստիարակելը: Ես փորձում եմ դաստիարակել լավ մարդ:
Citylife.am –Լուիզա դուք շատ սիրված դերասանուհի եք , և՛ լավ ընկեր, և՛ լավ գործնկեր: Այդ լուսավոր հմայքը ինչպե՞ս եք պահպանում:
Լուիզա –Գիտեք, ես փորձում եմ վերաբերվել մարդկանց այնպես, ինչպես կուզենամ, որ ինձ վերաբերվեն, դա է երևի հիմնական պատճառը: Ես այսօր իսկապես գնահատված եմ հանդիսատեսի կողմից և սիրված իմ նեղ շրջապատում: Ինձ ճանաչողները, ովքեր ոչ միայն ինձ, որպես Լուիզա Ղամբարյան են ընկալում, այլ Լուիզ մարդուն, որպես լավ ընկեր և հարազատ, ում հարգում և վստահում են: Միշտ փորձում եմ լինել մեծահոգի, չկորցնելով սեփական <եսը>: Մեզանից յուրաքանչյուրը ունի իր մեջ հրաշալի ու լավ կողմեր, որոնք երբեմն հանգամանքների բերումով քնում են, թաքնվում են, բայց երբ միջավայրում տիրում է անկեղծություն, անմիջականություն, շփման մեջ ազնվություն, ապա փոխադարձ է դառնում ամեն բան:
Citylife.am –Այսօր ապրում եք այնպես որ վաղը…
Լուիզա –Որ վաղը ավելի լավ ապրեմ…
Սիրելի Լուիզա, շնորհակալ եմ Ձեզ, բարի և անմիջական զրույցի համար:
Հարցազրույցը` Լուսինե Ջանգչյանի /Citylife.am /