Ցանկացած նախասիրությունից առավել է ընտանիքիս հետ հաճելի ժամանակ անցկացնելը. Գևորգ Մարտիրոսյան

Citylife.am.  Երկրպագուների մեծ բանակ ունեցող երգիչ, այսօր արդեն դերասանական ասպարեզում իր ուժերը փորձող, սկսնակ,  բայց արդեն համակրանք վայելող դերասան: Ո ՞րն է հաջողության գաղտնիքը, Գևո՛րգ:

Գևորգ. Պետք է մշտապես աշխատել, նպատակներ ունենալ և ձգտել ավելիին: Ոչ ոք քեզ համար ճանապարհ չի հարթելու, եթե դու  ինքդ քեզ վրա չաշխատե: Իհարկե, բացի աշխատասիրությունից նաև տաղանդ է հարկավոր, այս դեպքում պետք է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Իմ դեպքում պահանջվել է տարիների քրտնաջան աշխատանք, և դեռ շատ եռանդ է պետք:

Citylife.am.  Գևո՛րգ, դեռ դպրոցական տարիներից հետաքրքրվում էիք ֆուտբոլով, բայց միևնույն ժամանակ հաճախում էիք ջութակի դասերի, ինչպե՞ս ստացվեց, որ արվեստի նկատմամբ սերը հաղթեց սպորտասերին:

Գևորգ. Սխալ կլինի ասել թե հաղթեց, պարզապես եղան մի շարք խանգարող հանգամանքներ՝ ստացա ոտքի վնասվածք: Այս և մի շարք այլ խնդիրներ  հանգեցրին սպորտը թողնելուն:

Citylife.am.  Միշտ ներկայանում եք այնպիսի երգերով, որոնք շատ արագ յուրացվում են ունկնդիրների կողմից, հատականշական է, որ երգերը դյուրամարս են, հեշտ հիշվող: Հետաքրքիր է՝ ի՞նչպես են ծնվում նոր երգերը:

Գևորգ.Երգերիս հեղինակները հիմնականում Վահրամ Պետրոսյանն և Ռիչարդ Մադլենյանն են, երբեմն ես նույնպես ստեղծագործում եմ:  Երգերի վրա շատ երկար եմ աշխատում, մանրազննին երգը ուսումնասիրում եմ: Այն պետք է նաև իմ էությանը համապատասխանի, որպեսզի ես կարողանամ ըստ արժանվույն ներկայացնել:

Citylife.am. Խոսեցինք մասնագիտության, աշխատանքի մասին, իսկ նախասիրություններ ունի Գևորգ Մարգիրոսյանը:

Գևորգ. Միանշանակ սպորտն է, սպորտ, սպորտ… Կցանկանայի, որ տղաս այդ ուղին ընտրեր, իհարկե, դա առայժմ իմ ցանկությունն է, երբ մեծանա թող  ինքը իր ցանկությամբ առաջնորդվի: Երգարվեստը ևս կարող եմ համարել նախասիրություն. այն ինձ համար ոչ միայն աշխատանք է, այլև հաճելի զբաղմունք: Ցանկացած նախասիրությունից առավել է ընտանիքիս հետ հաճելի ժամանակ անցկացնելը, նրանց հետ քաղաքից դուրս բնության գրկում լինելը: Աշխատանքս շատ ժամանակ է խլում ինձնից, բայց հնարավորինս փորձում եմ  <<կեսերիս>>  հետ լինել:

 Citylife.am. Գևո՛րգ, խոսեցիք Ձեր որդու մասին, իսկ հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք զբաղվում նրա դաստիրակությամբ. շեշտն ինչի՞ վրա եք դնում:

Գևորգ. Որդուս հետ պարզապես ընկերություն ենք անում: Անձամբ չեմ հիշում, ոը հայրս ինձ խրատած կամ պատժած լինի: Տղայիս հետ էլ նույն  սկզբունքով եմ շփվում: Սխալի դեպքում փորձում եմ ընկերաբար բացատրել: Գտնում եմ, որ հայր և որդի նախ և առաջ պետք է ընկերներ լինեն. մեր դեպքում այդպես է:

Citylife.am. Միշտ հետաքրքիր է տղամարդու համար կնոջ իդեալի կերպարը: Ինչպիսի՞ն է Գևորգ Մարտիրոսյանի համար կնոջ, մասնավորապես՝ հայ կնոջ, իդեալը:

Գևորգ. Երբ այդպես եք ասում , ակամայից մայրս է գալիս աչքերիս առաջ: Ես նրա մեջ եմ տեսել հայ կնոջ, որ կերպարը՝ բարի  և անսահման  նվիրվածությամբ: Կարծում եմ կինն է հենց ընտանիքի սյունը, նա կարող է բարձրացնել իր ամուսնուն, լուսավորել իր  ընտանիքը: Իմ ապագա կնոջը և  երեխաների մորը ես այդպիսին էլ պատկերացրել եմ: Եվ այսօր իմ ընտանիքում հենց այդպես է, տարիների ընթացքում զույգերը իրար լրացնելով գալիս են  իրենց պատկերացրած իդեալի կերպարի ստեղծմանը:

Citylife.am. Գևո՛րգ, շնորհակալ եմ անկեղծ հարցազրույցի համար:

Հարցազրույցը՝ Լիլիթ Հակոբյանի   /Citylife.am/

ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ