Երիտասարդ լուսանկարիչ, որ գրավել է շատերի ուշադրությունը: Վարդանի տեսախցիկը որսում է անորսալին: Լուսանկարչի սերը դեպի իր աշխատանքը երևում է յուրաքանչյուր նկարից:
Citylife-ի հյուրն է Վարդան Պետրոսյանը:
Citylife. Վարդա՛ն, ե՞րբ և ինչպե՞ս ծնվեց լուսանկարչական արվեստին տիրապետելու Ձեր ցանկությունը:
Վարդան. Ամեն ինչ սկսվեց մոտ երեք տարի առաջ: Ընկերս ֆոտոխցիկ ուներ, միշտ ինձ նկարում էր, ոգեշնչվեցի, ես էլ գնեցի: Գիտե՞ք՝ այն ժամանակ մտքովս էլ չէր անցնի, որ մի օր կդառնամ լուսանկարիչ:
Citylife. Հետաքրքիր գունային երանգներ մեկ նկարում, կրակվող արևների շարք, լուսնային գիշերներ,խոսուն բնապատկերներ. երիտասարդ լուսանկարչի ֆոտոխցիկի փիլիսոփայությունը ո՞րն է:
Վարդան. Յուրաքանչյուր նկար ունի իր փիլիսոփայությունը: Ես սիրում եմ բնապատկերներ լուսանկարահանել, ինչ բնականն է ու բնությանը. յուրաքանչյուր նկար նկարչի համար իր հոգու հայելին կարելի է համարել: Ինչ մեղքս թաքցնեմ, ես ռոմանտիկ եմ, մայրամուտի, լուսնային, գիշերային պատկերները դրա վառ ապացույցն են, բայց չմոռանանք դրանցում առկա արևը ևս: Ֆոտոխցիկիս փիլիսոփայությունը իմ մեջ է սահմանված:
Citylife. Մեծ արձագանք ունեցավ զինվորների պատկերներով Ձեր լուսանկարների շարքը: Կարելի՞ է ասել, որ հայրենիքին ծառայելու մի ձև է նաև ձեր աշխատանքը, թե՞ ուղղակի ցանկություն ճիշտ ժամանակին ճիշտ շարք ներկայացնելու:
Վարդան. Ոչ, ես հաճախ եմ այցելում սահմանի տղաներին, լուսանկարում նրանց և ներկայացնում հանրությանը: Ես էլ եմ սահմանում ծառայել, երևի դա է պատճառը. միշտ հոգով ու սրտով տղաների հետ եմ: Ապրիլյան դեպքերի հետ կապ չունի լուսանկարների այդ շարքը, մոտ մեկ տարվա լուսանկարներ էին: Վաղուց էի լուսանկարել նաև Սաշային՝ համառ հայացքով քաջ զինվորին:
Citylife. Ո՞րն է Ձեր ամենասիրելի լուսանկարը՝ Ձեր ֆոտոխցիկից:
Վարդան. Եթե ողջ կյանքումս ցանկանայի նման լուսանկար անել, վստահ եմ, որ չէր ստացվի: Մինչև հիմա աչքերիս չեմ հավատում, որ պատահաբար կարողացա նման լուսանկարի տեր դառնալ, երեք օր չէի հավատում, նույնիսկ օրվա լուսանկար էր հրապարակվել երեք հեռուստաընկերություններով: Եթե մի ամբողջ կյանք նստեի ու սպասեի, նման պահ չէի կարող որսալ:
Citylife.Վարդան,Ձեր սոցէջից էլ կարելի է տեղեկանալ, որ լուսնային պատկերների սիրահար եք: Ինչու՞ է երիտասարդ լուսանկարիչը ձգտում հասնել երկնային պատկերներին:
Վարդան. Լուսին երկնային մարմինը վաղուց էր ուշադրությանս կենտրոնում: Փոքր տարիքում, երբ լուսինը նոր դուրս էր գալիս, պապիկիս ասում էի, – պապի՛կ, նայի՝ ինչ սիրուն ա, ոնց որ կարագ լինի,- դրանից հետո էլ միշտ ցանկանում էի խառնարանները տեսնել՝ չմտածելով, որ մի օր կլուսանկարեմ ու կունենամ սեփական շարքը՝ լուսնի բոլոր փուլերով:
Citylife. Կա՞ն պլաններ գործունեությունը շարունակել Հայաստանից դուրս:
Վարդան. Պլաններ չէի ասի. ինձ համար երազանք է Նասայում աշխատելը, բայց ուր էլ գնամ, կարոտը ինձ բերելու է հայրենիք:
Citylife. Լինելով երիտասարդ և փորձառու լուսանկարիչ՝ խույս չեք տա նաև բազմաթիվ երկրպագուների և երկրպագուհիների առկայությունից: Կա՞ն պլաններ դասավանդելու լուսանկարչական արվեստը նաև նրանց:
Վարդան. Այո, արդեն երկու սան ունեցել եմ: Դե ցանկացողներին էլ միշտ պատրաստ եմ սովորեցնել այն, ինչ գիտեմ:
Citylife. Վարդա՛ն, եթե չլինեիք լուսանկարիչ, ի՞նչ աշխատանք կկատարեիք հիմա:
Վարդան. Եթե լուսանկարիչ չլինեի, կցանկանայի լուսային օպերատոր աշխատել:
Citylife. Ի՞նչ նպատակներ ունի Վարդանը լուսանկարչության ոլորտում:
Վարդան. Ինձ համար հիմա գլխավոր նպատակ կարող եմ համարել հյուսիսային երկրներ գնալը: Ցանկանում եմ լինել Ֆինլանդիայում, Իսլանդիայում, լուսանկարել հյուսիսային բևեռափայլ՝ աշխարհում ամենագեղեցիկ երևույթներից մեկը:
Շնորհակալություն, Վարդա՛ն, հաճելի և անկեղծ զրույց էր: Ցանկանում եմ Ձեզ լուսանկարչական արվեստում անկանխատեսելի գաղափարների անսպասելի իրականացում, հյուսիսային բևեռափայլի մի ամբողջ ֆոտոշարք: Հաճելի է տեսնել իր գործին ու արվեստին նվիրված հայ երիտասարդի:
Հարցազրույցը՝ Մանյա Մարտիրոսյանի /Citylife.am/
Վարդան Պետրոսյանի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: