Ես հպարտ եմ, որ ծնվել եմ Հայաստանում, որ հայ եմ. Սևակ Խանաղյան

Սեպտեմբերի 12-ին Երևանի Պետական Համալսարանի ուսանողները հյուրընկալել էին երգիչ, ուկրաինական X-Factor նախագծի մասնակից՝ Սևակ Խանաղյանին։ Ուսանողները մեծ ջերմությամբ դիմավորեցին երգչին։ Citylife.am-ը առիթը բաց չթողնելով զրուցեց երգչի հետ։

Citylife.am- Ինչպե՞ս սկսվեց Ձեր գործունեությունը երգի ասպարեզում:

Սևակ- Ես դեռ մանկուց եմ սկսել երգել,  ես ինքս եմ իմ ճանապարհը ընտրել։ Ինձ ոչ ոք չի ստիպել։ Այդ ընթացքում հանդիպել եմ շատ դժվարությունների, սակայն ես իմ առաջ նպատակ էի դրել և հույս ունեմ,  որ մինչև կյանքիս ավարտը ես այս ասպարեզում կմնամ։
Citylife.am- Ի՞նչը Ձեզ դրդեց վերադառնալ հայրենիք։

Սևակ– Ասեմ, որ ես հաճախ եմ եղել Հայաստանում,  ուղղակի այդ մասին չեք իմացել, որովհետև այն ժամանակ հայտնի չեմ եղել։ Ես հպարտ եմ, որ ծնվել եմ Հայաստանում, որ հայ եմ։

Citylife.am- Որքանո՞վ եք Ձեզ հայ համարում, իսկ որքանո՞վ ռուս։

Սևակ– Սևակ Տիգրանի Խանաղյանը չի կարող ռուս լինել։ Ես հպարտ եմ նրանով, որ մաքուր հայ եմ և դա ամենուր եմ ես հպարտությամբ ասում։ Ես ծնվել եմ Հայաստանում, բայց որոշ պատճառներով ապրել եմ Ռուսաստանում։ Ես հարգում եմ ռուս հասարակությանը, որովհետև նրանք ինձ լավ էին վերաբերվում։ Ես նրանց շնորհիվ դարձա հայտնի։
Citylife.am- Ո՞րն է Ձեր հաջողությունների գրավականը։

Սևակ– Ես երգով զբաղվում եմ ամենաքիչը 20 տարի, բայց հայտնի դարձա միայն կես տարվա ընթացքում։ Չնայելով դժվարություններին՝ ես գնում էի առաջ, իմ նպատակին հասնելու համար։ Շատ եմ ընկել,  բայց չեմ հանձնվել։ Ես ապրում եմ երաժշտությամբ և եթե ինձ ընտրության առաջ կանգնեցնեին՝ շինարար, ինժեներ, թե՞ երգիչ, ապա ես առանց մի վայրկյան մտածելու կընտրեի երգը, իսկ այն մարդիկ, ովքեր մտածում են երգ,  թե՞ այլ մասնագիտություն, ապա նրանք պետք է ընտրեն այլ մասնագիտությունը։

Citylife.am-  Ինչպե՞ս մասնակցեցիք ուկրաինական X-Factor-ին։

Սևակ– Ինձ զանգեցին ուկրաինական X-Factor-ից, սակայն ռուսական «Голос» նախագծից հետո չէի ցանկանում ոչ մի այլ նախագծի մասնակցել, բայց երբ իմացա, որ կարող եմ ներկայանալ հեղինակային երգով՝ միանգամից համաձայնեցի։
Citylife.am-  Եղե՞լ է այնպիսի պահ, որ որոշեք թողնել երգը, եթե այո,  ապա ի՞նչն է նորից վերադարձրել երգին: 

Սևակ– Գիտեք դուք ինձ նոր եք սկսել ճանաչել, դրա համար էլ տեղյակ չեք իմ դժվարությունների մասին։ Իմ կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել։ Ես կարող էի աշխատել բեռնակիր կամ վաճառող, բայց երբեք երաժշտությունը չեմ թողել։ Ես ամեն ինչ արել եմ,  որ գումար աշխատեմ սովորելու համար։

Citylife.am- Եվ վերջում, եթե Ձեզ առաջարկեն մասնակցել Եվրատեսիլ 2018-ին՝ ներկայացնելով Հայաստանը, կընդունե՞ք առաջարկը։

Սևակ– Եթե ինձ հանդիսատեսն ընդունի և օգնի, ապա մեծ հաճույքով կգնամ։ Դա շատ պատասխանատու գործ է, որովհետև ներկայացնելու եմ իմ պետությունը, իմ ժողովրդին, երբ առաջարկեն ինձ մասնակցել, ապա ինձ մեծ պատվի կարժանացնեն։

Վերջում հավելենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 19:0-ին կկայանա Սևակ Խանաղյանի մենահամերգը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մենահամերգի ժամանակ կլինեն երգի պրեմիերաներ՝ ավելի քան 7 նոր երգ։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի \Citylife.am\