Սեպտեմբերի 11-ը օրացույցում

Սեպտեմբերի 11-ը համամարդկային օրացույցում նշված է սև գույնով։ Հենց այս օրը՝ 16 տարի առաջ, կատարվեցին ահասարսուռ ահաբեկչությունները ԱՄՆ մի քանի քաղաքներում, որոնք խլեցին հազարավոր կյանքեր։

2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները իրականացվել են <<Ալ-Քաիդա>> ահաբեկչական կազմակերպության մահապարտ-ահաբեկիչների կողմից։ Այդ առավոտյան ահաբեկիչների 4 խումբ՝ ընդհանուր 19 հոգի, զավթեցին չորս ուղևորատար ինքնաթիռ։ Դրանցից երկուսը ահաբեկիչներն ուղղեցին դեպի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակները, որոնք գտնվում էին Նյու-Յորքում՝ Մանհեթենի հարավում։ Բախման արդյունքում երկու աշտարակները փլուզվեցին՝ լուրջ փլուզումներ պատճառելով նաև հարևան շինություններին։ Երրորդ ինքնաթիռը ուղղվեց դեպի Պենտագոն, որը գտնվում է Վաշինգտոնից ոչ հեռու։ Չորրորդ ինքնաթիռի անձնակազմն ու ուղևորները փորձեցին խանգարել ահաբեկիչներին և նրանցից խլել ինքնաթիռի կառավարումը․ արդյունքում ինքնաթիռը  ընկավ Փենսիլվանիա նահանգի դաշտերից մեկում։

Ահաբեկչությունների արդյունքում մահացավ 2977 մարդ՝ չհաշված 19 ահաբեկիչներին․ ևս 24-ը անհետ կորած են համարվում։  Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձինք են եղել։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը դարձավ պատմության մեջ խոշորագույնը զոհերի թվով։

2002 թ-ից ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ սեպտեմբերի 11-ը ԱՄՆ-ում նշվում է որպես <<Հայրենասերի օր>>, իսկ 2009-ից այդ օրը նշվում է նաև որպես <<Ծառայության ու հիշատակի համազգային օր>>։ Այդ օրը նվիրվում է ահաբեկչության զոհերի, ահաբեկչությունից հետո իրենց կյանքը զոհած փրկարարների, ոստիկանների ու զինվորականների հիշատակին։

 

Նյութը՝ Խաչատուր Փանոսյանի /Citylife.am/