
Հայ Առաքելական եկեղեցու օրացույցում 2017 թ-ի սեպտեմբերի 17-ը նշված է կարմիր գույնով։
Սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը (այս տարի սեպտեմբերի 17-ին) Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:
Այն նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:
Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով ու ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսվում է երեկոյան ժամերգությունը:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին`տանելով մրգեղեն, հատկապես խաղող, ձմերուկ, խմորեղեն, կաթնասեր, կանաչեղեն, պանիր: Այդ օրը գերեզմանատուն տարվող մրգերը «նան ու տրի» էին կոչում:
Նյութը՝ Խաչատուր Փանոսյանի /Citylife.am/