Նախընտրում եմ քիչ բառերով շատ բան ասել. Մարիամ Գևորգյան

***
Ասել՝ սիրում եմ քեզ,
Նույնն է, թե ասել՝
Ես շնչում եմ …

Citylife.am-ը այսօր զրուցել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ինչպես նաև ստեղծագործող՝ Մարիամ Գևորգյանի հետ:

Citylife.am- Ո՞ր տարիքից եք սկսել ստեղծագործել:

Մարիամ– Դպրոցական տարիքից: Սիրում էի ազատ թեմաներով շարադրություններ գրել: Ի դեպ՝ սկզբում մայրիկս էր օգնում, ուղղորդում: Նրա՝ «Գրիր այնպես, ինչպես որ կա, ինչպես տեսնում ես» խորհուրդը լավ ուղեցույց եղավ ինձ համար: Առաջին բանաստեղծությունը գրել եմ 9 տարեկանում: Անձրևից հետո պատուհանից տեսածս պատկերը հոգիս լցրեց զմայլանքով, հիացմունքով, և ծնվեց բանաստեղծություն. գեղեցիկի զգացողությունը գեղագիտորեն վերարտադրելու իմ առաջին փորձն էր։

Citylife.am- Ո՞ր ժանրն է Ձեզ ավելի հոգեհարազատ և ո՞ր ժանրում եք սիրում ավելի շատ ստեղծագործել:

Մարիամ– Բանաստեղծությունը։ Սովորաբար ստեղծագործության ձևը թելադրվում է ասելիքով:
Նախընտրում եմ քիչ բառերով շատ բան ասել այնպես, որ ընթերցողն ակամա մղվի մտածելու և զգալու։

Citylife.am- Ինչպե՞ս է Ձեզ մոտ ստացվում ստեղծագործելը: Դրանով դուք Ձեր հոգեկան բավարարվածության խնդիրն եք լուծում, թե՞…

Մարիամ– Ստեղծագործելու պահին, եթե խնդիրներ լինում են, ապա միայն՝ ստեղծագործական բնույթի: Հոգեկան բավարարվածություն անշուշտ կա, երբ ծնվում է մի նոր բանաստեղծություն, որից գոհանում եմ:

Citylife.am- Դուք ունեք տպագրված երկու գիրք. արդյո՞ք պատրաստվում եք տպագրել ևս մեկը:

Մարիամ– Ձեր նշած երկու գրքերը գրականագիտական բնույթի են: Ունեմ նաև տպագրված գիտական հոդվածներ, ինչպես նաև ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են և մի օր կարող են գրքով լույս տեսնել:

Citylife.am- Դուք նաև երգերի խոսքերի հեղինակ եք: Համագործակցել եք երգչախմբի հետ: Այժմ կա՞ որևէ երգչախումբ, որի հետ համագործակցում եք:

Մարիամ– Տարիներ առաջ ինձ դիմեց սիրիահայ մանուկների երգչախմբի ղեկավարը՝ իրենց հիմնի համար բանաստեղծություն գրելու առաջարկով: Սիրով գրեցի: Հիանալի հիմն ստացվեց, սիրվեց թե՛ երեխաների, թե՛ ծնողների կողմից:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ առայժմ չկա այդպիսին:

Citylife.am- Դուք ունեք բավականին շատ ընթերցողներ: Ի՞նչ եք կարծում, տարիքային ո՞ր խումբն է ավելի շատ ընթերցում Ձեր ստեղծագործությունները:

Մարիամ– Կդժվարանամ հստակ ասել, թե տարիքային ո՛ր խումբն է ավելի շատ ընթերցում իմ ստեղծագործությունները, սակայն որ ընթերցում են և՛ պատանի, և՛ երիտասարդ, և՛ միջին, և՛ հասուն տարիքի ներկայացուցիչներ՝ հաստատ է:

Citylife.am- Ես գիտեմ նաև, որ այլ երկրներում նույնպես ունեք տպագրված ստեղծագործություններ: Կպատմե՞ք մի փոքր այդ մասին:

Մարիամ– Ստեղծագործություններս թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, իսպաներեն: Տպագրվել են ամսագրերում, տեղակայվել են էլեկտրոնային կայքերում:

Citylife.am- Հետագայում, ի՞նչ նորություններ են սպասվում և կտեսնենք արդյո՞ք Ձեր ստեղծագործությունների շարքը տպագրված:

Մարիամ– Կածում եմ՝ այո։ Առաջիկայում իմ բանաստեղծությունների գրքույկների տպագրությունը , որ միայն ժամանակի խնդիր է՝ սպասվող կարևոր նորություններից է ։

Citylife.am- Շնորհակալ եմ Մարիա՛մ, Ձեզ մաղթում եմ անսպառ եռանդ:

***
Ժամանակներ՝ լավ, բարի,
Գնացին զատ-զատ,
Դու առանց ինձ մնացիր,
Ես ՝ առանց հավատ …

***
– Շնորհակալություն,
Կհանդիպենք դեռ …

– Ինչպե՞ս տանեմ տուն
Այսքան ծանր բեռ …

***
Եվ այն պահից,
Երբ երազն իմ
Քո ափի մեջ
Ամփոփեցի,
Շշնջացի.
«Ոտքդ հանկարծ
Քարին չառնի» …

Հարցազրույցը՝ Մարինե Մանջիկյանի \Citylife.am\